Ծանոթացեք. մասնագիտությունը` ագրոէկոլոգ

Հարցազրույց ագրոէկոլոգ Լուսինե Նալբանդյանի հետ:

-Մի փոքր պատմե՛ք Ձեր մասին։

-Ես Լուսինեն եմ, մասնագիտությամբ ագրոէկոլոգ եմ, շատ հետաքրքիր մասնագիտություն ունեմ։ 2006 թվականից սկսած՝ մասնակցել եմ կայուն գյուղատնտեսության զարգացման տարբեր տեսակի ծրագրերի Հայաստանում։ Մենք փորձել ենք տարբեր գյուղական համայնքներում այնպես անել, որ գյուղատնտեսությունը դառնա ավելի եկամտաբեր, ավելի կայուն, և ստեղծվեն հնարավորություններ, որ մարդիկ չցանկանան գյուղը լքել, այլ ապրեն գյուղում, ստեղծեն իրենց եկամուտները, բայց միևնույն ժամանակ, չվնասեն բնությանը։ Դա է եղել ամբողջ գաղափարախոսությունը։ Եվ այդ ընթացքում (2006-ից մինչ հիմա) տարաբնույթ ծրագրեր են անընդհատ իրականացվել տարբեր գյուղական համայնքներում։ Հաջողված փորձերից մեկն էլ Սոլակ գյուղինն է եղել։

-Ո՞ր տարիքից եք հետաքրքրվում գյուղատնտեսությամբ։

-Մանկուց ինձ համար շատ գրավիչ, թանկ ու կարևոր է եղել բնությունը, միշտ ինձ համարել եմ բնությանը մոտ մարդ։

Ես քաղաքում ծնված, քաղաքում մեծացած աղջիկ եմ, «ասֆալտի վրա», եթե այդպես կարելի է ասել։ Եվ իմ սերը գյուղատնտեսության նկատմամբ չի գալիս մանկուց։ Իրականում կար սեր բնության նկատմամբ, ոչ թե գյուղատնտեսության։ Եվ երբ արդեն ժամանակն էր որոշելու՝ ինչ մասնագետ դառնալ, ես պատկերացնում էի ինձ բնապահպանության ոլորտում և որոշեցի, որ պետք է գնամ այդ ուղղությամբ, բնապահպան դառնամ։ Եվ այնպես ստացվեց, որ հայտնվեցի Ագրարային համալսարանի ագրոէկոլոգիայի ֆակուլտետում և սկսեցի ուսումնասիրել ագրոէկոլոգիան։ Ու դա դարձավ ուղի, ճակատագիր, որովհետև բոլորը՝ և՛ բակալավրը, և՛ մագիստրատուրան, և՛ ասպիրանտուրան, ագրոէկոլոգիայի ուղղությամբ են եղել։

Ագրոէկոլոգիան, իրականում, Հայաստանի և աշխարհի համար երիտասարդ գիտություն է։ Այն մասին է, թե ինչպես վարել գյուղատնտեսությունը, որ չվնասես բնությանը, կրկնօրինակես բնությանը, բայց նաև ստանաս օգուտ, այսինքն՝ դա լինի եկամտաբեր։ Եվ տարիներ շարունակ փորձում ենք տարբեր գյուղերում ներդնել ագրոէկոլոգիական սկզբունքները։

-Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք վնասել բնությանը։ Օրինակ՝ գյուղացին իր գործունեության ընթացքում ինչպե՞ս է վնասում բնությանը։

-Մենք ի՞նչ ենք անում։ Մենք վարում ենք հողը ու վարում ենք շատ խորը։ Իրականում, հողը կենդանի օրգանիզմ է, բայց մենք հողին վերաբերվում ենք որպես ընդամենը միջավայրի, որտեղ աճում են մեր բույսերը։ Հողի մեջ կա այնքան շատ կյանք, որ ոչ մի այլ տեղում չկա, 1 հա հողի մեջ միլիարդների հասնող կենդանի օրգանիզմներ կան։ Դրանք փոքր են, անտեսանելի մեզ համար, բայց դրանք կենդանի օրգանիզմներ են և շատ կարևոր դեր են կատարում։

Եվ այսպես, ի՞նչ է անում գյուղացին։ Գյուղացին վնասում է ամենաառաջինը իր կերակրողին՝ հողին, սխալ վերաբերմունքով, միակողմանի հանքային պարարտացմամբ, խորը վարով, այսինքն՝ վերաբերվելով ոչ որպես կենդանի օրգանիզմի։ Մինչդեռ, օրինակ, կայուն գյուղատնտեսության մեթոդներն ասում են, որ հողը պետք չէ խորը վարել, պետք է միայն մակերեսային վարել, հողին պետք չէ տալ արհեստական պարարտանյութեր, հողը պետք է լինի միշտ ծածկված։ Բնության մեջ՝ անտառում, դաշտերում, սարերում, մենք երբեք չենք տեսնի լերկ, դատարկ հող։ Ուշադրությո՛ւն դարձրեք՝ վայրի բնության մեջ երբեք դատարկ հող չեք տեսնի, այն միշտ ծածկված է մոլախոտերով կամ ինչ-որ կանաչ զանգվածով։ Եթե ինքը ծածկված չէ, ուրեմն մի բան այդ հողի հետ այնպես չէ։

Իսկ մենք ի՞նչ ենք անում։ Մենք այդ ամբողջ խոշոր բազմազանությունը հանում ենք, վարում ենք, հեռացնում ենք, պայքարում ենք մոլախոտերի դեմ, ընտրում ենք մի մշակաբույս և ասում ենք, որ այդ մշակաբույսը պետք է այստեղ աճի, ու ոչնչացնում ենք մյուս բոլոր կենդանի օրգանիզմները։ Հողին դարձնում ենք այդպիսով շատ խոցելի։ Նաև մենք անխնա օգտագործում ենք թունաքիմիկատներ։ Օգտագործում ենք, օրինակ, մոլախոտասպան մի միջոց, որի անունն է «Round up», ազդանյութը՝ կլիֆոսատ։ Կլիֆոսատը թույն է, որն օգտագործում են մոլախոտերը վերացնելու, սպանելու համար։ Այն նպաստում է, որ բույսը չաճի։ Բայց դա այնքան վտանգավոր և ամենասպան նյութ է, որ սպանում է բոլոր տեսակի բույսերին։

Տատիկներից երևի լսած կլինեք «ДТТ»-ի մասին։ Դրանով ոջիլ էին սպանում, ցեցերի դեմ էին պայքարում և շատ այլ բաներ։ Տանն էլ էին պահում՝ դարակներում։ Հետո պարզվեց, որ դա շատ վտանգավոր թույն է, 30 և ավել տարի մնում է հողում, քաղցկեղածին է և այլն։ Մեր կազմակերպությունը մի քանի տարի առաջ հետազոտություն արեց։ Արարատի մարզի կանանց՝ կերակրող մայրերի կրծքի կաթից վերցրինք և հետազոտեցինք։ Կրծքի կաթի նմուշների գերակշիռ մասում՝ գրեթե 95%-ում, հայտնվեց «ДТТ»։ Սա նշանակում է, որ մենք արդեն անցել ենք այն վտանգավորի սահմանը, և դա ներթափանցել է մեր օրգանիզմ, մենք արդեն մայր-երեխա շղթայի միջոցով ենք դա փոխանցում։

Եվ նույնպիսի վտանգ իրենից ներկայացնում է գլիֆոսատ ասվածը, որը նույնպես քաղցկեղածին է, շատ երկար ժամանակ մնում է հողի մեջ, չի քայքայվում։ Սա ընդամենը մի օրինակ է, որ բերում եմ, բայց նմանատիպ օրինակները շատ-շատ են, և գյուղատնտեսությունը հենց այսպես է վնասվում։

Դիտարկենք անասնապահությունը։ Ինտենսիվ անասնապահության ժամանակ օգտագործվում են մեծ քանակի հակաբիոտիկներ։ Բացի այդ՝ գոմաղբը, գոմաղբահեղուկը գոմաղբամբարներից հանվում է և չկանոնակարգված մշակման է ենթարկվում։ Կարող է գնալ, լցվել մեր ջրային ավազանները և հանդիսանալ պատճառ՝ ջրերի ծաղկման։ Երբ սննդատարրերը ջրի մեջ մեծ քանակությամբ են հայտնվում, դա նպաստում է կապտականաչ ջրիմուռների աճին։ Ջրիմուռներն աճում են և պատում են ջրային ծածկույթները, ինչից ջուրը դառնում է ծաղկած, ինչը լավ չէ, որովհետև փոխվում է ջրի ողջ միկրոֆլորան։ Եվ ջրի օլիգոտրոֆ վիճակը, այսինքն՝ կայուն վիճակը, դառնում է էֆտրոֆ վիճակ, տեղի է ունենում էֆտրոֆիկացիա՝ ջրի ծաղկում։

Ուրիշ ի՞նչ վնաս։ Մենք անընդհատ ծանր տեխնիկա ենք օգտագործում հողը վարելու համար։ Փխրեցում ենք առաջացնում, կառուցվածքը խախտում ենք։ Հողը պնդանում է, հետո շոգի ժամանակ այդպես չորանում է, անձրևներից ճաքում է։ Մենք փչացնում ենք հողի որակը, ֆիզիկական հատկանիշները։ Այսպես կարող եմ շատ-շատ խնդիրներ թվել։

Իրականում, գյուղատնտեսությունը ամենախոշոր աղտոտիչն է, բայց այն նաև մեզ սնողն է․ չլինի գյուղատնտեսություն՝ չենք սնվի մենք։ Վերջերս մի ասույթ կարդացի, կարծում եմ՝ շատ դիպուկ է․ «Դու ուտում ես՝ ուրեմն դու կապ ունես գյուղատնտեսության հետ»։ Իրականում, հա, եթե մենք ուտում ենք, մենք կապ ունենք գյուղատնտեսության հետ, մենք կամա-ակամա սպառող ենք։ Եվ գյուղատնտեսությունն ինչքան էլ որ մեզ սնողն է, այն նաև ամենախոշոր աղտոտողն է՝ արդեն փորձագիտական տվյալների համաձայն։

-Այսինքն` Դուք փնտրում եք գյուղատնտեսությունն ավելի ապահով վարելու եղանակներ։

-Այդ եղանակները կան, մենք նոր հեծանիվ չենք հայտնագործում, բայց մենք փորձում ենք այդ եղանակներն ադապտացնել Հայաստանի պայմաններին և անել այնպես, որ դրանց կիրառման արդյունքում վնասներ չլինեն, այլ լինեն օգուտներ։ Օրինակ՝ Սոլակում մենք որոշել և ստեղծել ենք կայուն երկրագործության կենտրոն։ Այդ կենտրոնում կառուցել ենք փոքրիկ ջերմոց, որտեղ գյուղի կանայք (հենց կանայք, որովհետև գործը հիմնականում իրենց վրա է) աճեցնում են սածիլներ, հետո վաճառում դրանք։ Սածիլներն աճեցվում են առանց որևէ քիմիական միջամտության, ամբողջովին մաքուր, անվտանգ, օրգանական մեթոդներով և վաճառվում կամ տրամադրվում են գյուղաբնակներին։ Վերջիններս էլ աճեցնում են լոլիկ, պղպեղ, վարունգ, սմբուկ, ինչը որ կլինի։ Սա մի տարբերակ։

