sona mkhitaryan

Խառը մտքեր

Գնահատել։ Սիրուն բայ է, չէ՞։ Մենք ամեն քայլափոխի հանդիպում ենք մարդկանց, ովքեր պաթոսով են արտահայտվում. գնահատիր այն, ինչ ունես ու նման բաներ, ու թվում է, թե նրանցից խելացի մարդ չկա այս աշխարհում։ Ընդունում ենք բոլոր ասածները, բայց ընդունել չի նշանակում` հասկանալ։ Խորհուրդ են տալիս, արտահայտվում են, մեզանից ու բոլորից խելացի են թվում, բայց որքանո՞վ են իրենք հասկանում այդ գնահատելու իմաստը։

Դուք երբևէ ապրե՞լ եք ներառական խնդիրներով տարբեր տարիքի անձանց հետ։ Հա, հենց ապրել։ Մեկ շաբաթ։ Շատ դժվար է քեզ չառանձնացնելը։ Զգում ես վախ, անհանգստություն, լարվածություն, հուզմունք, հաց չես կարողանում ուտել։ Նստելով մի սեղանի շուրջ, նայելով նրանց ու քեզ, մեղադրում ես քեզ ու նեղվում շատ։ Սայլակներով մարդիկ, աուտիզմ, մտավոր զարգացման խնդիր ունեցող մարդիկ, Դաունի համախտանիշ, տեսողության խանգարում, իսկ դո՞ւ։ Շուրջդ կանգնածները նայում են քեզ ու երազում են քայելու, տեսնելու ու մարդկանցից չառանձնացվելու մասին։ Իսկ դո՞ւ, ես ու մնացածը ի՞նչ ենք անում։ Մի փողոց ավել չենք քայլում, նստում ենք երթուղային, գիրք չենք կարդում, մեր ուզած կոշիկը չենք գտնում խանութում, ասում ենք, որ ամեն ինչ շատ վատ է։ Երբ շփվում ես, ձեռքն ես բռնում և պարում, հասկանում ես, որ ոչ թե նրանք են քեզանից մեկը, այլ դու ես նրանցից մեկը։ Երբեմն երեկոյան ժամերին, երբ բոլորս մի սենյակում էինք՝ գրեթե 40 հոգի, նայում էի շուրջս ու ինչ-որ բան խեղդում էր։ Նստում էի, նայում ու ինքնաքննադատությամբ էի զբաղվում։ Նրանք չէին հագնվում մոլերից, չգիտեին՝ ինստագրամի սթորին ինչ է, բայց գիտե՞ք՝ ոնց էին ուրախանում, երբ միասին պարում էինք, կամ ինչ որ հարցեր էինք տալիս, որ պատասխանեն։
Մեկ շաբաթում հասկացա, իմի բերեցի ու գնահատեցի այս կյանքում ամենակարևորը՝ թե ինչ արժեք ունի մարդկային կյանքը։
Գնահատել։ Սիրուն բայ է, չէ՞։