Շուշան Վահանյան

Ծիրանի չրի ճամփորդությունը և անփառունակ վախճանը

Ուզում եմ պատմել մի փոքրիկ զվարճալի դեպք մեր գյուղի առօրյայից:

Ի տարբերություն Արարատյան դաշտավայրի բնակավայրերի, մեր գյուղում` Շիրակի մարզի Բանդիվանում, տարիներ առաջ ընդհանրապես որևէ մրգից չիր չէին պատրաստում, բայց հիմա մեր գյուղում շատ տնտեսուհիներ, այդ թվում մայրս, սկսել են չրագործությամբ զբաղվել:

Սովորականի պես այս տարի մայրս մաքրեց, լվաց Հայաստանի զարդը՝ քաղցր ծիրանը, գեղեցիկ շարեց սկուտեղի մեջ ու այդպես մի քանի օր շարունակ սկսեց ամեն օր արևի հետ չիրը պտտել մեր տան մեջ: Չգիտես ինչու, մի օր էլ մայրս որոշեց չիրը դնել մեքենայի վրա.

-Արևն ըդեղ ավելի լավ կտաքցնե, չիրը շուտ կչորնա,- ասաց ու դրեց:
Դե, հայրս էլ, խոտհնձի գործերով խառը, արագ եկել էր տուն, որպեսզի մեքենայով շտապ դաշտ գնար: Չէր նկատել սկուտեղներն ու նստել էր մեքենան, իր հետ մինչև հարևանի դուռ տարել էր մեր չիրը: Պարզ է, սկուտեղն ընկել էր: Հայրս սկուտեղը տվել էր մեր հարևանի երեխային, որպեսզի բերի մեր տուն: Էս երեխան եկել էր, բայց տուն չէր մտել: Սկուտեղը դրել էր դռան մոտ: Դե, մեր բարի հավերն էլ եկել-կերել էին, ու մայրիկիս աշխատանքը ջուրն էին գցել:

Մենք մտածում էինք, թե սկուտեղը կա, չիրը` չէ: Տեսնիս` ի՞նչ է եղել: Երեկոյան հայրս եկավ ու ամեն բան ընկավ իր տեղը: Միայն թե մնացինք առանց չրի: