Խաղողօրհնեքը գյուղում, որը վաղուց եկեղեցի չունի

Ինչպես գիտեք՝  Խաղողօրհնեքը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Մարիամ Աստվածածնին նվիրված տոներից ամենահինը։ Իսկ Ջրաշենը Լոռու մարզի ամենահին պատմություն ունեցող և ամենամեծ գյուղերից է, որը սպիտակյան երկրաշարժից այս կողմ էլ եկեղեցի չունի․․․

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Օգոստոսի 13-ին Խաղողօրհնեք էր և զարմանալի չէր լինի, եթե Ջրաշենում այդ տոնը չնշվեր, բայց արի ու տես, որ ջրաշենցիները չկանգնելով ոչնչի առաջ նույնպես մեծ տոնախմբությամբ նշեցին տոնը․ դե վերջիվերջո մշեցիներ են, իսկ մշեցու «չոր կողը» թույլ չի տա որևէ նպատակից ետ կանգնել։
Երևի հարց առաջացավ, թե, եթե չկա եկեղեցի, ապա որտե՞ղ արվեց Խաղողօրհնեքը։

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Նախ սկսեմ նրանից, որ միջոցառման նախաձեռնողն էր ջրաշենցի, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի փոխնախագահ Ատոմ Մխիթարյանը: Իսկ միջոցառումն անցկացվեց «Մայրություն» հուշարձանի մոտ, որը տեղադրված է գյուղի կենտրոնում՝ երկրաշարժից ավերված դպրոցի տեղում և որը ստեղծվել է մեկ տարի առաջ, կրկին Ա․ Մխիթարյանի նախաձեռնությամբ և նրա մոր՝ Հրածին Հովհաննիսյանի հիշատակին, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դոցենտ, քանդակագործ Էմին Պետրոսյանի ձեռքով:

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Խաղողօրհնեքի կարգը կատարելու էր եկել Սպիտակի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը։
Իսկ ջրաշենցիներին՝ «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում ողջունելու էր եկել «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի գուսանական համույթը»։ Իրենց համագյուղացիների համար ելույթ ունեցան նաև ջրաշենցի տաղանդավոր երեխաները։

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Իհարկե ողջունելի է, որ ջրաշենցիները, թեև զուրկ լինելով հոգևոր պահանջմունքները բավարարող կառույցից, միևնույնն է չեն մոռանում ազգային-եկեղեցական տոները։ Սակայն եկեք համաձայնեք, որ բնակավայրում եկեղեցու առկայությունը էական նշանակություն ունի ժողովրդի հոգևոր կյանքի ճիշտ կարգավորման համար։ Իսկ եթե չկա եկեղեցի, բնակիչները հազվադեպ են շփվում կամ չեն շփվում հոգևորականի հետ, ապա բնականաբար մարդիկ իրենց հոգևոր պահանջմունքները բավարարելու ուղիները կամա, թե ակամա սկսում են փնտրել աղանդների մեջ, որոնք ամենուր են և շատ հաճախ եկեղեցուն դեմ։ Կամ քիչ-քիչ մարում է հավատը մարդկանց մեջ։

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Մենք շատ ենք լսում, որ այս կամ այն բարերարը եկեղեցի է կառուցել, և շատ հաճախ ստացվում է այնպես, որ մի բնակավայրում վեր են հառնում մեկից ավելի եկեղեցիներ և մեկը մյուսից շքեղ։ Ես չեմ անրադառնա դրա լավ ու վատին, այլ խոսքս կուղղեմ այն բարերարներին, որոնք այնուամենայնիվ որոշել են եկեղեցի կառուցել, հիշե’ք, այս՝ Ջրաշեն գյուղը, ուր խաղողօրհնեքը նշում են եկեղեցու բացակայությամբ․․․

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի