nelli goginyan

Ծանր օր

Աշնանն էր: Առավոտը դեռ չէր բացվել, բայց թշնամու կրակոցները արդեն հասցրել էին Նոյեմբերյան քաղաքը խուճապի մատնել: 

Երբ կրակոցները փոքր-ինչ դադարեցին, դուրս եկա, որ գնամ դպրոց: Ճանապարհին շատ հայրեր  իրենց ընտանիքները հավաքում, որոշ ապրելու միջոցներ վերցրած քաղաքից դուրս էին տանում: Ես ցավով եմ սա հիշում: Մի քանի րոպե անց հասա դպրոց, դասարանում ընդամենը յոթ հոգի էինք, ուսուցիչները սկսեցին մեզ հետ խոսել հայրենասիրությունից, հայի հոգու և Հայաստանի ներկայիս վիճակի մասին: Դպրոցի անվտանգությամբ զբաղվող մասը մեզ արդեն նախապատրաստել էր ապաստարանում թաքնվելուն: Ներսում փակցվել էր դեպի ապաստարան տանող ճանապարհի ուղեցույցը:
Արդեն ապաստարանի ներսում էինք, մութ էր, նստարանը  քարից, լուսամոտ չկար, բայց կար լույսը ներս թողնող ճեղք, որը հնարավորություն էր տալիս տեսնել գրքի տառերը աղոտ: Այդտեղ մի աղջիկ կար, որը ապաստարանի փոքրությունից, մթությունից սկսել էր լաց լինել: Նստած դողում էր, նույնիսկ խոսելու ունակությունն էր կորցրել: Իսկապես վախ ու անհանգստություն ապրեցի նրան տեսնելով:
Մեծերը դպրոցից չէին թողնում տուն գնայինք, քանի որ շենքերը, սեփական տները ապաստարաններ չունեն:

Այնտեղից հազիվ դուրս պրծա: Անհանգստությունս ինձ ներսից այրում էր, քանի որ քույրիկս` Միլենան, կողքի դպրոցում էր սովորում, չգիտեի, թե նա ինչպես է: Քրոջս տեսա, մի քիչ հանգստացա, և վազելով գնացինք տուն:

Պապիկս տատիկիս հետ քննարկում էին Ճոճկան գնալու հարցը: Դա պապիկիս ծննդավայրն է և սահմանից բավականին հեռու: Չէի ցանկանում գնալ, բարեկամներս Նոյեմբերյանում շատ էին: Տանից դուրս եկա, ընկերներով հավաքվեցինք, որ գնանք տեսնենք, թե «գրադի» մասնիկները որտեղ են և ինչքան են տարածվել: Մեր այդ արշավը կատարեցինք այն ժամանակ, երբ 2-3 ժամով դադարեց կրակոցը: Այնպես ստացվեց, որ որոշ նկարներ արեցինք` մնացածին ցույց տալու ու զարմացնելու  համար:
90-ական թվականներին Նոյեմբերյանը ունեցել է շատ զոհեր, բայց նույնիսկ դրանից հետո քաղաքում ապաստարանների քանակը չեն ավելացրել: Դպրոցի ապաստարոնում ես ամենաշատն այն մասին էի մտածում, որ թեև ես ապահով եմ, բայց չգիտեմ, թե ինչ վիճակում եմ իմ հարազատները, որոնք դրսում են մնացել: