Ծննդավայրս՝ իմ հրաշք Կոթին

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Ընդհանրապես Տավուշի մարզի բնությունը շատ սիրուն է, սակայն ինձ համար շատ յուրահատուկ բնություն ունի իմ ծննդավայրը` իմ հարազատ Կոթի գյուղը: Տավուշի մարզի միակ մեծ սահման պահող գյուղերից մեկն է, Ադրբեջանի հետ Կոթին ունի շուրջ 38կմ պետական սահման: Կոթի գյուղը իբրև բնակավայր գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից, այն կոչվել է Կոթ, Կոթիգեղ, Կոթի: Նախնական հետախուզական պեղումների արդյունքում պարզ դարձավ, որ այդ «անհիշելի ժամանակները» վերաբերում են մ.թ.ա. XVI-XV դարերին։ 1970թ. գյուղի մի բնակչի այգուց գտնվել է ուրարտական շրջանի մի արձան, որը համարվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակին: Արձանը ներկայումս, որպես պատմական արժեքավոր առարկա պահպանվում է Սարդարապատի ազգագրական թանգարանում:

1964թ. Կոթիգեղը վերանվանվել է Շավարշավան, տեղացի հեղափոխական Շավարշ Ամիրխանյանի անունով, իսկ 1991թ. որդեգրել է իր Կոթի պատմական անունը: Գյուղը սահմանամերձ է, ռմբակոծություններից տուժել են ոչ միայն մասնավոր տները, այլև մշակույթի տունն ու կենցաղային այլ օբյեկտներ:

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Գյուղի տարածքը ռազմաստրատեգիական առումով կարևոր նշանակություն է ունեցել դեռևս վաղ ժամանակաշրջաններում։ Այդ մասին են վկայում գյուղի տարածքում գտնվող երկու ամրոցները։ Առաջինը Շոր աղբյուրն է, երկրորդը, ցավոք, այժմ Ադրբեջանի վարչական տարածքում գտնվող սբ. Սարգիս (9-18դդ.) վանական համալիրն է:

Երրորդ հազարամյակի երկրորդ կեսից հայկական լեռնաշխարհում հայտնված ամրությունների այդ ձևը, ինչպես մասնագետներն են պնդում, կապված էր միայն ռազմական գործի զարգացման հետ։ Սկզբում հակառակորդ ցեղերի հարձակման դեպքում ամրոցները ծառայում էին որպես անասունների պատսպարան, սակայն ցեղային միությունների կազմավորման և ուժեղացման հետ աստիճանաբար վերածվեցին ռազմական հենակետերի։

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Կռվող են եղել այս հողի մարդիկ ու պատվախնդիր։ Կռվել ու մեռել են հանուն հողի ու պատվի։ Կռվող են եղել և 2795 տարվա մեջ նրանց ընդհանուր նահանջը կազմել է ընդամենը տասը կիլոմետր (Նշեմ, որ Քուռ գետը գտնվում է Կոթի գյուղից ընդամենը 10 կիլոմետր հեռավորության վրա):

Կոթին այժմ 2795 տարվա պատմություն ունի:

Նշեմ, որ պատմական այս հատվածն օգտվել եմ Կոթի գյուղի բնակիչ Անդրանիկ Սարատիկյանի «Այստեղից մինչև Քուռ գետ ընդամենը 10 Վերստ (կմ)» աշխատությունից:

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Շատ եմ սիրում Կոթիս, որովհետև և՛ տեղի բնակչությունն են շատ հյուրասեր և մարդավոր մարդիկ, և՛ բնությունն է շատ յուրատեսակ  և գեղեցիկ:  Ես էլ ինքս հաճախակի լուսանկարներ եմ անում  և Հայաստանի տարբեր բնակավայրերում էլ ինչքան էլ բնություն եմ նկարում, միևնույնն է,  գյուղիս բնությունը և թե նկարները միշտ ավելի լավ է պատկերվում: Ճիշտ է, վաղուց Կոթիում չեմ ապրում, սակայն իմ մանկության հաճելի հուշերը կապված են Կոթիի և Կոթի գյուղի «Ձիան ուրթ» կոչվող սարում: Գարնան սկզբից մինչ աշնան վերջ գյուղացիները միշտ անասուններին տեղափոխում են սարեր: Սարում ինձ բացի հրաշք բնությունից դուր էր գալիս այն, որ չկար հոսանք և չկար բջջային կապ: Իսկական հանգիստը յուրաքանչյուր մարդ պետք է նման հրաշալի վայրում անցկացնի, որպեսզի կարողանա լիարժեք  կտրվի հոգսերից: Ամեն առավոտ ժամը 5:00-ին արթնանում էինք և անցնում  կովերին կթելուն, ստացված կաթը զտում էինք, որպեսզի կաթը և, մեր բարբառով ասած, ըրաժանը առանձնացնենք, որ ըրաժանից սարքենք կարագ:

