Meline Hayrapetyan

Խաղաղ առավոտների պատրանքը

Լույսն անշտապ բացվում էր այնպիսի խաղաղությամբ, ասես աշխարհում ամեն բան իր տեղում էր, կարծես բոլոր շունչ ունեցողներն ու դրանից զրկվածները այդ առավոտ արթնանալու էին երջանիկ թեթևությամբ։

Այնքան համոզիչ էր պատկերը, որ ես կատարյալ մոռացության էի տվել այն փաստը, որ այսպիսի մի վարակիչ խաղաղությամբ էր րոպե առ րոպե բացվել նաև, օրինակ, 1889թ.-ի ապրիլի 20-ը, երբ Վերին Ավստրիայի մի անիծյալ անկյունում՝ աշխարհում հարյուր հազարավոր ուրիշ մանուկների պես իր աչքերը բացեց Ադոլֆ անունով ու չարագուշակ ազգանունով այդ ժամանակ դեռ իր կարճատև անմեղությունը ապրող մեկը։ Երևի այդ առավոտ ինձ նման մի երազող խաղաղության մասին նույն հեքիաթն էր ներշնչել իրեն՝ գաղափար իսկ չունենալով, որ հենց այդ պահին բացված զույգ անմեղ աչքերը անթարթ հաճույքով դիտելու էին հեղինակային մի կոտորած։ Հետո շղթայակապ օրենքով նման խաղաղություններ էլի շատ կրկնվեցին, ասենք՝ 1914 թ. հուլիսի 28-ին։ Այդ առավոտ ոչ մի մարգարե չէր կռահում, որ ամառային գեղեցիկ օրը հետո, պատմության մեջ մտնելով, սերունդների մոտ սարսուռ է առաջացնելու՝ իբրև առաջին «համամարդկային խաղի» սկիզբ։ Հետո գարնանային նոր կյանք ազդարարող հանգստությամբ բացվելու էր 1915թ․ ապրիլի վերջին տասնօրյակի չորրորդ օրը՝ նորից ոչ ոք չէր կարող երևակայել անգամ, որ այդ հանդարտ առավոտվա երկինքը ժամեր անց ականջ է դնելու հազարների ճիչերին։ 1937թ․, 1939թ․, 1945թ․․․․ Շարքը շարունակելը ցավալիորեն երկար կտևի։ Մոլորակի պատմության բոլոր արյունոտ ամսաթվերին նախորդել են խաղաղ ու գեղեցիկ առավոտները։ Այդ օրը, այդ պահին, սակայն, ես այսքանի մասին չէի մտածել ու ոչ մի առավոտ էլ չեմ մտածել, հակառակ դեպքում վեր կենալու ու օրը ապրելու ցանկությունը իսկույն կմեռներ։

Արդեն կատարյալ լուսացել էր։ Խաղաղության մասին մտքերով քայլերս ուղղեցի դեպի դուռը։ Այն բացելու ու խաղաղությունը ներս խոթելու մի անդիմադրելի ձգտում ունեի։ Դեռ չգիտեի, որ գալու է մի ժամանակ, երբ ամեն եկող օրվա հետ ես ցանկանալու եմ ավելացնել դռների քանակը՝ դրանք երբեք չբացելու երազանքով։ Դա այն ժամանակ էր լինելու, երբ ես լիարժեք ճանաչելու էի աշխարհը ու նրա կեղտից պատսպարվելու հուսահատ փորձեր էի մտածելու։

Դուռը բացելուց հետո, անմիջապես, ուշադրությունս գրավեց անսովոր մի ձայն։ Կանգնած իմ պատրանքների խաղաղության մեջ՝ հայացքով սկսեցի փնտրել դրա հեղինակին, ու կարճատև որոնումներս հայացքս ուղղեցին դեպի բակի խորքը, որտեղ անհիշելի ժամանակներից բանտված մի բարեկամ ունեինք՝ սպիտակ ու մեծ շունը։

Երկաթե շղթան կոկորդին ամրացված՝ նա աղերսագին իր զույգ աչքերով ուտում էր խիղճս։ Երկար ժամանակ բթացած իմ պատասխան հայացքն էլ կանգ էր առել նրա վրա։ Հետո միայն հասկացա, որ հայացքի ու անսովոր իր լացի հետևում ազատության հույսն էր պահել։

Ո՞վ գիտե, երևի ամեն առավոտ ինձ ու բոլորիս նույն այս անօգնական կերպարանքով էր դիմավորել, բայց մենք, խաղաղ աշխարհի պատրանքով տարված, նրա առաջ խղճուկ 2 կտոր հաց էինք դրել՝ ազատության ճիչը խլացնելու անմիտ ցանկությամբ։

Կույր է մարդը իր զույգ գունավոր աչքերով։ Այնքան կույր, որ վայրկյաններ առաջ կարծել էր, թե աշխարհն իր երջանկության րոպեներն է վայելում։ Բայց ինչպե՞ս է նման բան հնարավոր, երբ նրա բնակիչներից թեկուզ մեկին երկաթե շղթան արգելում է շնչել։

Նայում էի պատկերին ու չէի կարողանում ներել ինձ ու բոլորին, ովքեր ազատ ապրել էին մեկի քթի տակ, ով զրկված էր դրանից։

Հիմա, երբ խեղճ այդ էակը գրավել էր ուշադրությունս, պարզորոշ նկատում էի, թե որքան էր մեծանում աչքերի թախիծը, երբ տեսադաշտում հայտնվում էր ուրիշ մի շուն՝ առանց կոկորդ ցավեցնող շղթայի։

Նայում էի աչքերին ու դրանցում տեսնում աշխարհի բոլոր բանտվածների խտացված վիշտը։

-Պապ, ինչի՞ բաց չենք թողնում էս խեղճին,- հայացքով շանը ցույց տալով սկսում եմ,- թող մի քիչ էլ ազատ ֆռֆռա։

-Իրա համար կապված ա, էլի,- անթաքույց անտարբերությամբ պատասխանում է հայրս, որին պատկանում էին շան պաշտպանի, դատավորի ու դատախազի միաժամանկյա դերերը։ Բոլոր անհրաժեշտ ընթացակարգերով նա էր վճռել, որ խեղճն իրավունք չունի ազատ ապրելու։

-Բայց ընդհանրապես տրամաբանական չի, չէ՞, պա՛պ, բոլոր հարևանների շները ազատ են, ինչի՞ ա հենց մեր Դանին բացառություն (շանը Դանիել անունն էինք տվել, չնայած՝ հետո շոկային բացահայտում եղավ ու պարզվեց Դանիի՝ իգական սեռին պատկանելը, բայց շնորհիվ Մաշտոցի՝ այդ հարցը լուծվեց նրա անվանը վերջից ընդամենը ա տառն ավելացնելով… և վերջ, Դանիելլան կնքված էր)։

-Ինչի՞ ես խորացել, հենց Դանին ա բացառություն, որովհետև հենց ինքն էր մի քանի ամիս առաջ հարևանի էրեխու վրա հարձակվել։ Վտանգավոր ա։

Դանին չարություն էր արել ու մարդկային օրենքներով պատժվելով՝ զրկվել ազատությունից։ Բայց կա արդյոք գոնե մեկ երաշխիք, որ մյուս ազատ շները ինչ-որ մի օր չեն անի չարություն, կա՛մ արդեն չեն արել, կա՛մ հենց այս պահին չեն անում։ Այդ դեպքում թող բոլորը իրենց շների վզին նման մի ծանրաքաշ շղթա փաթաթեն ու ինձ ազատեն հոգի հանող այդ անհավասար տեսարանից, Դանիին ազատեն իր ու իր նմանի ծայրահեղ տարբեր կենսաձևերից։

-Պա՛պ, արի ազատենք, հա՞, Դանիին։ Հաստատ էլ վատ բաներ չի անի։

-Ի՞նքն ա ասել, որ չի անի,- լուրջ դեմքով հարցնում ա պապան էնպիսի տոնով, ասես րոպե առաջ իր համար իմաստ չստացած էդ խոսակցությունից ազատվել է ուզում։

-Խոսք ա տվել, Դանին էլ իրա խոսքի տեր տղա ա,- հակահարված եմ տալիս ես՝ Դանիի աղջիկ լինելու հետ էդպես էլ չհամակերպված տոնով։

-Լավ,- իր բնավորության համաձայն չի կարողանում ինձ մերժել հայրս ու հետո ավելացնում ժպտալով,- բայց եթե քեզ հոշոտի՝ էլ չեմ խառնվելու, որովհետև Դանին իրա խոսքի տեր տղա ա։

Շուտով սկսվեց Դանիի արդարացման ու ազատման գործողությունը։ Ինձ թվում էր, որ մոլորակը իր ծնունդից մինչև այդ պահը երբեք նման գեղեցիկ տեսարանի ականատեսը չէր եղել։

Շղթաներից ազատվելուն պես անբնական մի ցատկով դուրս պրծավ իրեն տհաճ պահեր պատճառած օթևանից։ Հետո էլ երբեք չտեսա նրան այդ կողմերում։ Անձրև, ձյուն, անտանելի շոգ․․․ Կարևոր չէր, բնության ոչ մի ճնշում նրան չտարավ իր նախկին տունը։ Գերադասում էր թրջված ու արևահարված իր ազատությունը։

Մի օր էլ այն պահին դուրս եկա տնից, երբ Դանին բակի անկյունում իր սպիտակ թաթերով հողն էր փորում։ Երկար հետևեցի տեսնելու համար, թե ինչ կա մտքին..․ և ինչ՝ փորած հողի կողմն էր քարշ տալիս շղթաները, որով կապված էր եղել երկար ժամանակ։ Հետո տեղավորեց դրանք հողի տակ ու արագ-արագ ծածկեց հողը։

Դանին թաղեց անազատության իր կապանքները, որ էլ ոչ ոք չկարողանա բանտել իրեն։

Հիմա նա ազատ է ու թեև ամեն օր իր բարձր թռիչքով օդից պոկում է մորս փռած լվացքն ու աստվածային անեծքների է արժանանում, բայց մենք բոլորս ուրախ ենք, որ Դանին էլ ազատ է մեզ պես, որ մենք չենք ամաչում նրա մոտ մեր ազատության համար։ Չարություններ անելիս էլ անգամ մեզնից ոչ ոքի մտքով չի անցնում, որ կարելի է նրան նորից զրկել ազատությունից։

Մի միտք խելագար պտույտով տակնուվրա է անում գլուխս։ Մտածում եմ՝ որքան հրաշալի կլիներ ամեն բան, եթե մոլորակի վրա գտնվող բոլոր բանտված էակները վերստին գտնեին իրենց ազատությունը նույնքան հեշտությամբ, որքան Դանին։

Պաշտպանները համոզեին դատավորին, որ մեղադրյալն էլ երբեք չարություն չի անի (ինչպես ես էի համոզում) դատավորը հավատար դրան ու մեղադրյալի ձեռքերը ազատեր երկաթե շղթաներից (հորս նման), իսկ մեղադրյալն էլ՝ պահելով խոստումը, իսկապես էլ երբեք չարություն չաներ (ինչպես Դանին)։ Անգամ լվացք չպոկեր։

Այդ ժամանակ միգուցե առավոտները բացվեին ոչ թվացյալ երջանկությամբ։