Ծիրանհավաքը

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Ամեն տարի մեր գյուղում`Արտենիում, բերքահավաքը ուշ էր սկսվում, քան մյուս վայրերում: Սկսում էինք հուլիսի տասից կամ մի քիչ շուտ: Իսկ այս տարի ջերմաստիճանային փոփոխությունների պատճառով ավելի շուտ սկսեցինք `հունիսի 30 -ին: Ջերմաստիճանը փոփոխություններ բերեց, և մենք էլ մեր եռուզեռը սկսեցինք: Ինձ թվում է, ձեզ կհետաքրքրի, թե ինչպես է կատարվում այս ամբողջ գործընթացը:

Առաջին հերթին գյուղացիները գտնում են հարմար գնորդին, ով առանց շատ «ջոկելու» և մնացորդ տալու կտանի ծիրանը: Գտնում են ու «բարիշում» մի գնով տանել բերքը մինչև վերջ: Հետո դաշտի տերը բանվորներ է վարձում, աստիճաններ և դույլեր պատրաստում բերքահավաքի համար: Բանվորների հետ ևս պայմանավորվում են վարձատրության, ճաշի և այլնի համար: Մենք էլ ունենք ծիրանի դաշտ, և այս տվյալները բոլորը ստույգ են, համոզված եղեք: Իսկ այս ժամանակահատվածում, ավելի քան երբևէ ամենապահանջվածը ամենափրկիչ ջուրն է բոլորի համար: Նաև նշեմ, որ մենք խմելու ջուր չունենք համայնքում, այլ ստանում ենք ցիստեռներով, իսկ ջուրը կոչում ենք`Թալինի ջուր:

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Այսպիսով, երբ այս ամենը պատրաստ է լինում, առավոտյան ժամը 8-ին շարժվում են բերքահավաքի աշխատողները: Մեր գյուղից 14 տարեկանից սկսած կան աշխատողներ, ովքեր իրենց օրավարձով ստեղծում են իրենց սեփական գումարը: Մի քանիսը մեկ շաբաթ, մի քանիսը ավելի քիչ են աշխատում: Նշեմ նաև, որ գնորդը տրամադրում է «շարողներ», ովքեր ծիրանները դասավորում են արկղում հորիզոնական կամ այլ ձևով: Դաշտի տերը մոտավոր, աչքաչափով վերցնում է արկղեր, որպեսզի այդքանը լցնի օրվա ընթացքում: Օրվա վերջում դաշտատերը հանձնում է արկղերը, հաշվարկում:

Այս տարի արտենցիները գոհ էին, որ կարկուտը «չտարավ» իրենց բերքը, իրենց եկամուտը, բայց դժգոհ էին բերքի քանակությունից:

Ինչևէ, ամեն ինչ լավ է: Գյուղացու եկամտի ստացման մի սեզոնը ավարտվեց: