Ծանոթացեք. Յուրի Սաքունց

Հայ  ազգը  դեռ  անհիշելի  ժամանակներից  միշտ  փայլել  է  գերմարդկային  ֆիզիկական  ուժով։ «Սասնա ծռեր» Էպոսում  բոլոր  հերոսները  առանձնանում  էին  իրենց  ֆիզիկական  հազվագյուտ  կարողություններով։ Նույնիսկ  Հին Հռոմում  մեր  թագավորները  օլիմպիական  չեմպիոններ  էին, վառ  օրինակը`  Տրդատ 3-ը։  Հայ  մարզիկները  դեռ  նույն  ուժով  զարմացնում  են  աշխարհին։  Անգամ  առանց  մտածելու  յուրաքանչյուրս  կարող  ենք  նշել  Յուրի  Վարդանյանին, Արթուր  Ալեքսանյանին  և  շատ  այլոց։ Այսօր  իմ  զրուցակիցը  կարող  է  համարձակ  կանգնել  նրանց  կողքին,  քանի  որ  բավականին  երիտասարդ  տարիքում  կարողացել  է  սահմանել  Գինեսի  մի  քանի  ռեկորդ,   դառնալ  եռամարտի  աշխարհի  և  Եվրոպայի  չեմպիոն։ Նրա  անունն է  Յուրի  Սաքունց,  ով  նաև  իմ  մորեղբոր  ավագ  որդին  է  և  մեր  ազգի  պարծանքը։

IMG_1193

-Ո՞ր  տարիքում  ձեր  մեջ զգացիք  այդ  դյուցազնական   ուժը։

-Առաջին  ռեկորդներիս  սահմանման  ժամանակ,  16-17  տարեկանում,  երբ  3 ֆուտբոլային գնդակների  վրա  րոպեում  կատարեցի  հենում-ծալում վարժությունը  57  անգամ։ Դրանից  հետո 40կգ  քաշով  ծանրաքարերը  կրծքավանդակիս  կատարեցի  որովայնի  մկանների  վաժությունը 130  անգամ։

-Իսկ  ինչպե՞ս  սկսեցիք  այդ  ունակությունները զարգացնել։

-Առաջին  անգամ  տեսնելով  գերմանացի  մարզիկի  սահմանած  ռեկորդը,  հասկացա,  որ  կարող  եմ  շրջանցել  նրան  և  սկսեցի  քրտնաջան  աշխատել,  որպեսզի  սահմանեմ  Գինեսի  նոր  ռեկորդ։

-Դուք  սահմանել  եք  ռեկորդներ  ականջներով,  ատամներով,  սակայն  առանձնահատուկ  հիշարժան  են  ձեր  ճկույթով  սահմանած  ռեկորդները։ Մի  փոքր  պատմեք,  թե  ինչո՞ւ  հենց  ճկույթը։

-Քանի  որ  ատամներով  և  մազերով  սահմանված  ռեկորդները  աշխարհում  շատ  են,  ես  որոշեցի  ընտրել  այնպիսի  մի  միջոց  ծանրություններ  քաշելու,  որը  կլինի  ունիկալ  և  ընտրեցի  դրա  համար  ճկույթ  մատս,  որպեսզի  այն   առանց խոչընդոտի  գրանցվի  գինեսի  ռեկորդների  գրքում։

-Իսկ  ինչպե՞ս  սկսեցիք  մարզել  ձեր  ճկույթը։

-Սկսեցի  թեթև`  1 տոննա  քաշ  ունեցող  մեքենաներից,  որոնք  սկզբում  10սմ  անգամ  չէի  կարողանում  առաջ  քաշել,  սակայն  այնուհետև  հաղթահարելով  այդ  քաշը,  կամաց-կամաց  սկսեցի  այն  ծանրացնել:

-Ինչպե՞ս  է  տեղի  ունենում  հոգեբանական  պատրաստությունը,  երբ  դու  կանգնում  ես  դեմ առ  դեմ  հսկայական  մեքենային, կամ  գնացքին և  պետք  է  տեղաշարժես  այն։

-Նախ  և  առաջ  մարզիկը  պետք  է  միշտ  վստահ  լինի  իր  ուժերի  վրա,  կարողանա  կենտրոնանալ  կոնկրետ  նպատակի  շուրջ,  լարի  իր  ողջ  մկանային  համակարգը,  որպեսզի  հաղթահարի  արգելքը։  Լինի  հավաքված իր  մտքերով,  և  այդ  ժամանակ  նրան ոչինչ այլևս  չի  կանգնեցնի։

-Եկեք  անցնենք  ձեր  ռեկորդներով։ Ո՞րն  է եղել ձեր վերջին  ռեկորդը։

-Նախավերջին  ռեկորդս  եղել  է  ճկույթ  մատով  քաշած  44 տոննա  քաշ  ունեցող  գնացքը,  իսկ  վերջինը՝  ատամներով  քաշել  եմ  25 տոննա քաշով  հրշեջ  մեքենան։

-Պատմեք  ձեր  վերջին մրցումների  մասին։

-Վերջինը  մասնակցել  եմ  Մասռեսլինգի  Եվրոպայի  առաջնությունը, որտեղ  մեր  հավաքականը  29  երկրների մեջ  թիմային  հաշվարկով  գրավեց  5-րդ  տեղը: Մեր ինը  մարզիկները  կարողացան  իրենց  հետ  բերել  1  ոսկե  և  2  բրոնզե  մեդալներ։ Առաջնությունը  բավականին  պատշաճ  էր  կազմակերպված,  մարզիկները  ապահովված  էին  բոլոր  պայմաններով։

-Ներկայացրեք  մեր  ընթերցողին,  թե  ի՞նչ  է  իրենից  ներկայացնում  մասռեսլինգը։

-Մասռեսլինգը  առավել  հայտնի  է  որպես  ուժային  ըմբշամարտ: Համարվում  է  յակուտների  ազգային  սպորտաձևը։ Գոտեմարտի  ընթացքում աշխատում  է  սպորտսեմի  ամբողջ  մկանային  համակարգը,  սակայն  հաղթելու  համար միայն  ամուր  մկանները  բավական  չեն,  պետք  է  նաև  տիրապետել  համապատասխան  հնարքների  և  ունենալ  լավ  տեխնիկա, որպեսզի կարողանաս  տապալել  հակառակորդին։ Նշեմ,  որ  այս  սպորտաձևը  գնալով  դառնում է  ավելի  մասսայական,  կայանում  են  Աշխարհի  և   Եվրոպայի  առաջնություններ,  իսկ  ԱՄՆ-ում  ամեն  տարի  տեղի  է  ունենում  Առնոլդ  Շվարցենեգերին  նվիրված  «Առնոլդ Կլասսիկ»  մրցաշարը, որին  ներկա  է լինում  անձամբ  Շվարցենեգերը։

-Իսկ  դուք  ինչո՞ւ   ընտրեցիք  հենց  այս  սպորտաձևը։

-Մասռեսլինգով  սկսել  եմ  զբաղվել  դեռ  բանակում, երբ  ընկերոջս  առաջարկով  մասնակցեցի  մասռեսլինգի  Հայաստանի  առաջնությանը,  որում  ճիշտ  է,  պարտվեցի,  սակայն  ձեռք  բերեցի  շատ  ընկերներ՝  ի  դեմս  ֆեդերացիայի  նախագահ  Արտավազդ  Նալբանդյանի,  որին  համարում  եմ  իր  գործի  բացառիկ  նվիրյալ,  լավ  անձնավորություն,  ում  ջանքերի  շնորհիվ  մեր  հավաքականը  միջազգային  արենայում  կարողանում  է  միշտ  լավ  հանդես  գալ  և  առաջատար  դիրքեր  գրավել։  Բանակից  հետո  պահելով  մեր  կապը,  անընդհատ  մասնակցում եմ  մասռեսլինգի  մրցաշարերին,  որոնցից  խոշորագույնը  եղավ  այս  տարվա   աշխարհի  առաջնությունը  Լեհաստանում,  որտեղ  չնայած  նրան որ  մենք չեմպիոն  չդարձանք,  սակայն  կարողացանք  լավ  հանդես  գալ  և  ձեռք  բերեցինք  հսկայական  փորձ,  քանի  որ  առաջնության  ընթացքում  օրական  ունենում  էինք  7-10  գոտեմարտ։  Սակայն  մենք  ավելի  քրտնաջան  ենք  աշխատում,  որովհետև  յուրաքանչյուր  խոշոր  նվաճումը  մեծ  աշխատանքի  և  կամային  բարձր  որակների  ցուցաբերման  արդյունք  է։

-Իսկ  ո՞րն  է  ձեր  առաջին  նվաճումը։

-Առաջին  նվաճումը  սպորտային  ունեցել  եմ  դեռ  6  տարեկան  հասակում:  Աբովյան քաղաքում  կայացող  ըմբշամարտի  մարզային  առաջնությանը  գրավել եմ  2-րդ  հորիզոնականը, նշեմ  որ  10  տարի  զբաղվել եմ  ըմբշամարտով,  իսկ  երկրորդ  մեդալս  ստացել  եմ  3-րդ  հորիզոնականը  զբաղեցնելու  համար: Այնուհետև  արդեն  կամաց-կամաց  սկսել  եմ  լավացնել  արդյունքներս։ Ըմբշամարտից  հետո  սկսեցի  զբաղվել  մասռեսլինգով  և  ուժային  եռամարտով,  որով  զբաղվում  եմ  մինչ  այսօր,  հուլիս  ամսին  մասնակցել  եմ  Եվրոպայի  առաջնությանը, դարձել  եմ  չեմպիոն,  այնուհետև  Ուկրաինայում  անցկացվող  աշխարհի  առաջնության  ընթացքում   վաստակել  եմ  2 ոսկե  և  1  արծաթե  մեդալ,  որից հետո  մասնակցելով  Վրաստանում  կայացած  Եվրասիայի  առաջնությանը,  կրկին  վաստակել  եմ  2 ոսկե  և  1  արծաթե  մեդալ։  Ցավոք  սրտի,  ֆեդերացիան  հիմա  ֆինանսական  շատ  սուղ  միջոցներ  ունի,  այդ  պատճառով  ես  չկարողացա  մեկնել  և  մասնակցել  Լեհաստանում  կայանալիք  Եվրոպայի  առաջնությանը։

-Ի՞նչ  պլաններ  ունեք  հետագայի  համար։

-Դեկտեմբերի  15-ին  տեղի  կունենա  ուժային եռամարտի  Հայաստանի  առաջնությունը, որի  ընթացքում  ես  կփորձեմ  կրկին  պատվով  հանդես  գալ  և  պահել  տիտղոսս,  այնուհետև  2020 թվականին  պլանավորում  եմ  նոր  ռեկորդ,  որով  նորից  ցույց  կտամ  աշխարհին  հայի  բազկի  ուժը։

-Ի՞նչ  կամային  և  ուժային  որակներ  են  անհրաժեշտ,  որպեսզի  սկսնակ  մարզիկը  առաջխաղացում  ցուցաբերի  ձեր  սպորտաձևում։

-Մասռեսլինգը  բավականին  հեշտ  յուրացվող  սպորտ է,  այդ  պատճառով  սկսնակ  մարզիկներից  ընդամենը  պահանջվում  է  սեր  և  նվիրում  այս  սպորտաձևին։

-Իսկ  այս  տարիների  ընթացքում  եղե՞լ  է  մի  պահ,  երբ  հիասթափվել,  կամ  հուսահատվել  եք  սպորտից,  եթե  այո,  ինչպե՞ս  եք  դա  հաղթահարել։

-Այո,  հիմնականում  եղել  են  այն  պատճառով,  որ  ֆինանսական  խնդիրները  խանգարել  են  մասնակցել  առաջնություններին,  սակայն  սպորտային  դաստիարակության  մեջ  միշտ  կարևոր  է  եղել  չհանձնվելու  և  առաջ  գնալու  գաղափարախոսությունը,  այդ  պատճառով  ես փորձում  եմ  դասեր  քաղել  իմ  անհաջողություններից  և  միշտ գնալ  դեպի  առաջ, դեպի  նորանոր  բարձունքներ։