Լրագրողի, նրա դերի, ազատության և էլի այլ հարցերի մասին

Հարցազրույց Զինուժ հեռուստածրագրի մեկնաբան և լրագրող Դավիթ Դավթյանի հետ

-Ի՞նչ եք կարծում՝ մեդիայի նպատակը հաղորդելն է այն, ինչը հետաքրքրում է լսարանին, թե՞ վերջինիս մտահորիզոնն ընդլայնելը։ 

-Մեդիայի նպատակն իրականում երկուսն է։ Առաջինը, իհարկե, մտահորիզոնն ընդլայնելը, որովհետև եթերում ներկայացվում են և՛ Հայաստանի, և՛ արտասահմանի այն բոլոր թրենդները, որոնք կարող են զարգացնել մարդկանց մտահորիզոնն ու ճաշակը, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով առաջին հերթին հանրության լրատվական պահանջը բավարարելն է։ Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իմանալ՝ ինչ է կատարվում իր շուրջը՝ Հայաստանում և աշխարհում։ Հենց այդ գործառույթն էլ իրենց վրա կրում են լրագրողները և պարտավոր են ու ստեղծված են նրա համար, որպեսզի պատրաստեն բավարար քանակով տեղեկություն հանրության լրատվական պահանջը լրացնելու համար։

-Ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, լրագրողի աշխատանքը Հայաստանում։ Արդյո՞ք լրագրողն ազատ է արտահայտել իր միտքը։

-Կարծում եմ՝ բավականաչափ, այո։ Եթե հետևենք լրատվական հոսքին, ապա ըստ էության չկա մի տեղեկություն, որը կարող է թաքցվել։ Եթե տասը կամ քսան տարի առաջ կարողանում էին սահմանափակել լրագրողի ազատությունը, որպեսզի տվյալ ինֆորմացիան չհրապարակվի՝ հիմա արդեն բավարար միջոցներ կան։ Եթե լրագրողը լրատվամիջոցով չի կարողանում ներկայացնել ինֆորմացիան, ապա նա ունի իր սոցիալական ցանցի էջն ու այդ առումով ավելի անկախ է։ Ընդ որում՝ քանի որ մեդիա դաշտը չի սահմանափակվում միայն հեռուստատեսությամբ, ռադիոյով և մամուլով, այդ դեպքում բավականին մեծ խնդիր է իր վրա կրում համացանցը։ Համացանցային լրատվությունն անկառավարելի է, և հնարավոր չի սահմանափակել խոսքի ազատությունը։ Երբեմն բլոգերները նույնպես կատարում են լրագրողի պարտականություններ։ Այսինքն՝ ով ինչ ինֆորմացիա ցանկանում է, որտեղ և ինչպես ցանկանում է՝ հրապարակում է։ Հետևաբար այսօր խոսքի ազատության սահմանափակման մասին խոսելը, կարծում եմ՝ բավականին ժամանակավրեպ է։

-Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ թերի կողմեր ունի հայաստանյան մեդիան։

-Իմ խորին համոզմամբ, գլխավոր խնդիրը պրոֆեսիոնալիզմի պակասն է։ Մենք բավական երկար ժամանակ աշխատում ենք լրագրության մեջ, փորձում ենք ինչ-որ նորամուծություններ անել՝  հետևելով արտասահմանյան մեդիա դաշտին, բայց իրականում բավականին թերի ենք աշխատում։ Եթե հետևենք լրատվական հոսքին, ուշադիր դիտենք, թե ինչպես են աշխատում լրագրողները, ինչ ձևակերպումներ են օգտագործում, հարցազրույցի ընթացքում հյուրերին ինչպես են վերաբերվում. իմ կարծիքով՝ այդ ամենը երբեմն չափազանց ոչ պրոֆեսիոնալ է։ Այդ առումով ունենք զարգանալու շատ մեծ խնդիր, որովհետև լրագրողը չպետք է սահմանափակվի միայն ռեպորտաժ պատրաստելով և կատարվածը ներկայացնելով։ Եթե նա ցանկանում է մի փոքր վերլուծական տեսքի բերել իր նյութը, ապա պետք է զբաղվի նաև ինքնազարգացմամբ։ Այդ առումով, առաջին հերթին, կարծում եմ՝ պետք է շատ ընթերցել, դիտել ֆիլմեր և տարբեր տեսանյութեր, որոնք ուղղորդող են, և իհարկե, հետևել միջազգային լրահոսին, որովհետև միջազգային լրագրողները շատ սրընթաց կերպով են լուսաբանում իրադարձությունները և կարողանում են ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին դատողություններ անել և ընտրել ձևաչափ, որով կարելի է գրավել հեռուստադիտողին։ Մեզ մոտ մի նորություն լինում է ու հնարավոր է երկու ամիս չլինի, իսկ դա ձանձրացնում է. պետք է հեռուստադիտողին գրավելու բազմաթիվ մեխանիզմներ կիրառել։

 -Ճի՞շտ հասկացա՝ լավ լրատվություն տրամադրելու հիմնական ձևը տեսնում եք հենց գիտելիքի՞ մեջ։

-Իհարկե, առաջին հերթին գրագիտությունն է, հետո կրեատիվը։ Կարծում եմ՝ դասական լրագրության տարբերակով առաջնորդվելը սառը ազդեցություն կարող է թողնել։ Այդ պատճառով կրեատիվը ևս շատ կարևոր է։ Լրագրողը միշտ պետք է մտածի տարբեր ձևով իրադարձությունը ներկայացնելու մասին։ Պատկերացրեք՝ միջոցառում է, ներկա են քառասուն լրագրող և պետք է էնպես անես, որ դու մնացած 39-ից տարբերվես քո նյութերով։

-Եվ վերջին հարցը, որն իսկապես կարևոր է հատկապես Հայաստանի պարագայում. ի՞նչ եք կարծում, հայաստանյան մեդիան ունի՞ բավարար միջոցներ՝ լրագրողներին պատերազմական գոտիներ ուղարկելիս՝ նրանց կյանքի ապահովագրման համար. չէ՞ որ ապրում ենք պատերազմական երկրում, և այս խնդիրը շատ կարևոր է։

-Լրագրողի կյանքը սահմանին ապահովագրել որևէ մեկը չի կարող։ Եթե հնարավոր լիներ ապահովագրել լրագրողի կյանքը՝ նույն ձևով կապահովագրվեր նաև զինվորինը։ Էստեղ ոչ թե կյանքի և գոյության խնդիրն է, այլ անվրեպ աշխատանքը։ Լրագրողները մինչև առաջին գիծ մեկնելը պետք է տիրապետեն բավականին շատ գիտելիքների, որպեսզի չպատրաստեն էնպիսի նյութեր, որոնք թիրախ կհանդիսանան հակառակորդի համար։ Եթե մարտական հենակետում ռեպորտաժ է պատրաստվում, չպետք է տվյալ նյութի պատճառով հաջորդ օրն այդ դիրքը տուժի։ Այսինքն, չպետք է ներկայացվի տարածքը, տեղանքը, այդ դիրքի սպառազինությունը։ Լրագրության մեջ հիմա ունիվերսալիզմն է ընդունված, այսինքն՝ լրագրողները նյութեր պատրաստում են բոլոր ոլորտներով, բայց ռազմական լրագրությունն, իմ կարծիքով, շատ առանձնահատուկ ոլորտ է և պետք է դրան առանձին անդրադառնալ՝ հատուկ մասնագետներ պետք է աշխատեն այդ ուղղությամբ, որովհետև ոչ միայն պատերազմական, այլև խաղաղ պայմաններում շատ կարևոր է առաջնագծի ռեպորտաժը։ Պետք է գիտակցել գոնե ամենապարզ պատճառը. տրամադրվող ինֆորմացիան և կադրերը տեսնում է ոչ միայն մեր հանրությունը, այլ նաև հակառակորդը։ Եվ շատ դեպքերում դրանք հատուկ վերլուծությունների են ենթարկվում, հնարավոր են նաև պատասխան գործողություններ, որոնց մասին գուցե չիմանանք։ Գուցե չպատկերացնենք, որ դա մեր նյութի հետևանքով է, բայց անուղղակի կերպով մենք ազդեցություն կունենանք ինչ-որ դժբախտության գործում։