valentina

Խճճուկ

Հա՜, բայց այնուամենայնիվ, պիտի փորձեիր, պիտի գնայիր, պիտի քայլ անեիր: Պատճառ ես փնտրում: Դու քեզ ես խաբում, ախր, ինձ չես խաբում: Մարդ ինչքան աննորմալ լինի, որ սովորի, պարապի, բայց առավոտյան արթնանա, հանկարծ որոշի, որ չի ուզում գնալ, մերժման նամակ ուղարկի ու օրվա պլանները 180 աստիճանով փոխի:

Դու մի՛ ափսոսիր քո սխալ արարքների համար: Դու դրանք արել ես անցյալում, ուրեմն թող անցյալում, ինչի՞ ես ծանր բեռի պես քարշ տալիս: Ա՜, թեթև ապրի, էլի, էդ էլ մոդուլով անհավասարում չի, որ չես կարողանում լուծել: Ինչ արել ես՝ լավ ես արել: Ժամանակը քո ձեռքն ա, ոնց ուզում ես` «լցրու», ուզում ես` վերջում դեղին սրտիկներ նկարի սովորությանդ համաձայն, միայն մի՛ կանգնիր ու ափսոսիր: Չկատարած արարքների համար են ափսոսում:

-Վա՜յ, մի հատ երկուսդ էլ սուս մնացեք, գնում եմ դաս անեմ, եղա՞վ: Չգա՛ք,- բղավեցի ես ձախ ու աջ ուսերիս նստած ծովախոզուկների վրա, որոնք միշտ հայտնվում են այն ժամանակ, երբ որոշում պիտի կայացնեմ: Ի տարբերություն շատ մարդկանց, իմ ուսերին նստող երկու մարդուկներն էլ բարի են: Երևի մեր միջի չար մարդուկը ես եմ, որը միշտ լի է «դատարկ» ու «հիմար» կասկածներով, ծայրահեղ փոփոխական որոշումներով և տեղը չնստող սնդիկ բնավորությամբ: Եթե շատ մարդիկ ուզում են վերացնել իրենց բնավորության վատ գծերը, ապա ես անգամ չեմ սկսի քայլեր անել դրանք վերացնելու համար: Որովհետև ես ես եմ: Ես այսպիսին եմ, որովհետև ես Վալենտինան եմ, ես չեմ կարող լինել Գեղանուշը կամ, վատագույն դեպքում, Բարսեղը: Կամ մաթեմատիկական երրորդ աքսիոմով հակադարձած՝ ես Վալենտինան չէի լինի, եթե այսպիսին չլինեի: Հետո էլ մարդը չփոխվող տեսակ է: Սուտ է, մեծ վարդագույն տուփի մեջ դրած գեղեցիկ սուտ, ասեմ ավելին՝ վրան էլ կարմիր «բանտիկ», որ մարդ փոխում է իր բնավորությունը: Բնավորության գծերը անկանխատեսելի են, էն իմ սիրած ռեցեսիվ գեների նման, որ միամիտ չեն ճնշվում, թաքնվում են ԴՆԹ-իդ գաղտնի տնակների տանիքների տակ, ու մեկ էլ մի օր այնպես են դրսևորվում, որ ամաչում էլ ես զարմանալ: Էդ ժամանակ առաջացած զարմանքը համազոր է, երբ օրինակ, պատահաբար իմանում ես, որ Վարազդատ անունով մի տղա քեզ անվանում է խճճված անունով աղջիկ: Աա՜, Վարազդա՛տ, եթե դու հիմա նստած կարդում ես սա, կամ վատագույն դեպքում կանգնած ես, ապա հավատա, նստի՛ր: Հաջորդ նյութս կլինի «Ինչպես անհետացավ Վարազդատը», «Փնտրենք Վարազդատին միասին», «Արի տուն, Վարազդատ», «Ո՞ւր է Վարազդատը» վերնագրերից մեկով կամ, լավագույն դեպքում, եթե տրամադրությունս բարձր լինի՝ «Երեք պատճառ Վարազդատից լրագրողին չխճճելու համար» վերնագրով: Չէ՜, լավ, մի՛ տխրիր, էդքան չեմ խճճի քեզ: Միայն նշտարիկ ու վերջ:

Թեմայից չշեղվելով կամ էլ շեղվելով, որովհետև էս խճճուկը կոնկրետ թեմա չունի, պետք է նշեմ, որ խճճուկը իմ հեղինակային նորաբանությունն է: Եթե լեզվի տեսչությունից ընթերցողներ լինեն, թող մտածեն այս բառը գործածության մեջ դնելու մասին: Հիմա մոդա է, չէ՞, հեղինակային նորաբանություն ստեղծելը: Ինչ վեհ ենք, չէ՞ դառնում: Բա մոդան, էդ շատ կարևոր է, ախր, ո՞նց չնմանվենք ուրիշներին, ամոթ ա, չէ՞, հանկարծ տարբեր միտք արտահայտենք: Վա՜յ, էդ հանցագործություն է: Պիտի սահմանափակ մտածելակերպով ապրենք, ինչ տվել են, դրանով բավարարվենք, ոչնչի մասին չբարձրաձայնենք՝ աննկատ, ինչպես ցորենի մեջ թաքնվող արտույտը, կամ մահճակալի տակ ընկած գուլպայի զույգը, ինչու չէ, բուտերբրոտների մեջ սեղմված հոթ-դոգը: Վա՜յ, բա որ մազերդ դեղին ես ներկում, ա՜յ էդ «ամոթագույն» արարքն է, որ կարող ես անել: Էդ ժամանակ գետինը պիտի մտնես կամ օճառն ու պարանը ձեռքդ մտնես լոգարան: Չնայած դրա հակառակ պատկերն էլ է գործում: Եթե ուզում ես տարբերվել, պիտի անպայման մազերդ կապույտ լինեն, հա՜, չմոռանանք դաջվածքների մասին: Օրինակ, եթե քիչ ես ուզում տարբերվել, կարող ես միայն հավերժության նշանը դաջել դաստակիդ, եթե քչից մի քիչ շատ, կարող ես թիթեռնիկ դաջել ուսիդ, իսկ եթե, ուշադրություն (էս մասը կարդալ սև ակնոցով ու պարտադիր լուրջ դեմքով), ուզում ես աննախադեպորեն ու բացառիկորեն շատ տարբերվել, կարող ես ողջ ձեռքիդ վրա բազմազան, երբեմն գունագեղ դաջվածքներ անել: Չէ՜, մի՛ սահմանափակվիր միայն դաջվածքներով ու մազերի գույնով: Շատ պարտադիր է, որ վեհ միտք արտահայտես, որ դու աթեիստ ես, որովհետև ոչնչի չես հավատում: Մինչդեռ աթեիզմի մասին ոչ մի նյութ չես կարդացել ու չգիտես, որ աթեիզմը ոչ թե հավատ չունենալն է, այլ կոնկրետ Աստծո գոյությունը չընդունելը: Էնպես չի` ես շատ բան գիտեմ Աստծո մասին, կամ էն հավատացյալներից եմ, որ ամեն կիրակի եկեղեցի են գնում, ուղղակի կարծում եմ, որ եթե մի բանի չես հավատում, ուրեմն էդ կա, չէ՞, որ չես հավատում: Էս միտքը հայտնի փիլիսոփաներից մեկինն էր, չմտածես` իմն է, ես վեհ չեմ, էլի:

Եթե ավելի լուրջ նայենք էս խճճուկին, ծիծաղելի կթվա, որովհետև տարբերվելը, ըստ իս, մտածողության ձև է: Ես չեմ ասում, որ դեմ եմ գունավոր մազերին կամ դաջվածքներին, աթեիստներին կամ հավատացյալներին: Ընդհակառակը, կողմ եմ դրանց գործածությանը, ասեմ ավելին` ես էլ եմ աթեիզմ ու դեիզմ ուսումնասիրում, որովհետև կասկածներով եմ մոտենում մեր կրոնին ու փնտրում եմ ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները, որ հարցականներ չլինեն: Էնպես չի` մեծ բան եմ անում, էլի վեհության դրսևորում չի: Բայց էդ արտաքին «եսիմինչիկներով» չի, որ մարդը պիտի տարբերվի:

Մտածող մարդիկ քչացել են, հիմա եմ հասկանում, թե ինչ էր ասում ընկեր Գրիգորյանը: Ասում է ՝ բոլորը ռոբոտ են դարձել, ոչ մեկի մտքով չի անցնում մտածի, թե ինչ է անում, կարևորը անի, որ երևա` իբր անում է: Ասում է` կապիկությունների հետևից են ընկնում: Էդպես է, չէ՞, բոլորը ցանկանում են կարծիք արտահայտել, բայց ոչ մեկը չի ուզում մտածել: Ես էլ երբեմն չեմ մտածում, և սխալ արարքներիս պատճառով ծովախոզուկներիս հանում եմ քննարկման ուսերիս վրա:

Ու վերջում, չնայած էս խճճուկը վերջ չունի, միշտ կարելի է բացել, ուզում եմ ընկերոջս միացրած սիրելի տրակտորից, որ անջատեմ` գլուխս հանգստանա: