Խաղատանը

Լուսանկարը` Մուշեղ Բաղդասարյանի

Փոքր հասակից գիտեի, որ պապս առավոտյան գնում էր տնից և միայն կեսօրից հետո տուն գալիս: Այն ժամանակ կարծում էի, թե պապս աշխատանքի էր գնում, բայց երբ մեծացա, հասկացա, որ ամենևին էլ այդպես չէ: Սկսեցի հարցուփորձ անել, և պարզեց, որ… Պապս գնում էր խաղատուն: Չկարծեք թե մերօրյա խաղատների մասին է խոսքը: Մեր գյուղինը մի հնամաշ կառույց է, որտեղ հավաքվում են բացառապես ծեր տղամարդիկ ու կազմակերպում տարատեսակ «առաջնություններ»: Օրինակ` պապս ամենալավ նարդի խաղացողն է: Սրանից զատ, նա ամենածերն է, բայց արտաքինով` երիտասարդներից մեկը: Չկա օր, որ պապս «ներկա» չստանա:

Սակայն տարիներն անցնում են, և պապս կորցնում է իր հին ու ամենալավ ընկերներին: Մեկ տարի առաջ նա կորցրեց վերջին ընկերոջը: Այդ օրերին նրա հետ խոսելն անհնար էր: Բայց դե ինչ արած, կյանքն այդպիսին է, այն պետք է ընդունել և’ լավ և’ վատ կողմերով:

Մի օր էլ որոշեցի գնալ և աչքովս տեսել, թե նա ինչ է անում այնտեղ: Եվ այսպես, ես «խաղատանն» եմ. պապս ընկերոջ` Ռազմիկ պապիկի հետ թղթախաղ է խաղում, կողքս նստած Արամայիս պապը քաղաքականությունից է խոսում և քննադատում քաղաքական գործիչներին. «Սաղին պիտի քշել Մագադան, Վորկուտա…»,- պարբերաբար ասում է նա: Արտեմ պապը նյարդայնացած նարդի է խաղում (հավանաբար պարտվում է), Վազգեն պապն էլ, վառարանի կողքը նստած, ծխամորճը մաքրելով, հեռուստացույց է դիտում:

Վաղը նրանք նորից կգան «խաղատուն», որ ծերանոց են անվանում, ինչպես նաև մյուս օրը, դրան հաջորդող օրը` առանց շաբաթ-կիրակի հաշվի առնելու ու կշարունակեն նորություններով փոխանակվել` ով է եկել, ով` գնացել, իսկ ով` մահացել: Նրանք ներկա են ստանում ամեն օր` դարձնելով այն կյանքի օրենք, ու հենց այդ օրենքին ենթարկվելով` մի օր նրանցից մեկը չի մասնակցի «համընդհանուր» քննարկմանը: