milana gevorgyan

«Խոպան» կոչվածը

Տանում են մեր երազանքները, հույսերը, ջերմ հիշողությունները: Պոկում, կտրում, գողանում ու տանում են: Խոսքս ինքնաթիռների մասին է: Ամեն անգամ, երբ երկնքում ինքնաթիռ ենք տեսնում, ուրախանում ենք: Մեզանից շատերը ասում են` բարեկամս է գալիս, որոշները ասում են՝ էլի մարդիկ գնում են այլ երկիր: Մարդիկ կան` մտածում են` իրենք էլ մի քանի տարի հետո կգնան: Ու ‹‹երկնքի չափ›› մարդիկ էլ կան, որ լուռ նայում են ու արտասվում: Քանի՜ ու քանի՜ ընտանիքի հույս է տարել ու դեռ քանի՜ ‹‹հույսեր›› է տանելու: Տանելու է ու գցելու է ‹‹խոպանի բաղչեն››: Մատյաններում քանի՜ ու քանի՜ երեխայի անվան դիմաց է գրված լինելու ‹‹մայր՝ տան տնտեսուհի, հայր՝ արտագնա աշխատանք››: Քանի՜ ու քանի՜ տատիկներ ու պապիկներ են միայնակ ապրելու ու դեռ ինչքա՜ն պիտի ինձանից ու քեզանից իրենց թոռների կարոտը առնեն: Քանի՜ ընտանիք է քանդվելու նրա համար, որ ամուսինը Ռուսաստանում այլ ընտանիք ունի: Դեռ ինչքան են մարդիկ վարկ վերցնելու, որպեսզի ինքնաթիռի տոմս գնեն ու փախչեն: Ախր, չէ, չեն փախչում, ուղղակի իրենք էլ չգիտեն, թե ինչ անեն: Քանի կին է իջնելու խանութ ու ասելու.
-Սուսա՛ն ջան, պարտք եմ անում մինչև ամուսինս ‹‹խոպան››-ից գումար կուղարկի:
Քանի երեխա է էքսկուրսիաներից, հագուստից ամեն ինչից զրկվելու: Քանիսը պիտի բացեն սքայփը ու սպասեն մինչև իրենց կզանգեն էն խոպան կոչվածից: Ինչքան արցունք է թափվելու յուրաքանչյուրիս բակում մեր բարեկամներին ճանապարհելիս: Հետո քանի՞սն են հետ դառնալու: Գիտեք, թե հե՞տ են դառնալու: Չէ: Գալու են ու տանելու են իրենց ընտանիքներին: Ու մեր շենքի, ձեր շենքի քանի՜ ու քանի՜ պատուհանի լույս է ընդմիշտ մարելու: Ու հետ չեն գա մինչև հարսանիք, կնունք կամ էլ թաղում չլինի: Դու չես գա:
Ու մի օր ընկեր Մարգոն ասելու է.
-Այս անգամ միայն հայրիկները գան ծնողական ժողով: Լսեցի՞ն բոլորը:
- Ընկե՛ր Մարգո, մեր հայրերը էստեղ չեն՝ Ռուսաստանում են, ինչպես գան,- ասելու են Վարդանիկները ու 2 ամսից իրենք էլ գնալու են: