sona ghavalyan

Երգ խաղաղության

Իմ Տավուշը անձեռակերտ ու քարակերտ ամրոց է, քարեղեն ու խոսուն կենսագրություն, բեզարած ռանչպարի արոր ու մաճ, և ոչ թե լոկ հող, պատմական տարածք կամ էլ թշնամու համար պատերազմի թատերաբեմ։

Սա սիրո ու արարումի երկիր է․ ամեն բուռ հողի մեջ գյուղացու քրտինքով ձեռք բերած վաստակը կա, դաշտային ամեն ծաղկի բույրի մեջ՝ մանկան արևավառ ժպիտը,  բարձր լեռների ու դյութական սարերի գրկում ամեն մեկիս թաքուն պահած երազանք կա, բայց և այնպես, բոլորը միահյուսված, բոլորի շուրթերին էլ՝  խաղաղություն գրված․․․

Եվ նորից մենք պարտադրված ենք  գիշերը կրակոցի ձայներից չքնել, իսկ այգաբացին վերստին մեր մտքերի մեջ կորսված՝ մեր չջրած այգու ու չհնձված արտերի մասին մտածել․․․

Ուզում եմ ամեն առավոտ առաջվա նման նորից հեծանիվս վերցնել ու մտքերիս հետ ծալ-ծալ թերթվող դաշտերի մեջ խորանալ։ Ուզում եմ ոսկի հասկերի եզրին նստել ու ծղրիդի ձայների ներքո խճճված մտքերիս կծիկն ի մի բերել, հետո նայել ծավի երկնքին ու խորհել․ արդյո՞ք ամենասիրուն գույնը երկնագույնը չէ, մի՞թե խաղաղաբեր գույնը երկնագույնը չէ։ Նայել արևից խանձված արտերին ու դրա մեջ էլ գեղեցիկը տեսնել, և մտքերի խոժոռ բեռից ծանրացած՝  հասկերի մեջ պառկել ու քնել՝ ասես Տավշո աշխարհի հոգին չի վրդովվել երբեք։ Երազիս մեջ դարձյալ երկնքի կապույտը ու քամու՝ մեղմ շնչից օրորվող մայրացած հասկերը տեսնել․․․ Երեկոյան արթնանալ մայրամուտի՝ հրդեհի մատնած բոսորաթույր լույսի հունձքից և սպասումի հայացքով մայրամուտին նայել ու հրաշեկ կտավի մարող երանգները հաշվել։

Մտմտալով ու հոգոց հանելով բռնել կածանը վերադարձի՝ կրկին ու նորեն խորհելով մարդու անմիտ քայլերի ու, չգիտես՝ ինչու, հավերժորեն կրկնվող պատերազմների մասին․․․