Խճանկար

arxivՍա մեր բակն է: Լավն է, չէ՞: Հետո՞ ինչ, որ ճոճանակները ժանգոտած են, ու եթե երևակայությանդ զոռ էլ տաս, էլի չես իմանա նախկին գույնը: Ճոճանակներից մնացել են միայն երկաթյա ծռված ձողեր: Բայց ես սիրում եմ իմ բակը: Սիրում եմ նրա հին ծառերը, որոնք, բացի թթենուց, ցավոք այլևս բերք չեն տալիս, իսկ ոչ պտղատուները գրեթե չեն էլ բողբոջում գարնանը: Բայց դե թթենին ամռանը լա՜վ բերք է տալիս: Մենք էլ երեխաներով հավաքվում ենք ու մեծ ծածկոց բռնում:

-Կըտ, կըտ, կըտ-կըտ-կըտ-կըտ,-սկզբից՝ հատիկ-հատիկ, հետո անձրևից էլ արագ թթերն ընկնում են շորի վրա, մեզ վրա, գետնին…

Իմիջիայլոց, մենք՝ երեխաներս, հպարտանալու շատ բան ունենք. ինքներս ենք ծանոթացել ու ընկերացել: Այդ հարցում մեծերն օրինակ չեն ծառայել մեզ: Նրանք այնքան էլ շփվող ու մարդամոտ չեն: Միայն պապիկներն են ամռանը հավաքվում բակում և նարդի խաղում: Մեր մուտքում, եթե նույնիսկ սիրտդ ու փորդ լեզու առնեն, քեզ աղաչեն, ձվածեղ ուզեն, բայց տանը ձու չլինի, երբեք չես խնդրի հարևանից: Ինչպե՞ս կարելի է, ամոթ է, չէ՞:

Մեր բակը լիքն է տարօրինակ ու հետաքրքիր մարդկանցով: Օրինակ՝ տեսնո՞ւմ եք աղբարկղի մոտ կանգնած այն բարձրահասակ տղամարդուն: Նա ժանգոտած թիթեղի կտորներ է որոնում, որպեսզի հանձնի գունավոր մետաղների ընդունման կետ: Բացի դրանից՝ նա վերանորոգում է մեր բակի գրեթե բոլոր ավտոմեքենաները:

Հնամաշ կոստյումով այն մարդը մեր մուտքից է: Նա միշտ քաղաքավարի կբարևի, եթե անգամ դու չհասցնես առաջինն անել այդ: Երբեմն ինձ թվում է, որ ինձ չի սիրում և ծաղրում է. եթե նրան հայերեն բարևեմ, կպատասխանի ռուսերեն, իսկ եթե ռուսերեն բարևեմ, կարծես վիրավորվում է. «Ի՞նչ է, հայերեն չգիտե՞ք»:

Լսո՞ւմ եք հոսող ջրի ձայնը: Մեր հարևանն է, դարձյալ իր ավտոմեքենան է լվանում: Նա իր մեքենան ավելի հաճախ է լվանում, քան վարում: Նա շատ խիստ է և միակ մարդն է, ով կարողանում է սաստել մեր բակի չարաճճի տղաներին:

Սա էլ մեր «շատ սիրելի» Գերասիմ պապիկն է: Նա մի քիչ տարօրինակ է, և դա միայն երեխաները չէ, որ նկատել են: Ամեն օր գնում է մի օրաթերթ և քառածալ դնում թևի տակ: Ցածրահասակ է, քայլում է առաջ թեքված, ժպիտը դեմքին և, չնայած իր ծեր տարիքին, եռանդուն աչքեր ունի: Զարմանալի չէ, որ նրան տեսնելիս բոլորս ձգվում ենք, հարգալից բարևում, իսկ հետևից՝ ծաղրում: Գիտեմ, մեր արարքն այնքան էլ գեղեցիկ չէ, բայց նա մեզ փոքր երեխայի տեղ է դնում, դե մենք էլ երեխայություն ենք անում:

Մի խոսքով՝ լավն է մեր բակը:

Անուշ Մուրադյան, 14 տ., 2003թ.