inesa zohrabyan

Խառը մտքեր

Հա, վաղուց չեմ գրել ու նաև գիտեմ, որ դժվար էլ հիշեիք իմ չգրելու մասին: Հիմա էլ գրում եմ, որովհետև խառը մտքեր կան ու որոշեցի, որ իրենց հետ քայլելով մի բան կստանամ: Նախ չէի գրում, որովհետև շատ բաներ կային ասելու, բայց չգիտեի ինչպես տեղ հասցնել ու ընտրեցի լռության տարբերակը: Բայց հիմա գրում եմ ու ընթացքում ինչ ստացվեց` ստացվեց:

Էս ամառը շատ գրքերի, նոր ծանոթությունների ու ինքնահարցումների ամառ էր: Երևի խոսեմ օրերի մասին: Հա, օրերի: Օրերը իրոք սիրուն են, ու ես էլի մտածում եմ, որ նույն օրերն են տարբեր ամիսների անուններով, ու կապ չունի նաև եղանակը, ամբողջը մեր տրամադրվածության արգասիքն է: Իսկ ամենամեծ բանը ստացա ամռան վերջին օրը, երբ նստած մտածում էի, որ երբ գլխացավ ենք ունենում, դեղ ենք օգտագործում, որ ցավը  «թողնի»:  Իսկ ես ուրիշ բան եմ մտածում այդ ամենի մասին: Երբ դեղահաբ ենք օգտագործում, ցավը չի թողնում, այլ ժամանակավորապես չի թողնում զգալ մեզ ցավը, բայց մեկ է, մի քանի օր հետո նորից ցավեր ես ունենում, ու այ, դրանք էն  ցավերն են, որ ժամանակին, իբր դե անցկացրել ենք, ու ես որոշեցի գլխացավերը հաղթահարել դասական երաժշտություն լսելով, քնելով: Դուք էլ փորձեք:

Մեկ-մեկ վախենում եմ մտածել, թե ինչից եմ վախենում ու հիմա հասկացա, որ վախենում եմ չհասկացվածությունից: Տեսեք հիմա էսպես խառն եմ գրում, ու իմ կյանքը, առօրյան էլ է էսպես դրսևորվում:  Կարող է`  շատ սիրուն երաժշտություն միացնեմ, հետո նստեմ ու սկսեմ նայել մի կետի ու շատ մտածել, հետո քնել ու առավոտ զարթնել էդ մտքերից ամենասարսափելի միտքը գլխումս: Վայ,  բա որ սե՞նց  լինի:

Նորից կապը կորավ, գիտեմ: Խոսեմ իմ սենյակի մասին: Հիմա կասեք` սենյակի մասին ի՞նչ պիտի խոսի: Ուղղեմ: Խոսեմ իմ սենյակի ու մամայի հարաբերությունների մասին: Իմ սենյակը գերլցված վիճակում է: Մի անկյուն չես գտնի, որտեղ մի բան չկա, ու տարօրինակորեն էն աղջիկների սենյակներից չի, որ շորեր են դարսված միայն: Չէ, գրքեր են, որ կարդում եմ, գրքեր են, որ կարդացել եմ ու պահել եմ, որ սիրած մասերն էլի կարդամ, ու շտեմարաններ, որոնց հետ հեսա-հեսա շփվելու եմ: Էջանիշներ են, նոթատետրեր` ամեն մեկը հատուկ ինչ-որ բանի համար: Մամայի մասին. մաման շատ է սիրում կոկիկություն, իսկ իմ սենյակում էդ չկա, ու ես գտա լուծման ձևը. ուղղակի թողեցի նույն ձևով, ու մաման սկսեց սենյակս համեմատաբար քիչ մտնել ու չնյարդայնանալ: Ինչևէ, ես սիրում եմ խառը, գունավոր, իրար վրա դարսված շատ բաներ, իսկ թե ինչպես էդ ձևը  պահպանել` արդեն ասացի մի քիչ վերևում: Խառը լինել սիրում եմ, չգիտեմ, գուցե խառը չի, ուղղակի ես եմ էդպես կոչում դա: Այսքանը: