seda mkhitaryan

Խրամատից դասասենյակ

«Ես ու՞ր, դասատուն ու՞ր». այսպես արձագանքեց ազատամարտիկ Ռազմիկ Մադարյանը Վանաձորի 17-րդ դպրոցում ռազմագիտություն դասավանդելու առաջարկին։ Բայց այնուամենայնիվ մտածեց, որ իր փորձն ու գիտելիքները պետք է փոխանցի սերունդներին։

-Ես աշակերտներիս փորձում եմ տալ այն, ինչը չկա դասագրքում, ուզում եմ, որ նրանք ինձնից «գողանան» այն, ինչ չեն կարող կարդալ գրքում։
Ռազմիկ Մադարյանը Արցախյան շարժմանը մասնակցելը բախտավորություն է համարում, քանի որ իր համար շատ կարևոր էր հանուն հայրենիքի որևէ լավ բան անելը։ Ռազմիկ Մադարյանը ծնվել է հայրենիքից դուրս` Հալեպ քաղաքում, բայց սա չի խանգարել նրան մանկուց իր մեջ կրել հայրենասիրությունը և ազգին նվիրումը։

-Հայրենասիրությունը ինձ փոխանցվել է արյան ու մորս կաթի միջոցով։ Լուսահոգի տատիկս միշտ պատմում էր ջարդի, կոտորածների ժամանակ կատարված վայրագությունների մասին։ Մեր տան թեման եղել է հավատի, լեզվի, ազգի պահպանությունը։

Ազատամարտիկը արմատներով մշեցի է։ Նրա նախնիները ջարդերի ժամանակ Մշից գաղթել են Ուրֆա և հաստատվել այնտեղի միակ հայկական գյուղում` Մուճում։
Պատերազմին մասնակցելու համար Ռազմիկին ոգեշնչել է նաև ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) շարժումը։

-Իմ հորեղբոր տղան` Մկրտիչ Մադարյանը, 1983 թվականին, լինելով այդ բանակի մարտիկ, Ստամբուլի մեջ ռազմական գործողություն կատարեց։ Վերջում էլ ինքն իրեն պայթեցրեց, որ գերի չընկնի։ Այդ ամեն ինչը կար՝  հողը, հիմքը կար, և մենք էլ անմասն չմնացինք։
Ռազմիկ Մադարյանը իր մարտական ուղին սկսել է Արցախյան շարժման հենց սկզբում, երբ եղբոր հետ զինվորագրվեցին Վանաձորի «Զորավար Անդրանիկ» ջոկատին։ Այս ջոկատը պահպանում էր Հայաստանի սահմանամերձ գոտիների անվտանգությունը։

-1992 թվականի հունվարի 15-ից  Վանաձորի «Նժդեհ» ջոկատի hետ միասին «Զորավար Անդրանիկ» ջոկատը նախարարությունից զենք ստացավ, ու գնացինք Արցախ։ Այն ժամանակ ճանապարհ չկար, ուղղաթիռով գնացինք Արցախի Հադրութի շրջան։

Այնտեղ մնացել է մոտավորապես վեց ամիս։ Հետո Ռազմիկը վերադառնում է Հայաստան։

-Տանը ընդամենը մի գիշեր մնացի, հետո «Մեծն Մուրադ» ջոկատի կազմում գնացինք Մարտակերտի շրջան։

Այս ժամանակ Շահումյանի շրջանում թեժ մարտեր էին։ Արդեն կամավորական ջոկատները կազմալուծում էին, ու ձևավորվում էր բանակ։ Ռազմիկ Մադարյանը Մարտակերտի շրջանում կռվելիս վիրավորում ստացավ, բայց հրամանատարի բացակայության պատճառով իր վրա վերցրեց ջոկատի ղեկավարումը և շարունակեց վիրավոր կռվել։

-Երբ վերադարձա Հայաստան, արդեն ապաքինվել էի, ոչ մի բան չէր մնացել։
Ռազմիկ Մադարյանի համար հատկապես տպավորիչ էր Քարվաճառի ազատագրումը։

-Կամո Հովհաննիսյանը գլխավորում էր մեր 30 հոգանոց ջոկատը, որը ծուղակի մեջ ընկավ, մեր ընկերներից ինը զոհվեցին, իսկ տասնութը` վիրավորվեցին։

Վիրավորված ազատամարտիկների թվում  էր նաև Ռազմիկ Մադարյանը։ Երկու տեղից ծանր վիրավորված լինելը նրա մարտական ուղին ընդհատեց գրեթե 3 տարով։ Ապաքինվելուց հետո վերադարձավ բանակ և ծառայության անցավ հոսպիտալում` որպես կադրերի բաժնի պետ, հետագայում որպես հոսպիտալի պետի տեղակալ։ Հոսպիտալում 10 տարի ծառայելուց հետո, իր խոսքով ասած, թոշակի անցավ։
Պատերազմի տարիները Ռազմիկից խլեցին նրա լավագույն ընկերներին։

-Իսկ իմ բախտը չբերեց, ու ողջ մնացի։

Ազատամարտիկը կարծում է, որ եթե չլինեին քաղաքական ելևէջումները, իրենց պայքարը ավելի արդյունավետ կլիներ, և գրաված տարածքներն էլ ավելին կլինեին։
Հիմա դպրոցում դասավանդելուց զատ Ռազմիկը նաև Վանաձորի «Ինտերկապ» բարեգործական կազմակերպության փոխնախագահն է, ինչպես նաև Երկրապահ կամավորական միության Վանաձորի բաժանմունքի նախագահը։ Դպրոցում դասավանդելը օգնեց մեր հերոսին ավելի լավ պատկերացնել այսօրվա սերնդի հոգեբանությունը։ Ըստ նրա` այսօր ունենք խելացի, բանիմաց ու նվիրված երիտասարդություն, որն ունենալով նախնիների փորձը, հիմա ծառայում է արժանապատիվ և հաղթանակած բանակում։

-Բանակին նայում եմ որպես իմ զավակի։ Բանակ և անկախ պետություն ունենալը իմ ու իմ ռազմական ընկերների երազանքն էր, և այսօր մենք ունենք երկուսն էլ։ Ես շատ ցավ եմ ապրում, երբ բանակում տեսնում եմ այն, ինչը պետք է չլիներ, ու մենք չէինք էլ հանդուրժի։ Բանակի կազմավորման, ձևավորման, ստեղծման գործում մեր կամավորականները մեծ դեր ու նշանակություն են ունեցել։

Ազատամարտիկի կարծիքով Հայաստանը էլ ավելի հզոր կլինի, եթե ավելանա հավատը մեկը մյուսի հանդեպ։

-Երիտասարդները պետք է ընդունեն նախորդների փորձը, իսկ ավագ սերունդը պետք է հավատա այսօրվա երիտասարդին ու նրա ներուժին։

Ռազմիկ Մադարյանի համար կարևոր է, որ այսօրվա երիտասարդները նվիրված լինեն.

-Պարտադիր չէ, որ բոլորը զինվոր դառնան, բայց թող զինվորի պես նվիրված բանվոր դառնան, մտավորական կամ ցանկացած այլ բան, կարևորը` հավատարիմ լինեն իրենց հողին ու արմատներին: