Anna Andreasyan

Խառը տպավորություններ

Ինչպես արդեն գիտեք, կամ գուցե դեռ չգիտեք, արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանում եմ: Բայց մինչև հիմա չեմ պատմել իմ առաջին տպավորությունների մասին, երբ տուն հասա: Հիմա ժամանակն է: Գիտես, երբ տանը չես լինում, անընդհատ մտածում ես, որ այս կամ այն բանը կանեիր, եթե տանը լինեիր: Կամ ասում ես, որ կարոտել ես ամեն ինչ, նույնիսկ այնպիսի բաներ, որ միշտ տանել չես կարողացել:

Եվ այսպես, իմ առաջին տպավորութունները բողոքների ու մեկ-մեկ էլ գոհունակության տեսքով են:

Ուրեմն, մեր երկար ու հոգնեցուցիչ թռիչքներից հետո, 14 ժամ Վիեննայում սպասելուց հետո վերջապես Երևան բերող օդանավի մեջ ենք: Ու նույնիսկ այդ պահին մի տեսակ դեռ չէի գիտակցում, որ այս անգամ կապող թռիչք չէ, այլ իրոք տուն էի հասնում: Իհարկե, ամեն ինչ ավելի հավատալի դարձավ, երբ հեռվից երևացին Երևանի լույսերը: Չես պատկերացնի՝ ինչ տարօրինակ զգացում էր: Բոլոր հայերով իրար ձայն ենք տալիս, թե՝ տեսեք, Երևանի լույսերն են: Հետաքրքիր էր տեսնել օտարերկրացիների հայացքները մեզ այդպես ոգևորված տեսնելիս: Մեզ համար Երևան հասնելը, մեկ տարի տնից հեռու լինելուց հետո, հայրենիքը այդքան կարոտած լինելուց և այդքան շատ մեր երկրի մասին ուրիշների մոտ խոսելուց հետո վերջապես տուն հասնելն էր: Հասնել այն հայրենիքը, որով հպարտանում էինք օվկիանոսից այն կողմ:

Վերջապես վայրէջք կատարեցինք: Չեք հավատա, որ ասեմ՝ վազում էինք դեպի բոլոր անցակետերը, որ վերջապես դուրս գանք մեզ դիմավորող բազմության մեջ: Եվ չնայած մեր այդքան ոգևորությանը, կար որոշակի հիասթափություն:

Հենց մտանք «Զվարթնոց» օդանավակայան, արդեն պարզ էր, որ Հայաստանում ենք: Չնայած մեր պայծառ ու ժպիտով լի դեմքերին, բոլորը շատ ջղային էին թվում: Հիմա հասկանում եմ, որ դա ուղղակի նրանց դեմքի մշտական արտահայտությունն է: Օդանավից դուրս գալուն պես արդեն սկսվեցին. «էս ինչ շոգ ա» բողոքները, որը արդեն մեկ ամիս է՝ շարունակվում են ամեն օր, մինչդեռ ԱՄՆ-ում մտածում էի, թե ինչքան կարելի է օդորակիչը միացրած պահել, մի քիչ էլ արևի ջերմությունը վայելեք: Այս ամենի հետ էլ մամային անընդհատ թվում էր, թե ես մրսում եմ:

Հետո մի քանի օր անցնում է, ու հասկանում ես, որ Հայաստանում այդպես էլ հերթ կանգնել չսովորեցին, իսկ ճշտապահությունը դեռ շատ ճանապարհ ունի անցնելու: Ու հենց այստեղ հասկանում ես, որ մշակութային շոկի մեջ ես:

Բայց դա մեկ-երկու շաբաթվա հարց է: Հետո արդեն այդքան սթրեսի մեջ չես ընկնում, այլ ուղղակի նյարդայնանում ես հարևան տատիկի հարցաքննություններից, տրանսպորտի մշտական ուշացումներից ու բոլորի անժպիտ հայացքներից:

Դե ինչ արած, սա էլ մեր հայրենիքն է՝ իր թերություններվ հանդերձ, որ միևնույն է, թանկ է ու հարազատ, որին այդքան կարոտել էինք: