Աղվերանի մեդիա ճամբար. Ծիծաղաշարժ պահերը հիշո՞ւմ եք

Երբ հավաքվում են տարբեր բնավորության և խառնվածքների տեր մարդիկ, ամեն ինչ սկսվում է մի տեսակ համեմվել հումորով և հետաքրքիր իրադարձություններով: Դե, պատկերացրեք` ինչե~ր են կատարվել, երբ իրար գլխի էին հավաքվել պատանի թղթակիցները և վերապատրաստող անձնակազմը Երևանից, Գյումրիից, Հրազդանից և Հայաստանի այլ հումորասեր բնակավայրերից… Եկեք, ձեզ էլ պատմեմ էն լավերից մի քանիսը… 

Ուրեմն… Մեր թիմում կային նաև կամավորներ, որոնց թվում էր նաև Մարիամը, ում  մասնակիցները «Ընկեր Մարիամ»-ով էր դիմում: Մեկը մոտեցավ Մարիամին և ուզում էր հարց տալ (ուշադրություն, նա մոռացել էր օգտագործել էն հարգանքով լեցուն «ընկեր»-ը), մեկ էլ հենց էդ նույն մասնակիցը, նկատելով բացթողումը, անհամբերությամբ ասաց.

-Ընկե’ր Մարիամ, կարո՞ղ ա Դուք ազդվում եք, որ Ձեզ «ընկեր» եմ ասում:

-Ըմ, ճիշտն ասած ես քեզնից էդքան էլ մեծ չեմ, ու լավ կլիներ` «ընկեր»  չասեիր:

-Վա~յ, չէ’, ես տարիքի համար չեմ ասում: Ես էդ «պաշտոնի» համար եմ ասում…

Հետաքրքիրն այն է, որ վերապատրաստող թիմի անդամներից միայն ես չէի արժանանում «պաշտվաաբեր ընկեր»-ին: Բայց… Նույն մասնակիցը, ով, ի դեպ, բավականին մոտ է ինձ տարածաշրջանային առումով, էս դեպքից հետո ինձ էլ մոտեցավ ու նույն ոգևորվածությամբ ասաց.

-Լի~լ ջան, եթե դու կնեղվիս, օր ես քեզի «ընգեր» չեմ ըսե, ես կրնամ իրանց (դե վերապատրաստող թիմի մասին է խոսքը) մոտը քեզի էլ «ընգեր» ըսեմ, հետո, օր մենք մերոնցով «ադին-ադին» էղանք, էլ չեմ ըսէ…

Ըբը, էս պաշտոնի հարցը լուծեցինք…

Քանի տարածաշրջանից խոսեցի, մէ ուրիշ բանըմ էլ պատմեմ…

Երևի բոլորդ էլ խաղացել եք բավականին հայտնի «Այլ կերպ» խաղը, որի ժամանակ թիմիդ անդամներին պիտի բացատրես էն բառերը, որոնք գրված են քո իսկ ընտրած քարտի վրա, ու չպիտի օգտագործես էդ բառերի արմատներից ոչ մեկը: Լա’վ, գլուխներդ շա~տ չցավեցնեմ: Մի խոսքով, էրեխեքից մեկը նկարագրում էր.

-Գյումրեցի, հայտնի, լավ բաներ ունի գրած…

Մեկ էլ էն կողմից մեր համով էրեխեքից մեկը ասաց.

-Լեյլի՞:

Ճի’շտ է, ճիշտ չէր, բայց հաճելի էր…

Ճամբարի հերթական օրերից մեկն արդեն ավարտվել էր, ու մենք`վերապատրաստող թիմի անդամներս, դեռ կոնֆերանս դահլիճում էինք ու հավաքում էինք օրվա նյութերը, իսկ ճամբարի մասնակիցները արդեն իրենց սենյակներում էին: Մեկ էլ որտեղից որտեղ դահլիճի դուռը բացեց մեր մասնակիցներից Սարգիսը` տալ-անցնելով լույսի արագությունը… Մենք, ապուշ կտրած նայելով նրան, չգիտեինք` ինչ անեինք, մեկ էլ «ընկեր Հովանը», չկորցնելով իրեն,  հարցրեց.

-Սաքո’, բա որ փա՞կ լիներ դուռը:

-Է~հ,- ասաց Սաքոն` նույն արագությամբ դուրս գալով դահլիճից: Մեր շարքերում է նաև մի «կրեատիվ» երիտասարդ, ով ունի շա~տ հետաքրքիր ազգանուն` Արշակ-Շահբազյան (լավ է հնչում, չէ՞): Էրեխեքից մեկը, լսելով Արմանի (էդ էլ իր անունն է) ինքն իրեն ներկայացնելը, չզսպելով հետաքրքրությունը` ասաց.

-Հիմա Արմանը կրեատիվ է, Արշակը` չէ՞:

Մենք ի~նչ դեմք ասես, որ չունենք… Վերջերս մեր ցանցին է միացել մի նորաոճ ու բարձրարվեստ երիտասարդ, ով ստեղծել է «Ֆեյշն հաուս», որտեղ մեկը զբաղվում է հագուստի մոդելավորմամբ, մյուսը կտրում է, երրորդը ցրցամ է տալիս, չորրորդը կարում, ու մի խոսքով, ամեն ինչ անող կա… Է, ես չեմ` դու ես, չէի՞ր հարցնի` ինքը յանի ի՞նչ կենե:

Մեդիա ճամբարի վերջին օրն էր: Արդեն ճաշում էինք, երբ գլխի ընկանք, որ ճամբարի վերջին ճաշն է, հետո էլ դե, «խորհրդավոր» վերջին ընթրիքը…

-Ու էդ ժամանակ մեզնից մեկը մեզ կդավաճանի, -սրամտեցի ես:

-Է, հա, ամեն անգամ էլ տենց ա լինում , -ասաց մեր Շուշոն` խախտելով ամբոխի ծիծաղը…

Իրականում դավաճանողներ չեղան, չեն էլ լինի, որովհետև եթե մի տեղ կա հումոր, ստեղծագործական եռանդ ու մեր թղթակիցների պես պայծառ պատանիներ, լավագույնը դեռ առջևում է: