Meline Abrahamyan

Խճանկար TEDxASUE-ից

Սկսվեց: Բեմի կարմիր շրջանաձև գորգը սպասում է 8 խոսնակներին, որ պիտի գան ու միավորվեն մեկ կարգախոսի շուրջ. TEDxASUE-ն եկել էր սահմաններ կոտրելու: Սկզբում նկատեցինք, որ կյանքը սահմաններ կոտրելու գործընթաց է: Եթե ծնվելու համար մեզնից կամային որոշում ու ջանք չի պահանջվում, ծնվել-մեծանալուց հետո պիտի կոփես քեզ, որ քեզնով կոտրես պատերը: Երբ սահմանները կոտրելիս ձեռքերդ վնասես, ցավ զգաս, բնական պիտի համարես. չկա հաջողություն առանց ձախողման: Պիտի սովորես հեռու մնալ «մորուք-խնդիրներից»: Մտածես քնելու մասին և ոչ թե այն բանի, թե ինչպես է ավելի հարմար` վերմակից դուրս, թե ներս թողնել մորուքդ:

Աստղագետ խոսնակը սահմաններ կոտրելու կարիք չուներ, քանի որ վերևում սահմաններ չկան: Թեպետ Այնշթայնը գուցե վիճեր` բերելով հիմնավոր փաստեր տիեզերքի սահմանափակության մասին: Փաստեր, որոնք կենդանության օրոք չհասցրեց բերել: Իսկ տիեզերք հասնելու համար նախ ներսիդ պատերը կոտրել է պետք:

Սահմաննե՞ր, թե՞ անսահմանություն… Չէին լինի երկուսն էլ առանց կնոջ, իսկ Չապլինի թողած 1մլն դոլարի ժառանգորդ, այսինքն` տղամարդ, ով կծննդաբերի, այդպես էլ չի գտնվի: Իսկ թանկանոց կինը տղամարդու հաշվին ամենաթանկանոց աղցանը պատվիրող կինը չէ: Թանկանոց կինը պատվիրում է այն, ինչ ուզում է և կարող է ինքնուրույն վճարել: Նա աշխատում է իր սեփական գումարը ու չի սպասում, որ էսօր կգնեն իր համար աղցան, վաղը` կոշիկ, իսկ մյուս օրը` իրեն:

Առանց կնոջ կյանք ստեղծել չենք կարող, բայց կարող ենք պահպանել կյանքը բժշկական նորագույն տեխնոլոգիաներով. 3D բիոտպագրություն` դարի խելահեղ նվաճումներից մեկը: Տեխնոլոգիական առաջընթացի միտումները նկատվեցին դեռ այն ժամանակ, երբ գտնված երազի աղջիկը` պապիկի քունը փնտրելով, նկարի մեջ մտավ: Այժմ գտնված երազը Երևանի փողոցներում է` շնորհիվ AR/VR տեխնոլոգիաների: Պիտի ունենաս սմարթֆոն ու վերջ. կարող ես ոչ միայն մտնել նկարի մեջ, այլև քայլել ժամանակի միջով:

Կուզեի, որ հենց դու դառնաս նորարար, կանխորոշես մի նոր, խելահեղ ու մարդակենտրոն գործի սկիզբը: Իսկ սրա համար պիտի փոխենք կրթության ձևը, որը կարծես նույնն է, ինչ «հազարամյակ մը մեզմե առաջ»: Կրթության ու դրա կենսագործման միջև առանց այն էլ շատ մեծ ժամանակային ճեղք է ընկած, ու այլ տարբերակ չունենք, քան շտապելն է:

Բայց ամեն ինչ ոչինչ է, եթե չունենք ընտրելու ու լինելու ազատություն: Իսկ սրա համար խաղաղություն է պետք` ներսի ու դրսի խաղաղություն: Գտնված երազի աղջիկը մտել էր Ապրիլյանի մեջ, որը նկար չէր, ցավոք: Նարինեն փնտրում էր… Ոչ իր պապիկի քունը, այլ օրորոցում քնած երեխայի քունը, ասել է թե` խաղաղություն էր փնտրում։

Սա 8 խոսնակների ելույթների համառոտ վերարտադրումն ու շաղկապումն է։ Երբ դուրս եկանք դահլիճից ու որոշեցինք նկար ունենալ ՀՊՏՀ նախկին ռեկտոր և TEDx խոսնակ Ռուբեն Հայրապետյանի հետ, մի աղջիկ նկատեց, որ ոչ մի համալսարանի ռեկտորի հետ նկարվելու համար այդչափ մեծ հերթ չի լինում:

-Բայց ես ռեկտորը չեմ, նախկին ռեկտորն եմ:

Ժպտացինք: Հետո մեզնից մեկը հիշեց պարոն Հայրապետյանի ելույթի վերջին բառերը` «Փորձեք լինել բացառիկ և եղեք բացառիկ»: Ներկա ռեկտորը չէր, բայց…

Իհարկե, ոչինչ չի որոշվում նկարվելու հերթով, այնուամենայնիվ, կա ինչ-որ բան, որ մտածելու տեղիք է տալիս: