lusine atanesyan-2

Խրախուսելու ուժը

Արդեն համարյա մեկ ամիս է` գնում ենք դպրոց: Ամեն ինչ շատ լավ է: Մեզ արդեն հանձնարարություններ են տալիս: Այս տարի բացի այն առարկաներից, որոնք մենք անցնում ենք, ավելացել են ևս երկու առարկա` հասարակագիտություն և ՆԶՊ: Ուզում եմ ասել, որ ամեն ինչ շատ նորմալ է: Այսքանի մեջ մի արտասովոր բա կա: Արդեն 17-րդ օրն է, բայց մեզ դեռ նախորդ տարվա գովասանագրերը չեն տվել: Միշտ գովասանագրերը բաժանում էին դպրոցի բակում, սակայն այս երեք տարի է, ինչ գովասանագրերը բաժանում են դասարաններում: Մենք մտնում էինք դասարան, և դասղեկները բաժանում էին մեզ գովասանագրեր: Սակայն այս տարի դա էլ չեղավ:

Գիտեք, ամենահետաքրքիրը որն է, որ նույնիսկ գովասանագրերը պատրաստ չեն, և մեր դպրոցում էլ չեն: Ես դպրոցի տնօրինությանը չեմ մեղադրում, այլ մեղադրում եմ դրանով զբաղվողներին: Արդեն ամեն ինչ պարտականության նման մի բան է դարձել: Մենք պարտավոր ենք ամեն սեպտեմբերի մեկին բարձրանալ դպրոց, իսկ դրանից հետո ամեն օր գնալ դպրոց, գալ տուն և անցնել դասերին, բայց երբ գիտես, որ քո արածը վերջում գնահատվելու է, դու դա սիրով ես անում:

Ես զգացել եմ, թե ինչ է զգում այն մարդը, երբ այդքան երեխաների միջից կանչում են ընդամենը մի քանիսի անունները: Բայց եկավ մի պահ, երբ այդ ամենի վերջն էլ եկավ, և շատ երեխաներ չզգացին այդ քաղցրությունը: Երբ քեզ խրախուսում են, ամեն ինչ անում ես ավելի մեծ հաճույքով: Այս ամենը թևաթափ է անում երեխաներին, և նրանք չեն ցանկանում սովորել:

Երբ ես իմ եղբորը պատմում էի այն զգացմունքների մասին, որ զգում եմ, երբ տնօրենը ինձ է հանձնում գովասանագիրը, և երբ գովասանագիր ստանալու հերթը հասավ եղբորս, նա չզգաց այդ հաճելի երևույթը:

Ես ուղղակի խնդրում եմ. թող գովասանագրերը բաժանեն բոլորի ներկայությամբ, այլ ոչ «գաղտնի», և եթե ոչ դրսում հանդիսավորությամբ, ապա գոնե սեպտեմբերի մեկին դասարանում: