Խորեն պապիկը դարձավ 102 տարեկան

Խորեն Սարգսի Կիրակոսյանը ծնվել է 1913 թվականի հոկտեմբերի 18-ին Լոռու մարզի Քարաբերդ գյուղում: Այո, այո, ճիշտ եմ գրել, վրիպակ չկա` 1913-ին: Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: Հիմա շատ քչերին է հաջողվում ապրել մեկ դար: Այդ մարդկանցից մեկը Խորեն պապիկն է:
Չկարողացա անձամբ տեսնել Խորեն պապիկին, այդ իսկ պատճառով զրույցս վարեցի Խորեն պապիկի փոքր դստեր` Գայանե Սարոյանի հետ: Ի դեպ նշեմ, որ Գայանե Սարոյանը իմ տատիկն է (մայրիկիս մայրը): Խնդրեցի տատիկիս մի փոքր պատմել իր հայրիկի մասին դեպքեր: Տատիկս պատմեց, որ իր հայրը ունեցել է մի սովորություն. ամեն անգամ ինչ-որ տեղ գնալիս միշտ հաց է վերցրել իր հետ:
Եվ մի անգամ Վանաձորից տուն վերադառնալիս ավտոբուսի մեջ մի երեխա սկսել է լաց լինել: Ոչ ոք չի հասկացել երեխայի լաց լինելու պատճառը, և չեն կարողացել հանգստացնել երեխային: Այդ ժամանակ Խորեն պապիկը իր մոտից հանել է հացը և տվել երեխային, որից հետո երեխան այլևս չի լացել:

Խորեն պապիկը մի սովորություն էլ է ունեցել. ամեն գիշեր արթնացրել է տատիկիս, որպեսզի իրան մածուն տա: Տատիկս ասաց, որ այդ ժամանակ երեխա է եղել: Խոստովանենք, որ շատ տարօրինակ և հետաքրքիր սովորություն է` արթնացնել երեխային քնից մածուն ուտելու համար:
Շատ է սիրել երգել, աշխատասեր և հարգանքով մարդ է: Խորեն պապիկը նախկինում եղել է հովիվ: Ամեն անգամ սարից վերադառնալիս նոր ծնված գառնուկներին տատիկս տվել է հարևաններին, և դրա փոխարեն նրանք ձու են տվել:
Խորեն պապիկը հիմա ապրում է Լոռու մարզի Փամբակ գյուղում, և Փամբակ գյուղի ամենատարեց  բնակիչն է: Խորեն պապիկն ունի 8 զավակ (6 տղա, 2 աղջիկ: 3 տղաները արդեն մահացել են), 26 թոռ, 62 ծոռ և 12 կոռ: Բոլորը միասին 108 հոգի են:

Հոկտեմբերի 18-ին լրացավ պապիկի 102-ամյակը: Բայց ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի պապիկը տխուր էր, որովհետև բոլորովին վերջերս մահացել է Խորեն պապիկի կինը` Բավական տատիկը (97 տարեկան հասակում): Տատիկին գյուղում բոլորը ասել են Իգիթ Բավական:
Մայրիկս պատմում է, որ ամեն անգամ գյուղ այցելելիս Բավական տատիկը տաք-տաք խավիծ և պանիր է պատրաստել և հյուրասիրել թոռներին:
Իսկ ես հիշում եմ, որ մի անգամ մայրիկիս, տատիկիս և քրոջս հետ գնացել էինք Փամբակ գյուղ` Խորեն պապիկին և Բավական տատիկին տեսակցության: Գնացինք այգի, որը ի դեպ շատ լավ մշակված էր, համտեսեցինք խնձոր, տանձ: Այգում կար տաղավարի նման ինչ-որ բան (կոնկրետ չեմ հիշում): Տատիկն ասում էր, որ շատ գործ անելուց հետո նստում է այդտեղ, որպեսզի հանգստանա: Այդ օրը մնացինք գյուղում և պառկեցինք քնելու բավականին ուշ: Զրուցում էինք տարբեր թեմաների շուրջ, հետաքրքիր պատմություններ էին պատմում, իսկ Խորեն պապիկը երգում էր: Հաջորդ օրը տուն վերադառնալիս Բավական տատիկը իր այգու բարիքներից ուղարկեց նաև մորաքրոջս համար:
Խորեն պապիկն ու Բավական տատիկը եղել են 85 տարվա ամուսիններ: Շատ հյուրասեր ամուսիններ են եղել և ամեն անցնողի առանց հյուրասիրելու չեն թողել ճանապարհը շարունակել: Խորեն պապիկը շատ է սիրում իր թոռնիկներին, ծոռներին և այդ տարիքում հիշում է բոլորիս և միշտ հարցնում մեր որպիսությունը:
Խորեն պապիկը նաև գերի է ընկել, և մի կերպ է ազատվել հակառակորդի ձեռքից: Ինչքան գիտեմ, նրան օգնել է փախչել ճաշարանի աշխատողներից մեկը:
Մաղթում եմ Խորեն պապիկին առողջություն, և որ կյանքի մնացած մասն ապրի անհոգ և երջանիկ: