Խնձորի այգին

Աշունը նկարագրելիս չգիտեմ, Տերյանի՞ն հիշեմ, Բակունցի քնարական արձակի՞ն անդրադառնամ, թե՞ ապավինեմ մանկությանս հուշերին, երբ տատիկիս հետ գնում էի Սիսիանի շրջանի «Գետաթաղի տակ» կոչվող այգիները։ Ոչ մի նկարիչ այսպիսի կախարդական գույներով չի կարող նկարել այդ չքնաղ տեսարանը, կարծես գույների կախարդ ծերունին շռայլել է իր ներկապնակի բոլոր գույները։ Կարմիր, դեղին եւ կանաչը խառնվել են իրար եւ ստեղծել մի հիասքանչ բնանկար։

Երբ ուղղակի ուզում եմ կտրվել աշխարհից, գնում եմ այնտեղ եւ նայում ծառերին։ Աշխարհի ամենահամով տանձն ու խնձորը այնտեղ է։ Չգիտեմ, ինչ-որ բան կա այնտեղ, որ բոլոր մարդկանց ձգում է։ Ամեն տարի իմ ամենաերջանիկ օրերից է, երբ այնտեղ տատիկիս հետ պետք է խնձոր հավաքենք, որ պետք է տատիկս ծառի վրայից կանչի.

-Սոսե, եկ էս կյոքը երկալ։ Անպայման լավ խնձորը կճոկես, լցնես յաշիկը, վեր հանկարծ առնողը մեզանա դժգոհ չիլի։

Ու այսպես են անցնում իմ օրերը Գետաթաղի տակին։