gor matevosyan

Խավարի միջից լույս չի նշմարվում

Կրթական մակարդակի և որակի բարձրացման համար անհրաժեշտ են համապատասխան միջոցներ՝ ուսուցիչների կողմից լիարժեք մատուցում, մանկավարժական հմտություններ, հանրամատչելի գրականություն և այլն։ Կրտսեր դասարաններում երեխաները ծեծված ու նախորդ դարին բնորոշ տարբերակներով են ուսանում՝ զրկվելով սեփական կարծիք ձևավորելուց ու իրենց նախասիրություններով զբաղվելուց։ Սա վերածվել է արդեն համընդհանուր «փտախտի». մեզ հարկավոր են այլընտրանքային միջոցներ, հոգեբանական-դաստիարակչական աջակցություն, հետո միայն՝ ծրագրային նյութերի յուրացում։

Հիմնական ուսուցման համար նախատեսված դասագրքերը շատ հաճախ ողողված են լինում անպիտան ու վանող նյութերով, այնինչ պետք է դրանք լինեն գրավիչ, հետաքրքրություն առաջացնող, որպեսզի դրանցից օգտվողը գիտելիքներ ձեռք բերի՝ հաճելին օգտակարի հետ համատեղելով։ Հրատարակված գրքերում ամեն ինչ ավելի քան ստանդարտ է և միապաղաղ, իսկ շարադրանքների խրթինությունը խթանում է միայն ընթերցանության պակասեցումը։

Եթե ցանկանում ենք սերունդ կրթել, ապա անվերապահորեն պետք է ձեռնամուխ լինենք ստեղծագործ մտքի հզորացմանը։

Իսկ ինչ վերաբերում է բուհերում տիրող իրավիճակին, այստեղ ավելի գլոբալ խնդիրների ենք բախվում, ինչն էլ որոշ չափով ավագ դպրոցների «լճացումից» դուրս եկած ուսանողների անտեղյակության, մասնագիտական սխալ կողմնորոշվածության կամ չկողմնորոշվածության հետևանքն է։

Ամեն շրջանավարտ պետք է այն համոզվածությամբ մտնի բուհ, որ իր ուսերի վրա չի ծանրանալու միայն պարտավորվածության բեռը, այլ միջավայրը թույլ է տալու իմացածը ամրապնդել ու զարգացնել։ Սակայն սա դեռ լոկ այսբերգի երևացող մասն է։

Հաճախ ականջալուր ենք լինում ուսանողների անվերջանալի դժգոհություններին ու բողոքներին։ Առարկաների ընտրությունից, դասավանդման մեթոդիկայից մինչև անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ մոտեցում։ Հենց սրանք են դառնում անբավարարվածության պատճառը։

Ի՞նչ լուծում պետք է տրվի աշխատաշուկայում մրցունակ արտադրողականության բացակայությանը։

Անհերքելի է, որ համալսարանները չեն պատրաստում անհրաժեշտ մասնագետներ համապատասխան ոլորտներում աշխատելու համար։ Դրա փոխարեն անընդհատ մեզ կրթողները իրենց գլխավոր պարտականությունն են համարում հիշեցնել, որ ինքնակրթությունն է մեր հաջողության հիմքը։

Ինչպե՞ս կարելի է բարձրացնել ուսանողների մոտիվացիան, ի՞նչ անհրաժեշտ միջոցառումներ է պետք ձեռնարկել ողջամիտ ժամկետում ուսանողներին ցանկալի հմտություններ փոխանցելու համար։

Կրթական համակարգի թերություններից են նաև խստության բացակայությունը, մասնագիտական գրականությամբ ապահովված չլինելը, ինչն էլ հանգեցնում է հիասթափության, բայց ոչ երբեք նպատակասլացության։

Կարևորագույն և առանցքային կետերից մեկն էլ յուրաքանչյուր ոլորտում պրակտիկ դասընթացներն են։ Պետք է գիտակցել, որ միայն տեսական գիտելիքներով մեզ փակ դռներ են սպասվելու առաջիկայում։

Էլ չեմ խոսում այն մասին, որ բուհերում չի գործում զեղչերի ճկուն համակարգ, սահմանված վարձերի չափը գերազանցում է նորման։ Ուսանողների մեջ էլ հաճախ ստեղծվում է անառողջ մրցակցություն անվճար տեղերի համար, ինչի պատճառով էլ շատերի՝ իսկական կրթություն ստանալու ցանկությունը ստորադասվում է վճար չմուծելու ցանկությանը։

Չնայած նրան, որ «իրավիճակ է փոխվել», միևնույնն է՝ շատ դեպքերում կամա թե ակամա ականատես ենք լինում գնահատականների, մեղմ ասած, «առք ու վաճառքին»։ Մինչև վստահ չլինենք, որ վերոնշյալ երևույթը հիմնովին արմատախիլ է արվել, բարձրագույն կրթություն ստանալու և առավել ևս զարգանալու մասին չենք կարող մտածել։