Ծիրանի ջեմ

Ակնալիճ գյուղում ծիրանը հասել է: Երեկ մայրիկս ասաց. «Վաղը ջեմ ենք եփելու»։ Առավոտյան արթնացրեց, ու անցանք գործի։ Ես պատրաստվում էի ծիրանն ու կորիզը առանձնացնելու գործին, բայց մայրս ուղարկեց ինձ ծիրան քաղելու։ Գնացի․ ընկերոջս հետ իրենց ծառից քաղեցինք, բերեցինք։ Մայրս արդեն առանձնացրել էր ծիրանն ու կորիզը, իսկ մեր բերածը ծիրանի հյութի համար էր երևի։ Միասին ծիրանով լի մեծ կաթսան դրեցինք գազօջախին: Ընթացքում մեր հարևանուհին եկավ։ Դե երևի գիտեք, որ գյուղում, եթե մեկը պահածո է փակում, հարևանները ասում են՝ «ուրախությունով լինի», մեզ էլ ասաց ու մայրիկի հետ սկսեց զրուցել։

-Սպասում եմ՝ եփվի, որ քամեմ,-ասում էր մայրս։

-Չէ, չէ, ի՞նչ քամել։ Սա թափարզի ծիրան ա, եթե շալախ լիներ նոր պիտի քամեիր։ Շալախի մեջ մազմզիկներ կան, սա ուղղակի լավ եփի,-բացատրեց մեր հարևանուհին։

Մի բաժակ սուրճ խմելուց հետո գնաց։ Մորս հետ նստած էինք, սկսեցի հարցեր տալ։

-Մամ, պահածոների մթերքը հիմա՞ է հեշտ ձեռք բերել, թե՞ առաջ։

-Դե էն ժամանակ էլ էր մատչելի, հիմա էլ։ Կոպեկներ էր։ Ոնց որ հիմա, էն ժամանակ էլ առևտրականները մեքենաներով պտտվում էին փողոցներով։

-Իսկ մութ ու ցուրտ տարիներին պահածո փակո՞ւմ էիք։

-Էդ տարիներին միշտ փակել ենք։ Մամաս միշտ անում էր, մենակ պահածո չէ, թթու էլ էինք դնում։ Դե համարյա բոլորի բակերում ծիրանի ծառ եղել ա, փակում էին կոմպոտ, ջեմ, ծիրանի հյութ։ Էն ժամանակ ծիրանի հյութը բացում էինք, հացով խմում էինք։

-Իսկ կա՞ պահածոյի տեսակ, որ էդ տարիներին պատրաստել ես, հիմա՝ չէ։

-Հա, ոնց չկա։ Օրինակ հենց ջեմը։ Ես այսքան ժամանակ ե՞րբ եմ ջեմ փակել։ Երևի 22 տարի կլինի, որ չեմ փակել։ Ոչ մեկս չէր սիրում։ Հիմա դու ես սկսել ուտելը, քո համար եմ փակում։

-Մամ, իսկ եղե՞լ ա դեպք, որ ձեր փակած պահածոները վաճառեք։

-Չէ, մենք տենց վատ չենք ապրել։ Մամաս էլ, պապաս էլ աշխատել են։ Եղել ա, որ հարևաններին ենք տվել, ովքեր դրա կարիքը ունեցել են, կամ բարեկամների։

Իհարկե, խոսակցության ընթացքում չէինք մոռանում խառնել գրեթե պատրաստի ջեմը, թե չէ կկպչեր տակը։

-Սոն, գնա շաքարավազը բեր, մենակ թե արագ,- խառնված ձայն տվեց մայրս:

Դե մինչ պատրաստ կլինի, ես որոշեցի կորիզ մաքրել, համ էլ ուտել:

Կարծես թե պատրաստ է, մնում է`սառչի:

Մաման կանչեց, ջեմը արդեն պատրաստ է, պիտի տարաները լցնենք։ Գնացի․․․