nelly chibukhchyan

Ծանոթացեք. ՀԱՊՀ ավագ դպրոց

Զրուցակիցս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանն է։ 

-Ինչքա՞ն ժամանակ է, որ ՀԱՊՀ ավագ դպրոցը կազմում է Հայաստանի կրթական համակարգի մի մասնիկը։ 

-1994 թ.-ից դպրոցը սկսել է իր գործունեությունը։ Սկզբից այն այն կցված է եղել ՀՊՃՀ-ին և կոչվել է վարժարան։ 2002 թ.-ին այն միացել է Պոլիտեխնիկական համալսարանին։ Այսինքն՝ գրեթե 24 տարի է, ինչ դպրոցը կազմում է ՀՀ կրթական համակարգի մի մասնիկը։

-Ինչո՞վ է տարբերվում ՀԱՊՀ ավագ դպրոցը այլ կրթական հաստատություններից։ 

-Ըստ իս՝ ՀԱՊՀ ավագ դպրոցը տարբերվում է այլ դպրոցներից ուսման որակով։ Բոլոր առարկաները դասավանդվում են բարձր որակով, ինչն օգնում է աշակերտներին բուհ ընդունվելիս։ Մեզ մոտ անցկացվում են խորացված մաթեմատիկայի և ֆիզիկայի դասընթացներ։ Մեր դպրոցը տարբերվում է նաև իր խստությամբ, ինչը կփաստեն մեր աշակերտերը։

-Կազմակերպվո՞ւմ են ներդպրոցական կամ արտադպրոցական ծրագրեր և միջոցառումներ։ 

-Այո, կազմակերպվում են։ Մեզ համար մեծ նշանակություն ունեն օլիմպիադաները։ Այս ոլորտում մենք ունենք մեծ ձեռքբերում։ Արդեն 2 տարի շարունակ մեր դպրոցը կազմակերպում է ներվարժարանային օլիմպիադա մաթեմատիկա, ֆիզիկա առարկաներից։ Մասնակցում են հանրապետության լավագույն ֆիզմաթ թեքումով դպրոցների աշակերտները։ Մեր դպրոցը համագործակցում է «ՄԻՖԻ» (Ռուսաստանի ազգային հետազոտական միջուկային համալսարան) համալսարանի հետ։ Այս համագործակցության շնորհիվ մեր աշակերտները հնարավորություն են ստանում ուսումը շարունակելու ՌԴ-ի լավագույն բուհերից մեկում։

-Տարբեր հանրապետական մասշտաբով մրցույթներին կամ օլիմպիադաներին ՀԱՊՀ ավագ դպրոցի աշակերտներն ունենում են իրենց մասնակցությունը։ Կա՞ն լուրջ հաջողություններ։ 

-Գրեթե բոլոր առարկաներից կան քաղաքային փուլ անցած աշակերտներ։ Ամենալուրջ հաջողությունները մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից են։ Մեծ քանակով մասնակիցներ այս տարի մաթեմատիկա առարկայից անցել են հանրապետական փուլ։ Այժմ սպասում ենք ֆիզիկայի և աստղագիտության արդյունքներին։

-ՀԱՊՀ ավագ դպրոցում կա՞ն մասնագիտական հոսքեր։ 

-Մեր դպրոցի հոսքը բնագիտամաթեմատիկական է։ Ունենք մասնագիտական ենթահոսքեր՝ ֆիզմաթ, ինժեներական, տնտեսագիտական և դիզայնի։ Այս տարանջատման շնորհիվ աշակերտները պատկերացում են կազմում պոլիտեխնիկական գիտությունների մասին։

-Ի՞նչ քննություններ են պահանջվում ընդունելության համար։ 

-Դպրոցն անվճար է, բայց ընդունելության համար պետք է հանձնել քննություններ մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից։

-Ե՞րբ կսկսվի 2018-2019 ուսումնական տարվա ընդունելությունը։ 

-Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։ Շուտով կկազմվի աշակերտների կամավորական խումբը, որը իր մասնակցությունը կունենա ընդունելության պրոցեսում։ Նախնական տվյալներով՝ ընդունելությունը կսկսվի հունիսի 20-ին, կավարտվի հուլիսի 15-ին։