Meri Gevorgyan tavush

Ծիծաղ պարգևելու յուրահատուկ շնորհը

Հանդիսատեսն այս արտիստին ծափահարում էր նրա հայտնվելու առաջին իսկ պահից՝ լիներ բեմի վրա, թե էկրանի: Նրա մասնակցությամբ ներկայացում կամ կինոնկար դիտելուց հետո դահլիճը մնում էր զվարթ տրամադրությամբ։ Բնությունը Ֆրունզիկ Մկրտչյանին օժտել էր ծիծաղ պարգևելու նախանձելի շնորհով։

20200826_123305~2

Նրա արվեստի հմայքը անսպառ հումորն էր՝ անկեղծ ու վարակիչ։ Եթե մտովի վերհիշենք քառորդ դար թատրոնում ու կինոյում անձնավորած նրա բոլոր հերոսներին, որոնք հիմնականում կատակերգական էին, հավանաբար, նրանց պարգևած ծիծաղը կհնչի փոթորկի ուժգնությամբ։

Ֆրունզիկ Մկրտչյանի հումորը դերասանական տեխնիկայի խաղ չէր, այլ իրական կյանքի զգացողությամբ ծնված անմիջական զրույց, որն առատորեն հորդում էր դահլիճ։ Եվ հանդիսականը, գիտենալով, որ չի խաբվում, լիաթոք արձագանքում էր դերասանի ամեն մի խոսքին, աշխուժանում էր նրա յուրաքանչյուր շարժումից։

Հետաքրքրականն այն է, որ Ֆրունզիկ Մկրտչյանն իր բեմական գործունեության առաջին շրջանում (սկզբում Գյումրու, ապա՝ Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում) նշանակալի հաջողության է հասել հիմնականում բացասական կերպարներ մարմնավորելով՝ Կոն («Թշնամիներ»), Սաղաթել («Պատվի համար»), Խուլ («Երկու գույն») և այլն։

1959 թվականին ռեժիսոր Հ. Մարտիրոսյանը նրան հրավիրեց «01-99» կարճամետրաժ ժապավենում նկարահանվելու։ Գրեթե անեկդոտային ֆաբուլա ունեցող այս ֆիլմում արտիստն ստեղծեց կինեմատոգրաֆիական հյութեղ կերպար։ Գարսևանը մեծ էկրան տանող ճանապարհի առաջին լուրջ փորձությունն էր, որից և հաջողությամբ սկսվեց դերասանի երթը կինոյի բարդ ու դժվարին արվեստում։

20200826_123157~2

Ֆրունզիկ Մկրտչյանին թատրոնում տրվեց երջանիկ հնարավորություն՝ հանդես գալու Զամբախովի բարդ հոգեբանական դերում։ Եվ նա արտիստական ինքնատիպ մեկնաբանությամբ ներկայացրեց բեմական հարուստ ավանդներ ունեցող սունդուկյանական այդ հերոսին։ Իսկ «Մոսֆիլմ» կինոստուդիայում ստեղծված «Միմինո» և հայկական «Զինվորն ու փիղը» ժապավեններում ունեցած դերակատարումները գնահատվեցին բարձր պարգևներով՝ առաջինն արժանացավ ՍՍՀՄ պետական, երկրորդը՝ տղամարդու լավագույն դերի համար սահմանված մրցանակի։