Mher Taroyan

Խոսք՝ խոսքի մասին

-Դե, խոսք տուր:
-Հը՞ն, ո՞նց խոսք տամ:
-Հա, դե խոսք տուր, թե` ճիշտ ես ասում:
-Է, տամ… Ըհը, վերցրու:

Խոսք: Ո՞ւմ ենք տալիս, ինչո՞ւ ենք տալիս: Ու ընդհանրապես ի՞նչ բան է էս խոսքը: Զուտ մտքերը փոխանցելու ու հաղորդակցվելու միջո՞ց: Չէ, հաստատ չէ:

Խոսքը զենք է ու աշխարհի ամենա-ամենա զենքը: Խոսքը իր մեջ ամփոփում է ու իրեն ենթարկում մարդկային գիտակցության մեջ տեղավորվող ամեն բան:
Մարդկանց մեջ քո մասին կարծիքը ձևավորվում է մի քանի տասնյակ բաղադրիչներից ելնելով, բայց դրանց մեջ ամենահիմնարարը քո խոսքն է:

Ու ընդհանրապես պետք չէ, որ այն լինի երկարաշունչ, զարդարուն ու վերամբարձ բառերով: Չէ, քո խոսքը կարող է լինել ընդամենը մեկ կամ երկու բառ՝ վստահ, հստակ ու ամենակարևորը, բովանդակալից մի քանի բառ:

Ու հավատա, նման կերպ դու կունենաս քո արժանի տեղը հասարակության մեջ, քեզ կլսեն ու հաշվի կնստեն քո խոսքի հետ:
Հիմա տեսնո՞ւմ ես, որ խոսքը, իրոք զենք է, որի միջոցով կարող ես թե՛ պաշտպանվել, թե՛ հարձակվել: Ճիշտ է՝ բոլորը չեն, որ այդ զենքով զինված են, կամ այն գործածել ու կիրառել գիտեն, բայց հավատա՝ ամեն բան քո ձեոքերում է:

Մտածված խոսենք: