nane eghiazaryan

Խենթություններ անելու ժամանակը

Ո՞վ իր կյանքում խենթություններ չի արել: Եթե լարենք մեր միտքը և մտովի հետ գնանք, հաստատ ինչ-որ դեպքեր կհիշենք՝ կապված ընկերների, դպրոցի կամ ընտանիքի հետ:

Կան խենթություններ, որոնց պատճառով մենք հայտնվում ենք անհարմար իրավիճակներում: Ես այդ տիպի խենթություններ մի անգամ չէ, որ արել եմ: Հիմա ձեզ այդ դեպքերից մեկը կպատմեմ: Դե, նախ ասեմ, որ ես պարել շատ եմ սիրում, և առանց պարի ու դաշնամուրի չեմ պատկերացնում ինձ: Ճիշտ է, հիմա այդքան էլ հաճախ չեմ պարում, բայց առաջ պարից դուրս գալուց հետո մի երկու ժամ էր պետք լինում, որ ազդեցությունից դուրս գայի:

Մի անգամ հորաքրոջս ընտանիքը մեզ հյուր էր եկել, և ես քրոջս հետ մի փոքր պարային միջոցառում էի պատրաստել: Ահա արդեն վերջն էր, երբ ես հանկարծակի որոշեցի գնչուական պար պարել: Մայրիկիս երկար կիսաշրջազգեստը հագա, բայց գոտին, ինչքան էլ ման եկա, չգտա: Իսկապես, ախր, ես չգիտեի գնչուական պարեր: Երևի մի երկու անգամ հեռուստացույցով էի տեսել և որոշել էի փորձել: Պարային երևակայության մեջ էի, երբ հանկարծ մի պտույտի ժամանակ կիսաշրջազգեստս վրայիցս ընկավ: Ես աչքերս միանգամից լցրեցի և վազեցի մայրիկիս մոտ, իսկ ներկաները՝ տատիկս, հորաքույրս և քույրս ծիծաղից աչքերը լցրել էին:

Այս պատմությունը քույրս ամեն հարմար առիթով ինձ հիշեցնում է, իսկ ես հետ չեմ մնում՝ հիշեցնելով, թե ո՞վ էր հավերի կուտը վերցրած վազում Եղեգնաձորի պապիկիս տան ամբողջ հողամասով, երբ հավերը ընկել էին նրա հետևից:

Եվ այսպես, այնքա՜ն խենթություններ կան, որ հաշվել էլ չեմ կարող, բայց եթե չլիներ իմ կիսաշրջազգեստի ընկնելը կամ հավերի և քրոջս «բռնոցին», ապա ամեն անգամ դա հիշելիս չէին ապրի այն զվարճանքը, որ զգում եմ հիմա: Ինձ թվում է՝ մարդիկ կարիք ունեն խենթությունների: Ես խենթություն ասելով հասկանում եմ ուրախ պահեր, վախ և միևնույն ժամանակ, շատ մեծ համարձակություն, որոնք քեզ ստիպում են զգալ ինքնաբուխ պահի հաճույքը: Երբեմն մարդիկ ասում են, որ իրենց կյանքը ձանձրալի է, միապաղաղ. գուցե խենթություններ անելու ժամանա՞կն է: Նամանավանդ ամառ է: