Խաչի երևման տոնը Ապարանի Սուրբ Խաչում

Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի

Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի

Մայիս ամսին նշվող կարևոր տոներից է Սուրբ Խաչի երևման տոնը: Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշեց Սուրբ Խաչի երևման տոնը: Ս. Խաչի երևման տոնը նշվում է Զատիկից 28 օր հետո:Այն հիշատակություն է Երուսաղեմի երկնքում խաչանման լույսի երևման:

351 թվականի մայիսի 7-ին՝ ցերեկվա երրորդ ժամին, Երուսաղեմի երկինքը փայլատակվում է տերունական խաչի նշանով, որը հայտնվելով՝ տարածվում է Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը: Խաչի պայծառ երևումից մթագնում է անգամ արեգակի լույսը: Խաչանման լույսը երևացել էր Քրիստոսի Խաչափայտի առաջին անգամ երևան գալու ժամանակ: Այս անգամ նույնպես խաչի նշանը Երուսաղեմի երկնքում տեսնում են բազմաթիվ մարդիկ և դարձի են գալիս: Երկնային այս հրաշքի առիթով Երուսաղեմի այդ ժամանակվա հայրապետ Կյուրեղ Երուսաղեմցին նամակ է ուղարկում Կոնստանդին Բ կայսրին: Նամակը 5-րդ դարում թարգմանվում է հայերեն և մինչ օրս տոնի առթիվ կարդացվում է Հայոց եկեղեցիներում: Խաչի երևման տոնը առավել մեծ ոգևորությամբ տոնվում է Սուրբ Խաչ անունը կրող եկեղեցիներում: Այդ տոնը հավատացյալ ժողովրդի շրջանում առավել հայտնի է որպես Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օր:

Հանրապետության տարբեր քաղաքներից, գյուղերից, քաղաքամայր Երևանից այսօր Ապարան էին հասել հարյուրավոր ուխտավորներ: Ամենայն Հայոց հայրապետի օրհնությամբ Քրիստոսի Սուրբ Խաչափայտի մասունքը այս տարի ևս բերվել է Ապարան: Վաղ առավոտից Ապարանի Սուրբ Խաչը հյուրերի պակաս չուներ: Ամենից հատկանշականը Ապարանի հոգևոր հովվության, մասնավորապես Տեր Մուշե քահանա Վահանյանի և Տեր Սարգիս քահանա Սարգսյանի տածած հոգատարությունն էր առ հավատացյալները: Պատարագիչ քահանան Տեր Մամբրե Պատուրյանն էր, ում տարիներ առաջ շնորհ էր արվել վերաշինված, վերաօծված տաճարում մատուցելու առաջին Սուրբ Պատարագը։ Տեր Հայրը իր քարոզում նշեց, որ եկեղեցին այսօր նաև նշում է վերաօծման 15-րդ տարին (2002, մայիսի 5):

Դե ինչ, սիրելիներս, Սուրբ Խաչը բոլորիս պահապան ու զորավիգ: Ստորև ձեզ եմ ներկայացնում կադրեր այս օրվանից.