anahit aharonyan

Խաղաղասեր երիտասարդներս

Վերջերս շատ է օգտագործվում «խաղաղություն» բառը: Բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ խոսում են դրա մասին, ժողովրդին կոչեր են անում, որ պետք է խաղաղություն հաստատվի: Բայց եկեք հասկանանք, թե ինչ է խաղաղությունը: Ես անընդհատ տալիս եմ այս հարցն ինքս ինձ և ամեն անգամ նոր պատասխաններ եմ ստանում: Այս պահին ինձ համար խաղաղությունն այն է, երբ դու երջանիկ ես այն հասարակությունում, որտեղ ապրում ես, դու ինքդ քեզ աջակցված ես զգում, գլուխդ բարձին դնում ես այն մտքով, որ ամեն ինչ լավ է և ավելի լավ է լինելու:

Իսկ ինչպե՞ս պետք է խաղաղությունը հաստատվի: Բացի բանակցություններ վարելուց, ինքներս մեզ խաղաղությանը պատրաստելուց` կա մի շատ կարևոր նախադրյալ (դե, ինձ համար): Խաղաղության հաստատման մեջ երիտասարդներն էլ պետք է ներգրավվեն: Իմ կարծիքով` պետք է այնպիսի ծրագրեր կազմակերպել, որոնց շրջանակներում կոնֆլիկտների մեջ գտնվող երկրների երիտասարդները իրար հանդիպեն, ծանոթանան միմյանց մշակույթների հետ, հասկանան, թե ինչ է կատարվում իրենց միջև:

Ես, օրինակ, մասնակցել եմ մի քանի միջազգային ճամբարների, որտեղ թուրք և ադրբեջանցի երիտասարդներ էլ կային: Նրանց հանդիպելուց հետո ես հասկացա, որ վատ ազգեր իրոք չկան, կան վատ մարդիկ: Նրանց հետ հիմա այնքան կապված եմ, որ թվում է, թե մենք նույն երկրում ենք ապրում՝ անընդհատ շփվում ենք, կիսվում մեր ազգերի ավանդույթներով և պատմությամբ: Այդպիսի մի ճամբարի ընթացքում շատ հետաքրքիր բան էր կատարվել: Վերջին օրն ադրբեջանցի աղջիկներից մեկը մոտեցել էր ընկերուհուս և ասել հետևյալ խոսքերը.

-Գիտե՞ս, ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են մեր ազգերը թշնամացել: Հա, պատճառը կա, բայց ո՞րն է նպատակը: Ես չեմ ուզում, որ մենք կռվենք, ուզում եմ, որ ես հանգիստ գամ քո երկիր, դու էլ` իմ, հանգիստ շփվենք ու հետևանքներից չվախենանք:

Բոլորս շատ էինք զարմացել, նման բան չէինք սպասում: Նրա խոսքերը շատ երկար ժամանակ գլխիս մեջ էին, ուշքի չէի գալիս: Կարճ ժամանակ անց միայն հասկացա, որ նա լիովին ճիշտ է:

Մենք` երիտասարդներս, պատերազմ չենք ուզում, չենք ուզում ոչ մեկին սպանել կամ վիրավորել նրա համար, որ նա չունի նույն մաշկի գույնը, կրոնը, ապրելաձևը, ինչ մենք: Մենք ուզում ենք ապրել խաղաղ, ճամփորդել, կիսվել մեր կյանքի հաջողություններով, ուղղակի կյանքը վայելել: Ու մենք հուսով ենք, որ այս կոչերը տեղ կհասնեն, մարդիկ կլսեն մեզ և կմիանան:

Խաղաղ օր բոլորիդ: