Sose zaqaryan

Ծիծաղիր, Ալիա

Այսօրվա թոհուբոհի, դաժան իրականության, պատերազմական իրավիճակի և դառն փորձությունների  ժամանակաշրջանում, երբ ոչ մեկի դեմքին ժպիտ չկա, սիրտ չկա ժպտալու, ուրախանալու, մեր դպրոց մի կամավոր եկավ: Անունը` Ալիա:  Ալիա, ինչ Ալիա. սիրուն, բոյով, «զդառովի» (ինչպես գյուղացիներն են ասում), այնքան դրական լիցքերով, որ փոխեց մեր բոլորի թե տրամադրությունը, թե առօրյան: Նա խոսում էր  կիսահայերեն և ամեն մի խոսքից հետո այնպես վարակիչ ծիծաղում, որ շրջապատում բոլորը սկսում են ծիծաղել: Ծիծաղում էր Ալիան, և նրա հետ ծիծաղում էին բոլորը, իրենք էլ չիմանալով,  թե ինչու կամ ինչի վրա: Ուսուցչանոցից ուսուցիչները դուրս էին գալիս, բոլորի դեմքին ոչ թե ժպիտ, այլ ծիծաղ կար: Զրուցում էին ուրախ և էլի բարձր ծիծաղում: 

Այդ աղջիկը մեր դպրոց ծիծաղ էր բերել, ծիծաղ, որ ինչքան ժամանակ է կորել էր մեր գյուղում, մեր դպրոցում, մեր տանը: Անժամանակ հեռացել էին Սիսիանցի կամավորականներ: Էլ սիրտ կմնա՞,  որ մարդ ծիծաղի կամ կատակի, երբ իր հասակակիցներից շատերը կռվի դաշտում են, առաջին գծում:

Բայց Ալիան եկավ ու բեկում մտցրեց մեր գյուղի կյանքում: Ընդամենը նրա ծիծաղը փոխեց ամեն ինչ. խոսում էր գյուղացիների հետ, ծիծաղում, նրա հետ էլ` զրուցակիցները:

Թող քո այս ծիծաղը, սիրելի Ալիա, փոխի մեր կյանքը: Բարի գալուստ մեր ձորեր: Այսպիսի դրական լիցքերով մեկը պետք էր, որ փրկի ամեն ինչ:

Ասում են` «Գեղեցկությունը կփրկի աշխարհը»: Իսկ իմ կարծիքով «Ծիծաղը կփրկի աշխարհը»: Ծիծաղիր, Ալիա, քո ծիծաղը շատերին է հարկավոր:

Երնեկ հայերն էլ ամերիկացիների նման շատ դարդ ու ցավ տեսած չլինեին և սիրտ ունենային ուրախ ապրելու: