arxiv

Ծանր վիճակ

Ես տասներորդ դասարանցի եմ: Երևի կռահեցիք, թե ինչ ծանր վիճակ նկատի ունեմ: Որպեսզի ընդունվեմ ինստիտուտ, ձեռք բերեմ իմ երազած մասնագիտությունը, մասնավոր պարապում եմ դասախոսների մոտ ֆիզիկա, մաթեմատիկա: Դասախոսներից բողոքելու ոչինչ չունեմ: Դեռ ընդհակառակը: Չնայած շատ են հանձնարարում՝ հասցնում եմ դպրոցից էլ չբացակայել: Ճիշտ է, ոչ միշտ է, որ դասերը սովորած եմ գնում: Հիմա էլ վատ եմ զգում ուսուցիչներիս առաջ: Միակ մխիթարանքը երաժշտությունն է, այն էլ որ չլիներ, ի՞նչ կանեի: Օր ու գիշեր պարապելու ժամանակ ռադիո եմ լսում: Արդեն անգիր եմ արել բոլոր ռադիոկայանների «երգացանկերը», առաջին նոտայից կռահում եմ երգն ու երգում:

Բացի երաժշտությունից, դաս անելիս պահանջ եմ զգում նաև ծամելու: Ինչ-ինչ, բայց հաց տանը միշտ է լինում: Այս ու անընդհատ նստած լինելու պատճառով քաշս ավելանում է ու մեջքս՝  ծռվում: Ծանոթներս խոստովանում են, որ շատ հաճելի է թուշիկներիցս քաշել:

Այս մի քանի ամսվա ընթացքում տեսողությունս վատացել է, ու հիմա ստիպված եմ ակնոց կրել: Էլ չասեմ, որ ժամանակ չլինելու պատճառով արդեն մի քանի ամիս է՝ համակարգչիս չեմ մոտեցել: Եթե թեկուզ մեկ տարի առաջ ինձ ասեին, որ այդպես է լինելու, չէի հավատա: Մխիթարում է այն, որ ապագա մասնագիտությունը համակարգչի հետ է կապված լինելու՝ ինստիտուտում ծրագրավորում եմ սովորելու:

Հիմա էլ նստած եմ գրասեղանի առաջ, աչքերս ուռած են, որովհետև հերիք չի՝ շատ ուշ եմ պառկում քնելու, դեռ քունս էլ չի տանում: Երբ էլ քնում եմ, միշտ երազում խնդիրներ եմ լուծում, կողքս ռադիոն է միացած, տնեցիները վաղո՜ւց քնած են, ժամը գիշերվա երկուսն է: Իսկ ես դեռ մի տասնյակ վարժություն էլ ունեմ լուծելու…

Արփինե Գրիգորյան, 16տ., 2000թ.