ani tadevosyan lori

Խաղաղություն պատերազմի մեջ

Ամռան մի գեղեցիկ օր ես ծանոթացա մի կնոջ հետ, որը, չնայած իր կյանքի կորուստներին, շարունակում է անսահման սիրել իր կյանքը։ Այդ կինը՝ Աննա Սառոկինան, կարողացել է խաղաղություն գտնել պատերազմի մեջ։ Այն, ինչ իմացա այդ կնոջ մասին, ստիպեց ինձ վերանայել իմ պատկերացումները պատերազմող մարդկանց մասին։ Աննա Սառոկինան ծնվել է Լենինգրադում և ականատես է եղել լենինգրադյան շրջափակմանը։ Պատերազմի ժամանակ նա եղել է ընդամենը 10 տարեկան, և չնայած այդ տարիքին, շատ լավ է հասկացել, թե շուրջը ինչ է կատարվում։ Նրա հետ զրուցելիս ես հասկացա, որ խաղաղությունը ամենուր է՝ նույնիսկ այդ պատերազմների մեջ, մնում է միայն խաղաղությանը տեղ տալ մեր սրտերում։

Աննա Սառոկինան ապրում է Վանաձոր քաղաքում, և նրա համաքաղաքացին լինելու առիթը բաց չթողնելով՝ որոշեցի նրան այցելության գնալ։ Նա պատմում էր.

-Լենինգրադը այդ օրերին նմանվել էր մի քաոսի, որից կարծես ելք չկար։ Քաոս էր թե՛ քաղաքում, և թե՛ մեր հոգիներում։ Դեռ երեխա էի, երբ ստիպված էի լինում հաց հայթայթել իմ և իմ հարազատների համար։ Դպրոց չէի հաճախում, որովհետև դպրոցները վերածվել էին հիվանդանոցների։ Գիտես, չնայած ցրտին, մենք երբեք չէինք կտրում ծառերը վառելու համար, որովհետև մենք էինք տերը մեր բնության և մենք էինք պաշտպանում այն։ Մինչ պատերազմը փողոցում ծաղկում էին բազմաթիվ ծաղիկներ, բայց պատերազմը սկսվելուն պես ծաղիկները չորացան և անհետացան։ Փողոցով քայլելիս կարող էիր հանդիպել ուժասպառ եղած մարդկանց, որոնք պառկած էին այն վայրերում, որտեղ ժամանակին ծաղկում էին ծաղիկներ։

Շրջափակումից հետո մենք ստիպված էինք լքել Լենինգրադը, և մեզ բերեցին Հայաստան՝ Վանաձոր քաղաք։ Արդեն երկար ժամանակ է, ինչ Լենինգրադում չեմ եղել, իսկ պատճառն այն է, որ վերադառնալով հետ՝ անցյալ, ես հիշում եմ այդ օրերը, և ներկաս պարուրվում է այդ օրերի տեսիլքներով։

Աննա Սառոկինայի ձայնը դողում էր, իսկ աչքերն ինձ պատմեցին ամեն ինչ սկզբից։ Նրա կապույտ աչքերը լցվել էին դառը արցունքով, իսկ նրա միտքը ապրում էր անցյալի հուշերով։

Կյանքի դառնություններն այդ փխրուն կնոջը չէին չարացրել։ Նա երբեք չի բողոքում ու չի տրտնջում, այլ ամուր կաղնու պես կառչած է մեր հողին։ Անտեսելով որդու առաջարկը՝ մեկնել Ռուսաստան և ապրել այնտեղ բարեկեցիկ կյանքով, նա դեռ շարունակում է ապրել Վանաձորում։

Ես հպարտանում եմ այդ կնոջով և բոլոր նրանցով, ովքեր չնայած ցրտին, քաղցին՝ պահպանել և շարունակել են հավերժական սիրով սիրել այն քաղաքը և երկիրը, որը անվանել են իրենց հայրենիքը։