Մենք իրենց տվել ենք օրգանական պարարտանյութեր արտադրելու հնարավորություն։ Մեր օգնությամբ՝ գյուղացիները զբաղվում են որդակոմպոստացմամբ կամ ձեռք են բերում որդակոմպոստ։ Այդ նույն գոմաղբը հատուկ միջավայրում հատուկ ձևով տալիս են որդերին, որդերը ուտում են, և նրանց արտաթորանքը դառնում է օրգանական պարարտանյութ՝ ոչ վնասակար, անվտանգ որդակոմպոստ։ Այդ պարարտանյութը տալիս են բույսերին, բույսերը շատ լավ աճում են։

Բացի այդ՝ մենք հավաքում ենք բոլոր անձրևաջրերը, մեր անձրևաջրերը չեն գնում կորչում։ Հատուկ կայան ենք կառուցել հողի տակ, որտեղ կուտակվում են անձրևաջրերը։ Ջրային ռեսուրսները շատ կարևոր են գյուղատնտեսության մեջ։ Այդ տարածքում ջուր չկար, իսկ ոռոգման ջուր շատ քիչ էին տալիս, և հնարավոր չէր ջրել։ Իսկ հիմա մենք կարող ենք և՛ ջրել, և՛ արդյունք ստանալ։

Մեկ այլ բան, որ անում ենք․ ստեղծել ենք արևային արկղատիպ չորանոցներ, որտեղ տարբեր ընտանիքներ հնարավորություն ունեն իրենց մրգերը չորացնելու մաքուր պայմաններում ու վաճառելով կամ օգտագործելով սեփական կարիքների համար՝ օգուտներ ունենալու։

Դրանից բացի՝ ստեղծել ենք մեկ հատ էլ արտադրական չորանոց։ Դա հիբրիդ տեսակի չորանոց է, որն աշխատում է և՛ արևի էներգիայով՝ արևային մարտկոցների շնորհիվ, և՛ էլեկտրականությամբ։ Եթե այդ պահին արև չկա, որպեսզի բերքը չփչանա, միանում է էլեկտրականություն։ Իսկ եթե կա արև, էլ չէ։ Մի ժամանակ միայն արևային պանելներով էր, հիմա դրել ենք նաև մարտկոց։ Այսինքն՝ կարող ենք գեներացնել հոսանք և այդ հոսանքով իրականացնել չորացում։ Ամբողջովին բնապահպանական մոտեցում․ քիչ ենք սպառում, շատ ենք ստեղծում, արժեք ենք ստեղծում չսպառելով։

Մենք ստեղծել էինք մի հետաքրքիր փոքր խանութ, որը կոչվում է «Կանգ և առ» կամ «Առողջ կանգառ» («Stop and buy», «Healthy stop») Սևան-Երևան մայրուղու 39-րդ կիլոմետրին։ Դա ճանապարհային խանութ էր, որտեղ գյուղաբնակները կարող էին վաճառել իրենց ձեռքով աճեցրած հատիկաընդեղենը և իրենց արտադրած գյուղմթերքը։

Չորս գյուղերից մեր ֆերմերների խմբին, օրինակ, տարել ենք Ֆրանսիա՝ փորձի փոխանակման։ Նրանք սովորել են կայուն գյուղատնտեսության, էկոտուրիզմի տարբեր գործելակերպեր Ֆրանսիայում, վերադարձել են և փորձել են դրանք այստեղ կյանքի կոչել։ Դրանից բացի՝ մենք իրենց տվել ենք շա՜տ մեծ քանակի գիտելիք։ Ամենամեծ ուժը գիտելիքն է։ Եթե դու գիտելիքով զինված ես, ուրեմն հարուստ ես և կարող ես շատ բաների հասնել։ Մենք իրենց կրթել ենք տարբեր ուղղություններով և փորձել ենք դարձնել ավելի մրցունակ։ Օրինակ՝ կրթել ենք, թե ինչպես պատրաստել որդակոմպոստ կամ կենսահումուս, թե ինչպես չորացնել կամ ստանալ արևային չորամրգեր, ինչպես կառուցել արևային չորանոցներ, ինչպես պայքարել վնասատուների և հիվանդությունների դեմ՝ առանց թունաքիմիկատների կիրառման և ինչպես ստանալ եկամուտ կայուն գյուղատնտեսության միջոցով։ Կաթիլ առ կաթիլ, ամեն օր մի նոր քայլ դնելով առաջ ենք գնացել։

Ի դեպ, մեր կենտրոնում բացի ջերմոցից մենք ունենք նաև բարձրացված մարգեր, որտեղ մարդիկ աճեցնում են տարբեր տեսակի մշակաբույսեր։ Հեկտարներով մշակվել են ոսպ, հաճար, և էլի չեն օգտագործվել քիմիական եղանակներ, օրգանական պարարտանյութերով են պարարտացվել, և շատ լավ արդյունքներ ենք ստացել։

Ունենք նաև մի փոքր տարածք, որը նախատեսված է ագրոտուրիզմի զարգացման համար, և շատ մեծ պլաններ ունենք դրա հետ կապված։ Կահավորված լավ խոհանոց ունենք և մարդիկ, ովքեր շատ համեղ պատրաստում են։ Հնարավորություն կա գնալու, այդտեղ ճաշելու և, օրինակ, վայելելու սոլակյան սիրուն տեսարանը։ Մենք ուզում ենք ամբողջացնել բոլոր ուժերը և ստեղծել համընդհանուր արդյունք, որը կօգնի ընդհանուր գյուղի զարգացմանը։

-Իսկ ե՞րբ է բացվել այդ կենտրոնը։

-Կենտրոնը սկսել է գործել 2010 թվականից, և ամեն տարի մենք դրա վրա ինչ-որ նոր բան ենք ավելացնում: Անցյալ տարի, օրինակ, կատարեցինք դիզայներական աշխատանքներ, տարածքը արդեն շատ սիրուն նստելու տեղեր ունի, որ երբ մարդիկ գան հանգստանալու, իրենց ոչ միայն գյուղատնտեսությունն ու այդ համեղ բաները ձգեն, այլ նաև ընդհանուր հանգստանալու հնարավորությունը։

-Արտադրական չորանոցներում ի՞նչ չրեր եք պատրաստում:

-Պատրաստում ենք խնձորաչիր, սալորաչիր, ծիրանաչիր, ամեն ինչ չորացնում ենք հետագա վաճառքի համար։ Վաճառում ենք այդ ճանապարհամերձ խանութում, և նաև իրականացվում է ուղիղ վաճառք: Շատ սրճարաններ գիտեն մեր մասին, գիտեն, որ մեր կանայք արտադրում են ոսպ, գնում են կատարում ոսպի։ Վաճառում ենք նաև շուկաներում ուղիղ վաճառքի միջոցով։ Մենք նաև վաճառքին խրախուսելու համար առաջինն ենք եղել Հայաստանում, ով 2010 կամ 2011 թվականին, դժվարանում եմ հիմա հիշել, նշել ենք գյուղի կանանց միջազգային օրը, որն ամեն տարի տոնվում է հոկտեմբերի 15-ին ՄԱԿ-ի կողմից։ Դա այն օրն է, երբ բոլոր մարդիկ պետք է շնորհակալություն հայտնեն գյուղի կնոջը, մեծարեն իր կատարած աշխատանքների համար։ Ու մենք փորձեցինք Հայաստանում այդ մշակույթը մտցնել և հետաքրքիր ցուցահանդես-վաճառքներ էինք կազմակերպում մեր գյուղատնտեսական շուկաներին կից։ Կանայք գալիս էին, բերում էին իրենց արտադրատեսակները, մենք օգնում էինք, իրենց համար դա տեղափոխում էինք, տոնի էինք վերածում, շատ սիրուն զարդարում էինք տաղավարները, մարդիկ ոգևորված գալիս էին, որովհետև այդ արտադրատեսակները տարբերվում էին սովորական շուկայում առկա արտադրատեսակից։ Միջոցառումներ էինք կազմակերպում և փորձում էինք կարևորել կնոջ դերը։ Ցավոք պետք է նշեմ, որ կանայք ասում էին՝ այսքան տարիների ընթացքում մենք այսպիսի ուշադրության չէինք արժանացել նույնիսկ ընտանիքի անդամների կողմից։ Եվ դա կարծես թե ինչ-որ լուսավոր և ուրախալի օր էր իրենց կյանքում։ Եղել են դեպքեր, երբ հեռավոր սահմանամերձ գյուղերից եկած կանանց համար դա առաջին այցն է եղել Երևան, և իրենց համար դա շատ մեծ միջոցառում էր։ Ամեն տարի փորձել ենք կազմակերպել այս միջոցառումը՝ կախված հնարավորություններից։ Երբ ծրագիր էինք ունենում, անպայման կազմակերպում էինք։

Մենք ասելով նկատի ունեմ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը։ Եվ այս ամենը ես ձեզ ներկայացրի որպես այդ ՀԿ-ի ագրոէկոլոգ և ծրագրերի համակարգող։

-Կպատմե՞ք այդ ՀԿ-ի մասին։

-ՀԿ-ն ստեղծվել է 1999 թվականին Ելենա Մանվելյանի կողմից։ Միայն ես էի էկոլոգ, մյուս անդամները հիմնականում բժիշկներ են։ Եվ ինչո՞ւ առողջության և առողջ շրջակա միջավայրի, որովհետև մենք փորձում ենք բոլոր խնդիրները դիտարկել այն տեսանկյունից, որ այդ խնդիրները կամ բնապահպանական խնդիրները չվնասեն մարդու առողջությանը, այնպես անել, որ շրջակա միջավայրը լինի առողջ ու անվտանգ մարդու համար։ Կազմակերպության կայքում կտեսնեք, որ շատ տարաբնույթ ծրագրեր ենք իրականացնում՝ սկսած կայուն ջրօգտագործումից, գյուղատնտեսություն, բնապահպանություն, կենսաբազմազանություն, կլիմայի փոփոխություն, տարբեր բնույթի ծրագրեր։

-Կազմակերպության կազմում միայն կանա՞յք են։

-Կազմակերպության կազմում միայն կանայք են, այո, միայն մեկ վարորդ ունենք։ Մենք էդպիսի գենդերային խնդիր չունենք, ու ոնց որ մեր տնօրենն է ասում՝ մենք տղամարդկանց դեմ չենք, մենք տղամարդկանց կողմ ենք։

-Իսկ «ORWACO»-ից կպատմե՞ք։

-«ORWACO»-ն 2011 թվականին հիմնված հայ-նորվեգական փակ բաժնետիրական ընկերություն է, այսինքն՝ բիզնես ընկերություն է։ Ես «ORWACO»-ի հիմնադիր տնօրենն եմ։ Այն հիմնվել է որպես օրգանական պարարտանյութեր արտադրող ընկերություն, որի նպատակն է` արտադրական օրգանական թափոնները վերցնել և դրանք վերափոխել օրգանական պարարտանյութերի։ Եվ մենք 2011 թվականից սկսած՝ Հայաստանի համար արտադրում ենք օրգանական պարարտանյութեր, որոնք հավաստագրում ունեն։ Այս պահին միայն Հայաստանի համար ենք անում, բայց նաև զբաղվում ենք արտահանման հարցերով։ Հուսամ՝ շուտով արտահանելու հնարավորություն կունենանք։

-Ովքե՞ր են «ORWACO»-ի հիմնադիրները։

-«ORWACO»-ն ունեցել է շատ համահիմնադիրներ՝ երկու նորվեգական ընկերություն, մեկ հայկական ընկերություն և երեք հայ, այդ թվում նաև ես, բաժնետերեր։ Գաղափարի հիմքում և ֆունկցիոնալ կառավարման հիմքում եղել եմ ես, բայց մենք ունեցել ենք շատ խոշոր օժանդակողներ, աջակիցներ ու գաղափարի հետևորդներ։

Իմ գործընկերոջը՝ Ռոլֆ Կեվինին, ես պատիվ ունեցա հանդիպել 2009 թվականին։ Նա ինձ ներկայացրեց Լուսակերտի բիոգազի կայանի թռչնաղբի խնդիրը։ Բիոգազը ստացվում էր, և էնտեղ առաջանում էր թռչնաղբ՝ մոտ 95 տոկոս խոնավությամբ ջրիկ զանգված։ Նա չգիտեր՝ ինչ անել, որովհետև տեղափոխել անհնար էր։ Սկսեցինք ուսումնասիրություններ ագրարային համալսարանի հետ մեկտեղ։ Իմ գաղափարն էր փորձել, տեսնել՝ արդյոք որդերը կուտեն դա։ Աշխարհում էդպիսի փորձ չկար դեռ։ Հաջողությամբ ստացվեց, կարողացանք արդյունքները ամրագրել, արձանագրել։ Ու գնացինք առաջ։ Հենց մեր նորվեգացի գործընկերը ստեղծեց այդ կապը մյուս օղակների միջև։ Մեր Հայաստանում, բայց իր շնորհիվ, ստեղծեցինք «ORWACO»-ն։ ORWACO նշանակում է organic waste processing company՝ օրգանական թափոնների վերամշակման գործարան։

-Իսկ կարո՞ղ եք նկարագրել պարարտանյութ ստանալու գործընթացը։

-Եթե երկու բառով ասեմ, ապա արտադրական թափոնները վերցնում ենք, իրենց դարձնում ենք ավելի համով ու գրավիչ որդերի համար, որոնք դա ուտում են, ու այդ որդերի արտադրանքը սև հողագույն զանգված է դառնում։ Դա հատուկ անձրևաորդերի տեսակ է, կոչվում է կալիֆորնիական կարմիր որդ, որը 1999 թվականին սերմախաչվել է Ամերիկայի Կալիֆորնիա նահանգում և ավելի շատ է ուտում, քան սովորական անձրևաորդը։ Դեռևս Դարվինը ասել է, որ որդերը Երկրի երիկամներն են։ Երևի բոլորդ փոքր ժամանակ հողի հետ խաղացել ու տեսել եք մեծ, չաղլիկ անձրևաորդերի։ Այդ որդերը ամբողջ հողն անցկացնում են իրենց մարմնի միջով։ Ինչքան հողի մեջ անձրևաորդ շատ կա, այնքան հողը լավն է, դրանք հողի որակի ինդիկատոր են։ Եվ հենց այդտեղից է գալիս բնությանը կրկնօրինակելու գաղափարը․ մարդիկ տեսել են, թե ոնց է բնության մեջ որդը ուտում ու ստեղծում լավը, և տվել են որդին հնարավորություն՝ արտադրության մեջ ուտելու և ստեղծելու արդյունք։

-Որտեղի՞ց եք վերցնում օրգանական թափոնները։

-Այս պահին օգտագործում ենք արտադրության թափոնները։ Մեր արտադրամասը Աբովյան քաղաքում է, որտեղ մենք նաև ունենք բանջարանոցներ, որի արտադրանքը դեռ չենք վաճառում, բայց 2019 թվականին պլանավորում ենք նաև սկսել դրանց վաճառքը։ Գործարանում աշխատում են և՛ աղջիկներ, և՛ տղաներ։ Գործարանը շատ երիտասարդ է, և աշխատակիցները նույնպես երիտասարդ են։ Ինձնից բացի ևս մեկ գյուղատնտես ունենք՝ ագրոէկոլոգ աղջիկ, որը մեզ համար իրականացնում է փորձերը և աճեցման աշխատանքները։

-Իսկ համագործակցություն եղե՞լ է «ORWACO»-ի և ՀԿ-ի միջև։

-Իհարկե, եղել է․ «ORWACO»-ն տրամադրել է անվճար պարարտանյութեր ՀԿ-ի ծրագրերի իրականացման համար։ Այս տարի «ORWACO»-ն իրականացրել է դիզայներական աշխատանքներ, տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ Սոլակում։

-Տան պայմաններում հնարավո՞ր է պարարտանյութ պատրաստել, թեկուզ՝ առանց որդերի։

-Այո, հնարավոր է։ Պետք է մի քիչ զգույշ լինել հոտից, կրծողների և վնասատուների հավաքումից, բայց հնարավոր է։ Համացանցում միլիոնավոր վիդեոներ կան պարարտանյութերի պատրաստման մասին, պարզապես պետք է շատ ճիշտ մոտեցում ցուցաբերել, իմանալ՝ ինչը կարելի է կոմպոստացնել, ինչը՝ չէ, պետք է իրականացվի աղբի ճիշտ առանձնացված հավաք, և ցանկալի է, որ սովորական մարդը զբաղվի կոմպոստացմամբ, եթե ունի պատշգամբ կամ այնպիսի տարածք, որն անմիջապես բնակարանի ներսում չէ։ Սակայն եթե ամեն ինչ ճիշտ արվի, հերմետիկ ամաններում, ապա հնարավոր է նաև այդ ամենն անել լոգարանում կամ խոհանոցում։

-Այսինքն՝ դրա համար հատուկ գործիքներ պետք չե՞ն։

-Գործիքներ՝ չէ, բայց ցանկալի է, որ հատուկ տարրաներ օգտագործվեն, որպեսզի ավելի ապահով լինի։

-Կպատմե՞ք Ձեր առաջին աշխատանքի մասին, Ձեր աճեցրած առաջին բույսի մասին։

-Երբ փոքր էի, բույսեր աճեցնում էի ու շատ էի նեղվում, որ պատշգամբ չունեինք ու տանը շատ մեծ տարածք չունեինք շատ բույսեր ունենալու համար, բայց ծաղիկներ միշտ ունեցել ենք։ Դպրոցից մի դեպք կարող եմ պատմել, երբ ամառային արձակուրդներն ավարտվել էին, ու պետք է սեպտեմբերին գնայինք դասի, գնացել էի բոլոր ծաղիկների հողերը փխրեցրել էի, բոլորը գեղեցիկ սարքել էի, ծաղկամանները մաքրել էի։ Հետո անզգույշ պտտվեցի և այդ ծաղկամանները մետաղական պատվանդանի վրայից ընկան մաքրած հատակի վրա, լրիվ ջարդուփշուր եղան։ Սա ուղղակի մի հիշողություն էր մանկությունից։ Իսկ եթե վերադառնամ մասնագիտականին, ես միշտ ասել եմ, որ եզակի երջանիկ մարդ եմ, որովհետև իմ այցեքարտի վրա ամենաառաջին իսկ օրվանից գրվել է ագրոէկոլոգ։ Ես ընդունվել եմ ՀԿ աշխատանքի որպես ագրոէկոլոգ՝ հենց իմ մասնագիտությամբ։ Կարծում եմ՝ շատ քչերին է դա տրվում։ Առաջին պրոֆեսիոնալ աճեցրած բույսը եղել է երրորդ կուրսում միամյա երեքնուկը, և հետո դրա հետ կապված եղավ նաև իմ բակալավրի թեզը՝ երկու տարվա փորձերի արդյունքների հիման վրա։

-Ի՞նչ երազանքներ եք ունեցել թե՛ փոքր տարիքում, թե՛ հիմա։

-Պատանեկության տարիներին միշտ մտածել եմ, որ ուզում եմ ունենալ մի սենյակ, որը կլինի գրադարան, բայց որը ամբողջությամբ լցված կլինի ծաղիկներով, ճոճանակ կլինի այնտեղ, որ մարդիկ կարողանան գիրք կարդալ բույսերի ու ծաղիկների ներկայությամբ, դա ինձ համար միշտ շատ կարևոր է եղել։ Դեռևս չունեմ հենց իմ ցանկացած այդ անկյունը այստեղ, բայց այս տարի, երբ Պալմա դե Մալյորկայում էի, հյուրանոցը հենց այդպիսի սենյակ ուներ, և ես ապշեցի՝ կարծես թե իմ երազանքը այդ հյուրանոցում իրականացրել էին։ 

Պրոֆեսիոնալ երազանք նույնպես ունեցել եմ, և ես կարողացել եմ այն իրականացնել։ Երբ ես տեսնում էի, օրինակ, թե ոնց էին ծաղկի խանութներում տերևները հավաքում ու թափում, այնպիսի ցավ էի ապրում, քանի որ դա ռեսուրս է, որը թափվում ու դառնում է աղբ։ Բայց դա աղբ չէ, իրականում շատ մեծ ռեսուրս ունի իր մեջ։ Եվ այսօր, գուցե ոչ ամբողջությամբ, բայց ամեն դեպքում մենք ունենք գործարան, որը զբաղվում է օրգանական թափոնների վերամշակմամբ, և այդ տեսանկյունից ես կարծում եմ, որ երջանիկ մարդ եմ։

-Քանի որ խոսում ենք ռեսուրսերից, անդրադառնանք նաև այս հարցին։ Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը սխալ է օգտագործում իր ռեսուրսները, և գյուղատնտեսությունը պետք է զարգանա միայն ռեսուրսների ճիշտ օգտագործման պարագայում։ Ի՞նչ կարծիք ունեք Դուք, ի՞նչ է նշանակում` ռեսուրսների սխալ օգտագործում, ճիշտ օգտագործման ի՞նչ ուղիներ կան։

-Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մենք ամեն ինչ անում ենք տարերայնորեն, մենք ոչինչ չենք պլանավորում։ Իսկ այն, որ մենք չենք պլանավորում, արդեն խնդիր է։ Հատկապես շատ անխնա ենք վերաբերվում հողային ու ջրային ռեսուրսների հետ։ Հայաստանը, լինելով «ջուր ստեղծող երկիր», թույլ է տալիս, որ իրենից ջուրը հոսի դուրս։ Մենք ջուրը վերցնում ենք բնությունից, օգտագործում ենք, ու թողնում ենք, որ հոսի։ Սխալ ենք իրականացնում ոռոգումը, ու հետո կանգնում ենք խնդրի առջև։ Տարիներ առաջ մասսայական տարածում ունեցավ ձկնաբուծությունը և արտեզյան ջրերի օգտագործումը ձկնաբուծության համար։ Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես էինք նորվեգացի գործընկերոջ հետ գնում ձկնաբուծարաններ և հարցնում՝ դուք հետաքրքրվա՞ծ եք արդյոք ջրի շրջապտույտ իրականացնող համակարգի տեղադրմամբ (ջուրը մաքրվում է, նորից օգտագործվում), մեզ պատասխանում էին, որ Հայաստանում ջուրն այնքան էժան է, որ դա ընդհանրապես իրենց չի հետաքրքրում։ Մեկ տարի անց, երբ բոլորի թույլատրությունները փակվեցին, մարդիկ կանգնեցին փաստի առաջ։ Երբ լիքը գյուղեր դարձան խմելու ջրին կարոտ, նոր մտածեցին, որ կարելի է բոլորին թույլ չտալ օգտագործել ջուրը, մինչդեռ կարելի էր ի սկզբանե ճիշտ մոտեցում ցուցաբերել։

Այո, մենք սխալ մոտեցում ունենք մեր ռեսուրսներին։ Այս տարի մենք ունեինք կարտոֆիլի թանկ գին, կտեսնեք՝ հաջորդ տարի կունենանք այնքան կարտոֆիլ, որ կմնա, չենք կարողանա իրացնել։ Ինչի գինը թանկանում է՝ հաջորդ տարի բոլորը դա են աճեցնում։

-Կառավարությո՞ւնը պետք է իրականացնի պլանավորումը։

-Ոչ, կառավարությունը չի կարող ասել՝ ով ինչ աճեցնի, բայց կարող է օգնել։ Մենք ունենք շատ մասնատված հողակտորներ․ Սովետական միության փլուզումից հետո իրականացվել է հողերի սեփականաշնորհում։ Յուրաքանչյուր գյուղում ապրող մարդ ստացել է հող՝ անկախ նրանից՝ կարողություններ ու գիտելիքներ ունի այդ հողը մշակելու, թե ոչ։ Նա է իր հողի տերը, և տարիների ընթացքում կուտակված, մնացած, ձեռք բերած գիտելիքների հիման վրա իրականացնում է իր գործունեությունը։ Որոշ մարդիկ հաջողում են, որոշները՝ ոչ։ Ով չի հաջողում, բնականաբար, գնում է արտերկիր՝ աշխատելու։ Ամեն մեկը իր հողի տերն է և ինքն է որոշում՝ ինչ աճեցնել։ Պետությունը, բնականաբար, չի կարող ասել ինչ-որ մեկին աճեցնել կարտոֆիլ գազարի փոխարեն, բայց պետությունը կարող է ստեղծել այնպիսի իրավիճակ, այնպիսի հնարավորություններ մարդկանց կրթելու, որպեսզի նրանց համար հասանելի դարձնի ճիշտ մեթոդներ, մոդելներ, միջոցներ։ Այդ ժամանակ արդեն կձևավորվեն թիրախային ուղղություններ՝ գյուղատնտեսության զարգացման։ Օրինակ՝ մեզ համար թիրախային ուղղություն է խաղողագործության զարգացումը, որովհետև մեր երկրում շատ լավ է ստացվում գինեգործությունը, մենք ունենք հազարամյակների պատմություն գինեգործության, և պետք է ամբողջ պետության ներուժը ծախսենք այդ ամենը շատ ուժեղ գովազդելու ու առաջ գնալու վրա։ Իսկ մեր կառավարությունը որոշել է, որ գինու հիմնադրամը պետք է փակի,  գինեգործները հիմա Ազգային ժողովի դիմաց ցույց են անում, որ չփակեն։ Վրաստանը ունի մեզնից ավելի քիչ գինու պատմություն, բայց ունեն շատ ինտենսիվ պետական ծրագրեր` օժանդակելու, օգնելու, զարգացնելու վրացական գինու լեգենդը։

Կան ուղղություններ, որոնք կարելի է թիրախավորել ու օժանդակել դրանով զբաղվող գյուղացուն։ Այդ դեպքում մարդիկ կգնան այդ թիրախային ուղղության զարգացմանը։ Մեր կազմակերպությունը, իհարկե, անում է այդպես, բայց մենք շատ փոքր հասարակական կազմակերպություն ենք՝ սահմանափակ ռեսուրսներով, իսկ այս ամենը պետք է կատարվի պետական մակարդակով։

-Ուրիշ տեղ կենտրոններ ունե՞ք։

-Ուրիշ գյուղերի հետ նույնպես աշխատում ենք։ Լայնածավալ, մեծ կենտրոն միայն Սոլակում է, բայց այլ գյուղերում նույնպես ունենք ավելի փոքր կենտրոններ՝ շուրջ 10-15 գյուղերում։

-Հե՞շտ է աշխատել գյուղացիների հետ։ Ինչպե՞ս են նրանք ընդունում նոր գաղափարները։

-Ես երբեք չեմ ասում մարդկանց՝ եկել եմ ձեզ ինչ-որ բան սովորեցնելու։ Երբ առաջին անգամ գնացի գյուղ՝ սեմինարի, 21 տարեկան էի։ Բոլորն ասացին՝ էս երեխեն ա եկե՞լ։ Ասացի՝ հա բա, եկել եմ՝ ձեզնից սովորեմ։ Ու շուրջ երեսուն միջին տարիքի գյուղի տղամարդիկ նստել էին, ու ես իրենց պատմում էի ինչ-որ բաներ օրգանական գյուղատնտեսության մասին։ Վերջում մոտեցան՝ բալա ջան, բա դու որտե՞ղ ես սովորում, էս ինչքան բան գիտես։ Երբեք պետք չէ ասել մարդուն, որ իրեն պետք է բան սովորեցնես, պետք է ասել հակառակը։ Երբ ասում ես մարդուն, որ ուզում ես իրենից բան սովորել, ավելի բաց է դառնում, շփումը ավելի հեշտ է ստացվում։

-Եղե՞լ են դեպքեր, երբ սկսել եք որևէ ծրագիր, ու այն հաջողություն չի ունեցել։ Որո՞նք են Ձեր առաջին հաջողությունն ու առաջին ձախողումը։

-Ձախողում չեմ համարի, բայց եղել է դեպք, երբ անջրդի հողում հացահատիկ ենք ցանել, ու անձրև ընդհանրապես չի եկել։ Շատ դժվար էր, շատ քիչ ստացվեց հացահատիկը։ Ձախողում չէր, բայց այն չէր, ինչ մենք էինք սպասում։ Այլ ձախողված ծրագրեր չեմ հիշում, երևի դրանք այնքան փոքր են եղել ու հաղթահարելի, որ չեն տպավորվել։ Իսկ առաջին հաջողությունը երևի կենսահումուսի կույտերն էին։ Դեռևս համալսարանում, երբ անցնում էինք որդակոմպոստացումը, այն ինձ շատ էր հետաքրքրում։ Ու երբ ընդունվեցի աշխատանքի, առաջին բանը, որ արեցի, որդակոմպոստացման մասին բուկլետ պատրաստելն էր։ Այդ նյութը տարածեցինք գյուղերում, ու առաջին որդերը գնեցինք։ Գյուղում դրեցինք կույտերը, ու որդերը կերան, ստեղծեցին հումուսը։ Այն, որ մենք ինքներս դա արել ենք, ինձ համար հրաշք էր։

-Եթե Ձեր պատմությունը ոգեշնչի ինչ-որ մեկին լինել բնության համար պիտանի մարդ, որո՞նք պետք է լինեն նրա առաջին քայլերը։ Ինչի՞ց պետք է սկսի սովորական մարդը։

-Ամեն մարդ ինքն իրենից պետք է սկսի։ Պետք է սկսի նրանից, որ սուպերմարկետում տասը տոպրակ վերցնելու փոխարեն վերցնի մեկը, կամ ընդհանրապես չվերցնի ու գնա իր կտորից տոպրակով։ Պետք է զգուշավոր լինի վնասելու, պոկելու մոլուցքի նկատմամբ։ Գոնե չվնասելը արդեն իսկ օգնել է։ Սյունիքի մարզում՝ հատուկ պահմանման տարածքներին կից, հատկապես՝ Գորիսի շրջանի մոտ 6 դպրոցներում, մի ծրագիր ենք իրականացրել աշակերտների համար՝ անտառագիտություն էինք ուսուցանում։ Ամեն ամիս գնում էինք դպրոց, յուրաքանչյուր երկու-երեք շաբաթը մեկ դասընթաց ունեինք, և միշտ բոլոր դասընթացները ավարտվում էին գործնական պարապմունքներով։ Մի անգամ, երբ մեր թեման աղբն էր, դրա վերամշակումը, դասից հետո ունեինք հատուկ ընտրված տարածք, որը պետք է մաքրեինք աղբից։ Տարածքը աղբուր էր, որտեղ մարդիկ գնում էին հաց ուտելու։ Հենց այդ ժամանակ էլ մարդիկ էին նստած, ու թարմ կտրած ձմերուկի կեղև էր թափած։ Սկզբում փորձում էին ինձ համոզել, որ ձմերուկը իրենցը չէ, իսկ հետո, երբ տեսան, թե ինչպես են երեխաները ձեռնոցներ հագած հավաքում աղբը, միացան մեզ, բոլորով սկսեցինք հավաքել։ Հետո երեկոյան գյուղում բոլորը դրանից էին խոսում, որ Երևանից ինչ-որ մարդիկ եկել մեր աղբն են հավաքում։ Ես կուզենամ, որ էսպիսի բաներ չլինեն, կուզեմ՝ մեր մեջ մտնի այդ կուլտուրան, որ մեզնից հետո մաքուր թողնենք։ Ախր, դա այնքան փոքր բան է, ես ցավում եմ, որ մենք մինչ այսօր դրա մասին խոսում ենք։ Անհարմար եմ զգում, որ այսօր ես դեռ դրա մասին խոսում եմ։ Սրանք են հենց սկսելու այդ փոքրիկ քայլերը։ Մենք լվանում ենք մեր ձեռքերը, երբ դրանք կեղտոտ են։ Մեզնից հետո մաքրելն էլ պետք է լինի այդքան սովորական, դրա նման մի բան։

-Ինչպե՞ս եք տեսնում, առհասարակ, գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում։

-Ես լավատես եմ ու կարծում եմ, որ լավ է լինելու։ Նկատում եմ, որ հիմա մեծ տենդենց կա գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ անելու։ Շատ կուզենամ, որ այդ ներդրումները հաջողությամբ պսակվեն, և մենք ունենանք զարգացած գյուղատնտեսություն։ Ամեն դեպքում, ես ապագայում տեսնում եմ բարձրարժեք գյուղատնտեսությունը։ Ես տեսնում եմ, որ հավելյալ արժեք ունեցող տեսակների աճեցմամբ և դրանց հետագա վերամշակմամբ մենք կարող ենք հավելյալ արդյունք ստեղծել։ Մենք միշտ պետք է մի քանի քայլ առաջ լինենք, և մի քանի քայլ առաջ մտածենք, որպեսզի կարողանանք հաջողել։

-Ըստ Ձեզ՝ հաջողության հասնելու համար, առհասարակ, ի՞նչ է պետք։

-Ցանկություն։ Պետք է հստակ հասկանալ՝ ինչ ես ուզում։ Դա աքսիոմ է։ Պետք է հստակ իմանալ՝ ինչի ես ուզում հասնել, և դա ինչ է։

-Հետագա զարգացման ի՞նչ պլաններ ունեք թե՛ ՀԿ-ի, թե՛ «ORWACO»-ի համար։

-ՀԿ-ի գործունեությունը իր հունով գնում է և տանում է ավելի նոր ծրագրերի իրակացմանը և խոշորացմանը։ Իսկ «ORWACO»-ին մենք տեսնում ենք տարածաշրջանի ամենախոշոր օրգանական պարարտանյութ արտադրող, արտահանող ընկերության դերում։ Հիմա նոր ծրագիր ունենք, «ORWACO»-ն պլանավորում է հոգ տանել օրգանական թափոնների մասին, և հիմա մենք տարբեր սրճարանների, կազմակերպությունների հետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերելու՝ օրգանական թափոնները տարանջատելու վերաբերյալ։ Հետո մենք դրանք կկոմպոստացնենք։ Թափոնները հավաքում ենք դեռևս միայն Երևանում։

Հարցազրույցը վարեցին` Անուշ Դավթյանը, Անետա Բաղդասարյանը, Մարիամ Նալբանդյանը