«Խելոքությունն առանց խենթության նման է անպտուղ ծառի»: Փափագ Ալոյան

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Մեր զրուցակիցն է Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրեն, գեղանկարիչ Փափագ Ալոյանը:

-Ինչպե՞ս սկսվեց ձեր ստեղծագործական ուղին:

-Նկարել սկսել եմ փոքր տարիքից: Մինչև դպրոց գնալը կարելի է ասել ինքս էլ չէի հասկանում` ի՞նչ է նկարչությունը, ինչո՞ւ եմ նկարում: Չորրորդ դասարանում արդեն ցանկություն առաջացավ նկարչության դպրոց գնալ, ավելի լուրջ զբաղվել այս արվեստով: Ծնողներիս համոզեցի և սկսեցի հաճախել Ստեփան Աղաջանյանի անվան նկարչության դպրոց: Հետո էլ  սովորել եմ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետի գեղանկարչության բաժնում: Իսկ 2001թ-ից դարձել եմ Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրենը:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

-Նկարչություն դասավանդե՞լ եք:

-Այո, 15 տարի աշխատել եմ Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում  որպես կերպարվեստի ուսուցիչ-խմբավար, այնուհետև` փոխտնօրեն:

-Ե՞րբ է բացվել Վանաձորի կերպարվեստի թանգարանը:

-Պատկերասրահը բացելու գործում շատ մեծ ավանդ ունի Շավարշ Վարդանյանը (70-ական թվականների սկզբին Կիրովականի՝ այժմյան Վանաձորի, գործադիր կոմիտեի նախագահը): Այս շենքը պետք է լիներ կենցաղի տուն: Շավարշ Վարդանյանի չափազանց մեծ ջանքերի շնորհիվ կենցաղի տունը 1974թ-ին վերածվեց պատկերասրահի՝ այն ժամանակ իբրև Հայաստանի  ազգային թանգարանի Կիրովականի մասնաճյուղ: Հինգ տարի անց առանձնացավ և դարձավ Կիրովականի արվեստի թանգարան:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

-Ցուցահանդեսներ շա՞տ են կազմակերպվում:

-Շատը մի քիչ հարաբերական է: Ամսվա ընթացքում մենք ունենում ենք 1-2 միջոցառում, բայց ցուցահանդես կազմակերպելը հեշտ աշխատանք չէ: Տարվա կտրվածքով մենք ունենում ենք 15 և ավելի միջոցառումներ, որոնցից 6-7-ը կարող են լինել ցուցահանդեսներ: Մենք ունենք մշտական, մեր մարզի նկարիչների ցուցահանդեսներ գարնանը և աշնանը, դա պարտադիր: Դրան զուգահեռ կազմակերպվում են մեր հանրապետության, քաղաքի լավագույն նկարիչների գործերի  ցուցահանդեսներ:

-Իսկ ի՞նչ խնդիրներ ունի պատկերասրահը: Ունե՞ք արդյոք հովանավորներ, ովքեր օգնում են:

-Այսօր խնդիրներ կան ամեն տեղ, և մեր պատկերասրահը իր խնդիրների քանակով հետ չի մնում: Հովանավորներ իհարկե ունենք, ովքեր մեզ օգնում են շատ հարցերում, բայց ինչ վերաբերվում է շենք վերանորոգելուն, դա մեծ գումարների հետ է կապված: Շենքը բավականին մեծ է և այն ժամանակակից տեսքի բերելը այդքան էլ հեշտ չէ: Մեր հովանավորները չեն կարող նման մակարդակի աջակցություն ցույց տալ:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

-Այցելուներ շա՞տ են լինում:

-Նորից շատ ու քիչը հարաբերական է: Որպեսզի իմանաս` կարճ ես, թե բարձրահասակ, պետք է նայես շրջապատի մարդկանց, այնպես չէ՞: Ես մի օրինակ բերեմ շատ ու քիչը ինքներդ որոշեք: Անցած տարի մենք «Թանգարանային գիշեր» միջոցառման համար ունեինք պատրաստած 850 կրծքանշան ( դրանք բաժանվում էին այցելուներին), որոնք չբավարարեցին: Այսինքն, 1 օրվա ընթացքում ունեցել ենք 1000-ի չափ այցելու: Հիմա դա շա՞տ է, թե՞ քիչ:

-Կարծում եմ մեր քաղաքի համար բավականին լավ արդյունք է: Երիտասարդներին աջակցում ե՞ք, ցուցադրում ե՞ք նրանց նկարները պատկերասրահում:

-Երիտասարդների նկատմամբ ես շատ գորովալից եմ: Աշխատում եմ միշտ օգտակար լինել: Բայց խոսքը իհարկե վերաբերվում է բանիմաց, ձգտող մարդկանց: Այսպիսիների մեջքին ես միշտ կանգնած եմ: Մենք ունենք լավ նկարիչներ, հիմնականում վերջին 5-6 տարվա ընթացքում, որովհետև երկրաշարժը կոտրել էր մեր մեջքը, չկար մեր շարունակությունը, բայց հիմա կա, և ես նրանց աշխատում եմ ոգևորել իմ խորհուրդներով, լավագույն աշխատանքների ցուցադրությամբ: Ես երիտասարդ ժամանակ աջակցություն չեմ տեսել, հակառակն եմ տեսել, որ փորձում էին կոտրել մեզ: Ես այդ ծանր լուծը տարել եմ և նույնը չեմ անի: Ապագան երիտասարդության ձեռքում է,  և մենք պարտավոր ենք օգնել, կիսվել մեր փորձով: Մեծ և փոքր օղակները պետք է կապված լինեն:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

-Ի՞նչ տարբերություն կա ձեր և երիտասարդների միջև: Ի՞նչ եք նկարել դուք, և ի՞նչ են նկարում հիմա:

-Յուրաքանչյուր ստեղծագործող ստեղծագործում է իր ժամանակին համահունչ: Նկարում է այն, ինչ մատուցում է հասարակությունը: Ես իմ ժամանակի ներկայացուցիչն եմ, այսօրվա երիտասարդները` իրենց: Օդից ոչինչ չի ծնվում: Չի կարող հասարակությունում կատարվածը չանդրադառնալ արվեստի վրա: Չէ որ հենց հասարակությունն է ծնում արվեստը: Այսինքն, տարբերություն միանշանակ կա և պիտի լինի:

-Ու՞մ կարելի է կոչել արվեստի մարդ:

-Իմ ավագներից մեկը՝ Սուրեն Սաֆարյանը ( 1969-1982թթ՝ Հայաստանի նկարիչների միության նախագահն էր), երբ ես երիտասարդ էի, մի անգամ ինձ և ընկերներիս ասաց.

-Ջահելներ ջան, եթե ձեզ թվում է, թե առավոտյան տանից դուրս եք գալու և երեկոյան տաք հացը թևներիդ տակ դրած տուն եք գնալու, ուրեմն, այս գործը թողեք, արվեստը ձեր համար չէ, այդ տաք հացը շատ տարիներ հետո կլինի:

Այսինքն, արվեստի մարդ կարելի է կոչել միայն նրան, ով ամբողջովին կնվիրվի իր գործին, չնայելով այն փաստին, որ տաք հացը տարիներ հետո կլինի:

«Ապրել առանց նվիրումի՝ նշանակում է ապրել դժոխքում»:
(Փափագ Ալոյան)

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

-Ձեր ընտանիքում բացի ձեզնից էլի արվեստագետներ եղե՞լ են, ումի՞ց եք ժառանգել նկարելու ձիրքը:

-Պարտադիր չէ, որ նկարող լինեին, հոգի է պետք: Իմ ընտանիքում արվեստագետի հոգի կար: Այդ հոգին իմ ծնողների մեջ էր: Գիտեք, չէ՞, որ պտուղ ստանալու համար սերմը պետք է պարարտ հողի մեջ աճի, այդ աճող սերմը չպիտի տրորվի: Եվ երբ գարնանը այն ծաղկի, նրան չպիտի խանգարեն կարկուտը, փոթորիկը: Իմ ծնողները ինչպե՞ս կարող էին արվեստագետ լինեին, եթե իրենց ժամանակ փոթորկոտ պատերազմ էր, կեղտ: Էլ սերմը ո՞նց կաճեր: Նրանք ունեին մեծ արվեստագետի հոգի, ինձնից էլ հաստատ առավել:

-Ի՞նչն է ձեզ ոգեշնչում, որ սկսում եք նկարել: 

-Ինձ շատ են ոգևորում բնությունը, երաժշտությունը, մարդկային գեղեցիկ հարաբերությունները: Առանց երաժշտության էլ չեմ նկարում: Արվեստանոցում միշտ երաժշտություն է հնչում, ճիշտ է, շատ կամաց: Երաժշտության ընտրությունը կախված է լինում տրամադրությունիցս: Հիմնականում դասական երաժշտություն եմ լսում: Շատ եմ սիրում Վիվալդի: Իմ և նրա էությունը իրար նման են: Վիվալդիի «Տարվա եղանակները»-ը ուղեկցում են ինձ արդեն 40 տարի:

Ես, իմիջիայլոց, նաև գրում եմ: Եվ տարօրինակն այն է, որ բոլոր բանաստեղծությունները գալիս են լուսադեմին, իսկ նկարչությունը` մինչև օրը կես չի լինում, չեմ կարողանում նկարել: Ու մի փոքր ափսոսում եմ, որ օրվա կեսը կորցնում եմ:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

-Ասացիք, որ գրում եք: Ունե՞ք արդյոք տպագրված ստեղծագործություններ:

-Այո, ունեմ բանաստեղծությունների գրքույկ, որը նվիրել եմ վաղամեռիկ կնոջս՝ Լուիզային: Այն կոչվում է «Անթեղ»:

-Գրքույկը նկարազարդվա՞ծ է, դո՞ւք եք զբաղվել դրանով:

-Այո, ես եմ նկարազարդել: Քանի որ գրքույկը նվիրված է կնոջս հիշատակին, հիմնականում ինքն է: Երեք նկարում նա է, առաջինում` ծաղկեպսակ ձեռքին, մյուսում` ծաղկեպսակը գլխի վերևը բարձրացրած, երրորդում` դրված է գլխին:

-Ձեր ստեղծագործական ճանապարհին ի՞նչ դժվարությունների եք հանդիպել:

-Այդպես որ ասեմ` ինչ-որ «պատի» եմ հանդիպել, ոչ: Իմ ուղին շատ լուսավոր է եղել սկսած Ստեփան Աղաջանյանի նկարչության դպրոցից: Ես ունեցել եմ հիանալի ուսուցիչներ, այդ առումով իմ բախտը բերել է: Բայց ընդհանուր առմամբ, արվեստագետի կյանքը շատ բարդ է: Կարող է` թեթև է թվում, բայց իրականում ամենևին էլ այդպես չէ: Արվեստագետը, նկարիչը պետք է մեծ ապրումների մեջ լինի, որպեսզի կարողանա մի լավ բան ստեղծի: Առանց ապրումների արվեստի գործ չի ծնվում: Հասարակ մասնագիտություն չէ, որ ասես` գիտեմ և վերջ, արվեստը շատ ավելի խորն է:

-Լինո՞ւմ է, որ սկսում եք «խզբզել», և արդյունքում, գեղեցիկ նկար է ստացվում:

-Իհարկե, հենց այդպես է ծնվում նկարը: Իսկ երբ նստում ես և սկսում գծել, ներկել, այդպես նկարը սարքում ես, ոչ թե նկարում: Իսկ արվեստը սարքել չի սիրում: Սարքել կարելի է աթոռը, նույն աթոռից մի քանի հատ կարելի է սարքել: Իսկ նկարը ծնվում է: Օրինակ, մարդիկ չեն կարող, չէ՞, ամեն ինչով նույն երեխայից երկրորդին էլ ծնել: Այդպես էլ նկարիչները նույն նկարը երկրորդ անգամ չեն կարող նկարել, անպայման մի տարբերություն կլինի: Հենց այդպես էլ, «խզբզելով» էլ ծնվում է արվեստը:

-Ձեր նկարներում թաքնված ինչ-որ իմաստ կա, այլ կերպ ասած, «կոդավորում»:

-Ոչ, նկարիչները կոդավորումներ նկարներում չեն ունենում: Դրանք հետագայում արվեստաբաններն են փնտրում նկարների մեջ: Հատուկ կոդավորումներ մտցնելն էլ աթոռ սարքելու նման մի բան է: Օրինակ, իմ աշխատանքներից մեկի մեջ հնարավոր է շատ արվեստաբաններ կոդեր փնտրեն, մինչդեռ այնտեղ ես պատկերել եմ այն, ինչը տվյալ պահին զգացել եմ : Այդ նկարը կոչվում է «Հոգեվիճակ»:

-Ի՞նչ պարգևների եք արժանացել:

-2011թ-ին արժանացել եմ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին:

-Ի՞նչ երազանք ունեք:

-Ինձ մեկ անգամ նման հարց տվել են Երևանում, երբ ցուցահանդես էինք բացել ՄԱԿ-ի գրասենյակում: Ես պատասխանեցի, որ կցանկանայի աշխարհում վերանային բանալին ու կողպեքը: Այսինքն, մարդ այնքան մարդ լիներ, որ կողպեքով ոչինչ չունենար փակելու, որ կարողանար վստահել դիմացինին:

-Եվ վերջում ի՞նչ կցանկանաք մաղթել ապագա արվեստագետներին և ընդհանրապես մարդկանց:

-Կա մարդու ծառայող տեսակը և կա նվիրվող տեսակը:
Մեկն ապրում է ցանկություններով, մյուսը՝  նպատակներով:
Երբ ցանկությունը դառնում է իրականություն` կյանքը շարունակվում է,
Ծնվում է հաջորդ ցանկությունը:
Երբ նպատակն է օծվում նվիրումով, ծնվում է երջանկությունը: (Փափագ Ալոյան)

Ես կցանկանայի, որ դուք ապրեք նվիրումով, որովհետև ցանկությունները անհատնում են: Մի ցանկությանը հետևում է երկրորդը, երկրորդին՝ երրորդը: Կցանկանայի, որ նպատակով ապրեք, որպեսզի կարողանաք գտնել երջանկությունը…

Հարցազրույցը վարեց Մարիամ Բարսեղյանը