naira mkhitaryan

Խոստովանություն

-Ախր ո՞նց կարողացար դուրս գալ խմբակից, վեց տարիդ անիմաստ ջուրը գցեցիր, գոնե էս մի տարին էլ գնայիր, վկայականդ ստանայիր:

Վերջերս շատ եմ լսում էս հարցը ու միշտ նույն պատասխանը տալիս.

-Դե, ժամանակ չեմ ունենա հաստատ, սկսելու եմ ինձ անհրաժեշտ առարկաները պարապել արդեն, համ էլ համայնքային խոշորացումից հետո վարձը կրկնապատկվեց: Անիմաստ եմ համարում էդքան գումար տալ, մանավանդ, որ էդ վկայականով ոչինչ չեմ կարող անել:

Վերջում էլ պարտաճանաչ ավելացնում եմ.

-Համ էլ հավես չունեմ, մի տեսակ հոգնել եմ:

Չէ, ես չեմ հոգնել ու երբեք չեմ հոգնի դաշնամուր նվագելուց, երբ մենակ եմ կամ մտերիմ ընկերների հետ: Ես հոգնել եմ ու չեմ վարանի ասել՝ ատում եմ բոլոր տեսակի համերգները, որտեղ ներկայանում ու նվագում եմ: Ես դա չեմ համարի բարդույթ կամ կոմպլեքս, ուղղակի չեմ սիրում:

Հիշում եմ, թե ինչպես առաջին համերգի ժամանակ նվագեցի ու առանց խոնարհվելու իջա բեմից, իսկ վերջի՞նը. վերջինի ժամանակ էլ:

Հիմա հնարավորություն ունեմ բացատրելու: Չէ, ես ինքնահավան չեմ: Ուղղակի առաջին համերգի ժամանակ ինձ ասել էին, որ հանկարծ չխոնարհվեմ: Համերգը ամբողջական ներկայացում էր, ու դաշնամուրային համարը՝ պարզապես ներկայացման դրվագ: Իսկ վերջի՞նը: Վերջինի ժամանակ չխոնարհվեցի, որովհետև չէի նվագել: Հա, հենց էդպես: Սառած ու դողացող մատներով մի երկու ստեղն սեղմեցի: Ազնավուր էի նվագում կամ պիտի նվագեի: Հետո տեխնիկական խնդրի պատճառով սկսեցի չլսել ինքս ինձ, խառնվեցի ու հաջորդ վայրկյանին հեռացա բեմից:

Չեմ ասի, որ միակ պատճառը տեխնիկականն էր: Չնայած` չէ, լավ էլ տեխնիկականն էր. ուղեղս անջատվել էր: Հուսամ, կներեք ավելի չմանրամասնելու համար, ուղղակի կան զգացումներ, որ անբացատելի են…

Բեմից իջնելուց անմիջապես հետո տուն շտապեցի: Տանն եմ, Ազնավուր եմ նվագում` «Հավերժական սերը», նվագում եմ այնպես, ինչպես երբեք: Սառած չեմ, հոգիս միացրած է, զգում եմ: Այնպես, ինչպես պահանջում, հորդորում էր ուսուցիչս: Տանը ոչ ոք չկար: Նվագելն ավարտելուց հետո ողբս եմ կապել ու շարունակ մեղադրում եմ ինձ:

Հիշում եմ, թե ինչպես չորս տարի առաջ երազում էի Բեթհովենի «Էլիզեի համար»-ը նվագել, բայց քանի որ այն բավականին բարդ էր, իսկ ես նոր-նոր կարապների, սագերի ու բադերի պարեր էի նվագում, երազանքս չիրականացավ այդ և մոտակա երեք տարիների ընթացքում:

Գալիք հաշվետու համերգին պիտի հենց էդ ստեղծագործությամբ ներկայանայի, բայց չեմ ներկայանա, որովհետև ատում եմ ամեն տեսակ համերգները, ու որովհետև ես էլ խմբակի սան չեմ:

Երազանքս իրականացնելու համար ինձ անհրաժեշտ չեն բեմ, հանդիսատես ու ծափեր, ես դրա իրականացման բերկրանքը զգում եմ ամեն անգամ, երբ տանը մենակ եմ: