arxiv

Ծանր առաջադրանք

Էհ, էս մաման ի՞նչ հորինեց, է՜: Դե արի` էս ծաղիկներն ընկեր Հարությունյանին տուր:

Ես ակամա ճմրթում էի ծաղկեփնջի փայլփլուն, ճռճռան թուղթը: Ինչքան կուզեի հիմա տանը հայտնվել:

Ատում եմ այս ծաղկեփունջը:

Ես ինձ պատկերացնում էի այդ ծաղիկներին աքացի տալիս: Ահա, մի հարված էլ: Վա՜խ, ի՜նչ լավ էր:

Թոքերս այնպես են սեղմվում` ոնց որ մեկը ձեռքով բռնած լինի:

Ըհը, ընկեր Հարությունյանը: Ո՜ւֆ, չեմ կարող:

-Բարև ձեզ,- ասացի ես և սովորական շարժումով տրորեցի ձախ աչքս: Երբ ես ամաչում եմ նայել մարդկանց աչքերի մեջ, տրորում եմ ձախ աչքս:

-Բարև, բարև, Գո՛ռ ջան:

Էհ, ինչո՞ւ է այդպես վրաս նայում ու ժպտում: Մարդ ուզում է լաց լինել:

-Էս ձեզ… Մաման ասաց, որ ձեզ տամ,- տրորում եմ ձախ աչքս: -Ձեր տոնը շնորհավոր…

-Շնորհակալություն, Գո՛ռ ջան,- կրկին ժպտում է,- մայրիկին էլ շնորհակալություն կհայտնես:

-Ըհը՛,- ձախ աչքս սկսեց ցավել,- ցտեսությո՛ւն:

Սովորության համաձայն վերջին բառերի կեսը կուլ եմ տալիս և ձայնս ցածրացնում:

Ո՜ւֆ, վերջ: Վերջապես ազատվեցի ծաղկեփնջից:

Միայն թե մայրիկս նորից այդպիսի բան չհնարի:

Գոռ Բաղդասարյան 8տ., 1996թ.