aniharutyunyanarm

Ծիրանի օղի

Օղի քաշելու առաջին փուլը սկսվում է ծիրանի հասնելուն պես: Երբ դեռ ծիրանը ծառերին տերևների գույնն ունի, Գևորգն արդեն սկսում է նկուղից հանել, մաքրել, դասավորել ու հավաքել օղի քաշելու սարքը: Սարքը դեռ Գևորգի պապի ժամանակներից է մնացել, ինքն էլ միշտ ասում է.

-Մեր ընտանիքում լավ արաղ քաշելը ցեղական ա, ես էլ տղուս եմ սովորեցնելու։

Օղի քաշելու արարողությունն ընդհանրապես մեծ իրարանցում է առաջացնում հարևան տղամարդկանց շրջանում: Ովքեր հասցնում են տեսնել Գևորգին` սարքը հավաքելիս, արդեն ձեռքերը իրար շփելով սպասում են ծիրանի հասնելուն: Երբ ծիրանն արդեն մի քիչ քաղցրանում է, բուն նախապատրաստական աշխատանքները սկսվում են` պետք է ցախերը հավաքել ու ձեռքի տակ հարմար դասավորել, սարքի ամրությունը վերջնական ստուգել, օղու համար նախատեսված մեծ տարաները լվանալ ու նորից ձեռքի տակ պահել և վերջում, իհարկե, մի քանի փոքր բաժակ տանից բերել ու դնել կողքին, որովհետև տարիների փորձից Գևորգը գիտի` սկսելուն պես հարևաններն ու ընկերները կհավաքվեն` մի-մի բաժակ խմելու ու օղին փորձելու:

Ծիրանը հասնում է, բայց մինչև օղի դառնալը դեռ ճանապարհ ունի անցնելու։ Գևորգը ծիրանը հավաքում է, կորիզներից մաքրում, կորիզները լվանում ու փռում արևին։ Երեխեքը սիրում են ամբողջ բակը կեղև անելով ուտել չորացած կորիզները։ Կորիզազրկված ծիրանը լցնում է մեծ տարաները ու սպասում, մինչև ամբողջությամբ պատրաստ կլինի` դառնալու առիթների ժամանակ իր ու ընկերների սեղանի անբաժան մասը: Իսկ արդեն օղին քաշելու իսկական գործընթացը սկվում է, երբ ծիրանը, սարքը և հարևանները վերջնականապես պատրաստ են լինում.

-Դե լից, լից մի բաժակ խմենք, փորձենք,- առաջինը սկսում է Արթուրը, որ օղիներից գլուխ է հանում ու հենց Գևորգն էլ նրա կարծիքն է հիմնականում հաշվի առնում:

Բայց հո բոլորն էլ գիտեն, որ միայն մեկ անգամ քաշած օղին դեռ որոշակի համ, հոտ ունի, որոնք վերանում ու մաքրվում են երկրորդ անգամ քաշելուց հետո:

Մինչ Արթուրը փորձագետի հայացքով զննում է օղին, Գևորգը ուշադիր հետևում է, որ հանկարծ կրակը չհանգչի, թորված օղին այնքան չլցվի, որ բարձրանա ու թափվի, ու ընդհանրապես, Գևորգի գործը հեշտ չէ, որովհետև նա իր կատարած ցանկացած գործին լրջությամբ է մոտենում, օղի քաշելուն՝ առավել ևս, հեշտ չէ օրվա շոգ պահին անընդհատ հետևել կրակին, արագ գնալ գոմ, կենդանիներին ջուր հասցնել, մի քանի գործ անել դաշտում ու նորից արագ վազել դեպի օղին։ Հեշտ չէ, բայց Գևորգը հասցնում է, չի բողոքում, ասում է, որ հիմա մի քիչ կտանջվի, բայց ձմռանը ամեն ինչ իր տեղում կլինի:

Օղին քաշելու երկրորդ կամ երրորդ օրն արդեն օջախից մի փոքր հեռու փոքրիկ սեղան է հայտնվում՝ վրան հիմնականում մի քանի օղու բաժակ, պանիր, հաց ու կանաչի, լոլիկն էլ հենց կողքին է` այգում, ցանկացած պահի, երբ ինչ-որ մեկը գալիս է, Գևորգն արագ մտնում է այգի, քաղում ու հպարտությամբ կտրատում իր աճեցրած քաղցր լոլիկը: Սեղանի շուրջ միշտ տղամարդիկ են հավաքված, երեխեքն էլ սարքի կողքերը վազվզում են, Գևորգը բարկանում է.

-Շան լակոտներ, կամաց, ձեզ մի վնաս կտաք, արաղս էլ հարամ կանեք։

Բայց երեխեքը շարունակում են վազվզել, տղամարդիկ՝ խմել, երեխեքը հոգնում են վազվզելուց, տղամարդիկ խմելուց՝ երբեք։ Օղին քաշելու վերջին օրն արդեն բոլորով են հավաքվում Գևորգին շնորհավորելու ու մի կտոր հաց ուտելու։

Վերջապես օղին հասնում է նկուղ, բայց երկար էլ չի մնում, որովհետև Գևորգի օղին լավն է, իսկ հաճախորդները՝ շատ։