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Ձիան ուրթ սարում եթե ոչ ամեն օր, ապա  շաբաթվա մեջ մի քանի անգամ եղբայրներիս և մանկության ընկերներիս հետ գնում էինք անտառ և սունկ էինք հավաքում: Սովորություն էր մեզ մոտ, որ շաբաթվա մի քանի օրվա մեջ գնանք անտառ և չորացված փայտ հավաքենք և բերենք  խարույկ (ի միջի այլոց, նշեմ, որ մենք խարույկ անելուն «դոռոնջ» էինք ասում) անենք: Կարոտել եմ թե՛ մանկությանս օրերը և թե՛ Ձիան ուրթ սարս, քանի որ 2009թ.-ից մինչ օրս չի ստացվում, որ գնամ սար և մանկության օրերս վերհիշեմ: Վերջին անգամ գնացել էինք մեր այնտեղի օդեն (կացարանը) քանդելու:  Մեր օդայի տեղում այժմ մնացել է իմ և եղբայրներիս կողմից տնկված ծառը և թոնիրը:

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Կոթիի ժողովուրդը շատ հյուրընկալ է եւ մեծ սեր ունի զինվորի հանդեպ։ Յուրաքանչյուր կոթեցու տան դուռը բաց է զինվորի առաջ։ 1990-ական թթ.-երին  զինվորներն էլ ազատ ժամանակ իջնում էին գյուղ, շփվում էին գյուղացիների հետ, օգնում էին միայնակ ծերերին, կանանց։ Գյուղացիներն էլ իրենց հերթին ծնողական սիրով ու ջերմությամբ էին շրջապատում զինվորներին, խնամում էին:

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Հայ-ադրբեջանական պատերազմի ավարտից 22 տարի անց էլ 2600 բնակիչ ունեցող Կոթիում անընդհատ կրակոցներ են հնչում: Հենց սկսում են չկրակել, մտածում ենք` տեսնես ի՞նչ է պատահել, հանկարծ ուրիշ բան չե՞ն պատրաստվում անել: Գարնանից, երբ սկսվում են գյուղատնտեսական աշխատանքները, ադրբեջանական կողմից արձակված կրակոցներն ակտիվանում են և շարունակվում մինչև աշնան վերջ` բերքահավաքի ժամանակ: Կոթիի 4000 հա հողերից մոտ 1080 հեկտարը սահմանամերձ է, իսկ 560 հա տարածք էլ չի մշակվում վտանգավոր և ականապատված լինելու պատճառով: Արդեն 20 տարի, հայ-ադրբեջանական հակամարտության սկզբից ի վեր, Ջողազի ջրամբարի անգործության մատնվելուց հետո Կոթիի 4033 հա հողերից ոչ մի մետր չի ոռոգվում: Գյուղացու աչքը ջուր է կտրել ոռոգման ջրին սպասելիս: Մինչդեռ այդ ջրատարով Կոթիում պետք է ոռոգելի դառնա 550 հա հողատարածք, ինչի արդյունքում որոշակիորեն կավելանան համայնքի սեփական եկամուտները: Սահմանագոտում աշխատատեղերը քիչ են: Սահմանամերձ գյուղերի բնակիչների  մի մասը օրվա հացի խնդիրը լուծելու համար պայմանագրային զինծառայության է անցնում:

Խորհրդային տարիներին գյուղում զարգացած էին խաղողագործությունը, պտղագործությունը, հացահատիկային կուլտուրաների մշակությունը: Իսկ այսօր գյուղիս բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ: Տղամարդկանց մեծ մասը դրսում է՝ արտագնա աշխատանքի՝ Կոթին էլ թողնելով կանանց, ծերերին ու երեխաներին:

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Կոթիի բարձունքներից մեկից երևում են ադրբեջանական Ղազախ և Թովուզ քաղաքները՝ Ղազախից հեռու ենք 18, Թովուզից` 30 կմ:  1991-1994 թթ. Կոթին ծանր ժամանակներ էր ապրում: Սակայն պատերազմական տարիներին կոթեցիները գյուղը չլքեցին` ապրելով նկուղներում ու թաքստոցներում, ականների պայթյունների ու կրակոցների ներքո: Գյուղացիներն ատամներով պահում էին մեր գյուղը, բայց հիմա` խաղաղության պայմաններում, շատերը չեն ուզում մնալ, որովհետև չգիտեն` ընտանիքը ինչպե՞ս պահեն:

Սահմանամերձ Կոթի գյուղը, ըստ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի, 2015թ. հունվարի 1-ի դրությամբ ուներ  2215 բնակիչ: Կոթիի դպրոցի շենքը նախատեսված է 830 աշակերտի համար: Խորհրդային տարիներին Կոթիի դպրոցն ուներ շուրջ 700 աշակերտ: Ըստ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի, Կոթիի միջնակարգ դպրոցի աշակերտների թիվն այժմ 287 է: Դպրոցի աշակերտների թվի նվազումը պայմանավորված է նաև այս տարի ադրբեջանական զինուժի կողմից  գյուղի պարբերաբար գնդակոծությամբ: Դրանից հետո շատ ծնողներ իրենց երեխաներին տեղափոխեցին Նոյեմբերյան քաղաք, Հայաստանի այլ բնակավայրեր:

Կոթիի դպրոցի շենքը  գտնվում է  սահմանին մոտ, ադրբեջանական գնդակներից մեկը այս տարի խոցել է դպրոցի պարիսպը:
Յուրաքանչյուր կոթեցի համոզված է, որ սահմանում ապրող յուրաքանչյուր ընտանիք դիրքերը պահող զինվորի թիկունքին մի հույս է: Կառավարությունը պետք է ծրագրեր մշակի սահմանային բնակավայրերի համար, ներդրումներ իրականացնի: Այդ դեպքում մարդիկ էլ հույս կունենան, որ պայմաններ կան, որ ուշադրություն են զգում: Գյուղացիների ֆիզիկական տանջանքը շատ է, շահույթը` քիչ, որ տոկոսային հարաբերությամբ  վերլուծենք ընդանրապես գյուղացիների չարչարանքը չարժի:

1992-94 թթ. Փայտասարի (ադրբեջանցիներին այն հայտնի է Օդունդաղ անունով) լանջերից, Փարաքլուի բլրից հակառակորդը «գրադով» և տանկերով մահաբեր կարկուտ էր տեղում խաղաղ բնակիչների վրա:

Չհայտարարված պատերազմի տարիներին Կոթիում 40 հոգի է զոհվել` ազատամարտիկ եւ խաղաղ բնակիչ: Կոթեցիներից յուրաքանչյուրը կռվի տարիներին հարազատ, ընկեր կամ դրկից է կորցրել: Այստեղ ամեն բլուր, ամեն թուփ մի հերոսական, ողբերգական պատմության հետ է կապված: Գյուղի յուրաքանչյուր միջոցառման, հավաքույթի ժամանակ անպայման հնչում է կոթեցի ինքնուս երգահան Լյուդվիգ Բաբլումյանի հուզիչ «Հուշարձանները» երգը, և կոթեցիների սրտերը համակվում են անհուն թախիծով` շաղախված զոհված ջահել-ջիվան տղաների պայծառ հիշատակով:
Ես ինքս էլ իմ հնարավորությունների սահմանում օգնում եմ գյուղիս: Օգնության տարբեր խմբերի հետ համագործակցելով օգնություն ենք տարել Կոթիիս համար, որպեսզի գյուղիս ո՛չ մի երիտասարդ և ո՛չ մի տարեց մարդ իրեն միայնակ չզգա և տեսնի, որ  Երևանում և այլ մարզերում ապրող բնակչությունը ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԺՈՂՈՎՐԴԻ կողքին է: Վերջերս էլ  2015թ.-ի դեկտեմբերի 14-ին   կանգ առնելով Կոթի գյուղի վրա, նպատակ ունենալով տեղի երեխաների կյանքը ավելի ուրախ դարձնել` ապահովել նրանց 6 խաղասարքերից բաղկացած խաղահրապարակով: Սակայն գումարի ոչ լրիվ հավաքվելու պատճառով իրականացրեցինք խաղահրապարակի մի հատվածի տեղադրումը: Քանի որ վրա է հասել ձմեռը, և մենք ունեինք ընդամենը 3 խաղասարքի պատրաստման համար նախատեսված գումար, որոշեցինք, որ հիմա իրականացնենք խաղահրապարակի առաջին մասի կառուցումը, հետագայում  անպայման շարունակելու մտադրությամբ:

Ես միշտ էլ սիրել եմ Ամանորը դիմավորել Սահմանապահ Կոթի գյուղում: Քանի որ այն զգացողությունը, ինչ սահմանի բնակիչն է զգում սահմանում կրակելու ժամանակ` առանց վախի զգացումի ամանորյա պատրաստություն տեսնել, ոչ մի քաղաքի բնակիչ չի կարող այդ զգացողությունը զգա և թեկուզ պատկերացնի:
Ի՞նչ եմ ուզում ասել. բոլորդ միացեք ՄԵԶ կրակոցների տակ Նոր տարի նշելու: Կրակոցները դարձել են Սահմանապահ գյուղերի առօրյան. կրակոցները չեն կարող ոչ մի կերպ խանգարել տոնական տրամադրություններին:

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Մի փոքրիկ փաստ էլ արձանագրեմ: Տարիներ առաջ մեր հայրերը և պապերը, ովքեր բնակվում էին Երևանում, միշտ հավաքվում էին Ավետիք Իսահակյանի արձանի մոտ: Ես ուզում եմ, որ այդ ավանդույթը շարունակական բնույթ կրի, և ավանդույթը վերականգնելով փետրվարի 6-ին ժամը 15:00-ին Երևանում բնակվող կոթեցիների և կոթեցի ուսանողների հավաքույթ եմ կազմակերպում, որպեսզի մեր պապերի և հայրերի այս գեղեցիկ ավանդույթը շարունակվի:

Կոթի գյուղում ապրելը մեծագույն առաքելություն է, եվ տեղացիները սիրով ու նվիրումով կրում են իրենց կոչումը: