Ani Ghulinyan

Խնդիրը ձմեռը չէ

Ոչ մի բան չէր հուշում դրա մասին: Քամին սովորականից մեղմ էր, եղանակը՝ չափավոր ցուրտ: Տատիս տանը միայն աչքս գցեցի հին օրացույցին, որից ամեն օր պոկում են ամսվա հերթական օրը՝ հետևի գրած ժողովրդական բուժման ձևերը կարդալու, ու հենց այդ պահին ու այդտեղ ես հասկացա՝ Winter is coming:

Ձմեռվա մեջ կա երեք անտանելի բան (շատ կան, բայց էդքանը ասել չի լինի):
Առաջինը սարսափելի ցուրտն է, որը ստիպում է մարմինը ծածկել տարատեսակ հագուստով, շարֆերով, տաք գուլպաներով:
Երկրորդը՝ ընկնելու ու մարմնի որևէ մաս կոտրելու իրական վտանգը:
Ու երրորդը՝  ցրտին դեռ կարելի է դիմանալ, հնարավոր է նաև զգույշ քայլել, բայց այս եղանակին դասասենյակի իմ նստարանից Չաթինդաղը չի երևում: Եթե չգիտեք՝ ինչ է դա, ասեմ. Չաթինդաղը Գուգարաց լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է, որը երևում է մեր գյուղի՝ Դսեղի, բոլոր կետերից: Այն միշտ շատ-շատ գեղեցիկ է, դե, բացի ձմեռվանից, որովհետև չի երևում:
Այս ձմեռ ես տասնվեց տարեկան կդառնամ, կգա 2018 թվականը՝ իր հետ բերելով ֆուտբոլի առաջնության սպասումներ: Կկայանա Օսկարի 90-րդ մրցանակաբաշխությունը, մի քանի օրով հայերը կմնան «Տանը մենակ» ու կնայեն «Հարի Փոթթերը»:
Կարծում եմ՝ ոչ ոք տխուր չէ ձմռան գալու համար: Ես էլ: Ձմեռ է, էլի, արագ կանցնի, չենք էլ հասցնի հիվանդանալ: Բայց մի խնդիր կա՝ մի տարի էլ է անցնում: Ապագայից դառնում է ներկա ու աննկատ սահում դեպի անցյալ, դեպի արդեն ապրած տարիները: Այսպես ապրած տարիներն օր օրի ավելանում են՝ ի հաշիվ չապրածների, ու հիմա հասկանում եմ՝ այստեղ խնդիրը ձմեռը չէ, խնդիրը հոսող տարիներն են: