Ծննդյան հեքիաթ

Լույսը դեռ չէր բացվել: Սակայն երդիկներից բարձրացող ծուխն ասում էր, որ մարդիկ գիշերը չեն քնել:  Ճանապարհ ընկնելու ժամանակն էր: Կինը դժվարությամբ կռացավ, հագավ կոշիկները, գլխաշորով ծածկեց գլուխը: Ամուսինն արդեն գոմից դուրս էր բերել ավանակին և տան դիմաց սպասում էր կնոջը: Զգուշությամբ  օգնեց, որ կինը նստի: Ավանակը հնազանդ կանգնել էր: Ասես գիտեր, որ կինը հղի է, և ոչ մի շարժում չէր անում:

-Դեհ, գնացինք,- կիսաձայն ասաց ամուսինը և ավանակի սանձից բռնած` առաջ անցավ: Գյուղը կամաց-կամաց մնում էր հեռվում: Առավոտյան աղջամուղջի մեջ մոտակա գյուղերից մարդիկ էին միանում ճամփորդներին:

-Էս ճամփան ո՞նց ես անցնելու,- մի տատիկ կարեկցանքով նայեց հղի կնոջը: Բայց ոչ մի խորհուրդ չտվեց: Ի՞նչ կարող էր ասել.  հրաման է:  Կինը լուռ նայում էր մարդկանց թափորին: Հայրերի ու մայրերի գրկում, սայլերին կուչ եկած կիսաքուն երեխաները մեկ նայում էին իրենց շուրջը, մեկ նորից փակում աչքերը: Տեսնես իր որդի՞ն էլ այսպիսին է լինելու: Երևի այն ոսկե գանգուրներով տղայի պես, որ խաղաղ քուն էր մտել համընթաց ճռռացող սայլի ծածկոցների տակ: Կինը մի պահ աչքերը փակեց: Երբ հետ գան, ամուսինը գեղեցիկ օրորոց կսարքի: Ամենագեղեցիկը, որ ինքը երբևէ տեսել է:

Լույսը կամաց-կամաց բացվում էր, և երևում էին ճանապարհը եզերող լեռները: Ինչ երջանիկ օրեր են լինելու… Ինքը որդուն կառնի ու կբարձրանա այս լեռները, որտեղից ասես ողջ աշխարհը ափի մեջ է: Տղան մատը կտնկի հեռավոր սարերի կողմը, իսկ ինքը կպատմի, թե մանկության օրերին ինչպես էին սարերը ելնում, խաղում դաշտերում ու ձորերում: Կինը մտքում զրուցում էր դեռ չծնված որդու հետ, պատմում թափորին միացող մարդկանց մասին, գյուղերի, որոնք ամեն ոլորանից հետո ընդառաջ էին գալիս:

-Մի քիչ էլ դու նստիր, հոգնեցիր,- քնքշանքով դիմեց ավանակի սանձն ամուր բռնած ամուսնուն, որն ավանակի ամեն անզգույշ շարժումից անհանգիստ հետ էր նայում ու հարցական նայում կնոջը.

-Հը՞…  Չէ, իմ մասին մի մտածիր, այս ճանապարհը միշտ էլ ոտքով եմ անցել:

Կինը գիտեր, որ ամուսինն իրեն հանգստացնելու համար է այդպես ասում, բայց չէր հակաճառում: Գիտեր, որ մեկ է, չի համաձայնվի իր առաջարկին:

Կեսօրին թափորը դուրս եկավ ճանապարհից: Գետակի ծառերի տակ թափ տվեց ճանապարհի փոշին: Ամեն մեկն իր կապոցից հանեց ուտելիքը: Մայրերը նախ  զավակներին հաց տվեցին: Մինչ երեխաները վազվզելով այսուայնկողմ էին գնում, իրար ցույց տալիս, թե ում հացի մեջ ինչ կա, մայրերը լուռ սպասում էին: Ոչ ոք ոչ մի բան բերանը չդրեց, մինչև չհամոզվեց, որ երեխաներն արդեն կուշտ են… Կինը նայեց մայրերին ու մտածեց, որ ինքն էլ անպայման այդպես կանի, երբ որդին ծնվի: Թեև դեռ որդին չէր ծնվել, ինքն էլ մյուս մայրերի հետ սկսեց ուտել:

-Դու մեզ մի նայիր, կեր, քեզ ուժ է պետք,- հորդորում էին կանայք: Կինը հացից մի կտոր կտրեց և դրեց բերանը: Երբեք հացն իրեն այդքան համեղ չէր թվացել…

Քիչ անց տղամարդիկ վեր կացան տեղից:

-Ճամփան երկար է, գոնե մինչև արևի մայր մտնելը հասնենք,- ասում էին նրանք:

Կինը տեղից վեր կացավ: Նա այնքան հոգնած ու թույլ էր զգում, որ եթե իր կամքով լիներ, հենց այդտեղ էլ նստած կմնար… Ամուսինը նայեց կնոջը.

-Դուք ճամփա ընկեք, մենք ձեզ կհասնենք,-ասես զգալով կնոջ ուզածը` դիմեց նա մյուսներին:

Կինը ոչինչ չասաց, լուռ մոտեցավ ավանակին, որը հնազանդ սպասում էր, բայց նստել չկարողացավ:

Կինն ու տղամարդը դանդաղ էին քայլում: Մի քանի քայլը մեկ դադար էին առնում: Երևում էր, որ քայլելն անգամ դժվարացել էր:

-Շուտով կհասնենք,- ամեն անգամ քաջալերում էր ամուսինը,- Ես ամենալավ իջևանատունը կտանեմ քեզ, կպառկես, կհանգստանաս,- հորդորում էր նա:

Կինն էլ արդեն մտքով այնտեղ էր` տաք ու փափուկ անկողնում… Մութն ընկնում էր: Մարդիկ արդեն չէին երևում, երևի վաղուց հասել էին ու տեղավորվել: Մեկ-մեկ ուշացած անցորդներն արագ-արագ քայլերով անցնում էին նրանց կողքով: Բայց ոչ ոք այլևս կանգ չէր առնում: Ուշ էր:

Մութը վաղուց ընկել էր, երբ տղամարդը բախեց իջևանատան դուռը: Ինչ-որ մեկը ճրագը ձեռքին դուրս եկավ, գլուխը տարուբերեց, հետո նայեց հղի կնոջը, ձեռքով մի այլ տեղ ցույց տվեց: Տղամարդը գլխահակ ու մեղավոր մոտեցավ կնոջը:

-Շատ ենք ուշացել: Տեղ չկա: Բայց իջևանատերն ասաց, որ այստեղից քիչ հեռու մի ուրիշն էլ կա::

Կինը լարեց վերջին ուժերը, ամուր կառչեց ավանակի թամբից. «Գնանք»:

Բայց այնտեղ էլ արդեն ասեղ գցելու տեղ չկար:

Ամուսինն անհանգիստ թակում էր բոլոր դռները.

-Գոնե կնոջս տեղ տվեք, հղի է, ճանապարհից այնպես է հոգնել… Երկունքի ցավերն էլ բռնել են…

Թե ավելորդ գլխացավանքից ազատվելու համար, թե իսկապես ոչ մի տեղ այլևս չկար, բայց ի պատասխան միայն հնչում էր.

-Մի քիչ շուտ որ գայիք…

Երբ վերջին իջևանատան դուռն էլ փակվեց, կինը հանկարծ սարսափով մտածեց, որ հիմա իր որդին բաց երկնքի տակ լույս աշխարհ կգա… Իսկ ինքը երազում էր, որ նա աշխարհի ամենագեղեցիկ օրորոցի մեջ կպառկի, իր գործած ասեղնագործ ու տաքուկ վերմակով կծածկվի: Ինքը կնստի օրորոցի կողքին, անընդհատ կնայի իր մուշ-մուշ քնած որդուն, մի ձեռքը օրորոցին, որ եթե քնի մեջ հանկարծ թնկթնկա, ինքը մեղմ օրորի…

-Էս ի՞նչ անխիղճ բան եղավ…,- մի ծեր կին ասես կարդաց իր մտքերը,- ի՞նչ անես, որդի, հո էս ծննդկանին դրսում չե՞ս թողնի: Քաղաքից որ դուրս գաս, մի քարանձավ կա, շատ հեռու չէ: Հովիվները ձմեռն այնտեղ են տանում իրենց հոտերը: Գոնե այնտեղ հասցրու կնոջդ:

Տղամարդը չէր շարժվում. մի՞թե իր կինը գոմում պիտի երեխա ունենա… Մի՞թե այս աշխարհում մանկան համար անգամ գլուխը դնելու տեղ չգտնվեց: Կինն էլ վշտացած էր, սակայն այլևս ուժ չուներ ոչնչի մասին մտածելու:

-Գնանք,- հորդորեց նա: Եվ մթնում կորած փակ ու անհյուրընկալ տների կողքով լուռ անցան ու դուրս եկան քաղաքից: Գիշերվա խավարի մեջ միայն մի աստղ էր ասես գնում նրանց հետևից: Կինը երախտապարտ էր ‎գիշերվա խավարը ցրող աստղին, որը լուսավորում էր նեղլիկ արահետը:

Գոմում  մի քանի գառ ու ոչխար էին կծկվել ու գրկել իրար: Երբ ճամփորդներին տեսան, ասես ամեն բան հասկանալով` մի կողմ քաշվեցին, որ կինն ու տղամարդը ներս մտնեն ու տեղավորվեն գոմի ամենատաքուկ անկյունում` դատարկ մսուրքի մոտ: Կինն ուժասպառ պառկեց գետնին, չոր հարդի վրա: Տղամարդն իրար անցած սկսեց խարույկ վառել: Քարանձավը լուսավորվեց կրակի թույլ բոցերից: Ճանապարհին ուղեկցող աստղը ասես կախ ընկավ քարանձավի շրթից, թվում էր, թե ինքն էլ հետևում է կնոջն ու փորձում իր լույսն էլ հղել քարանձավից ներս:

Քիչ անց լռությունը խախտեց լույս աշխարհ եկած մանկան ճիչը: Նրա փոքրիկ մարմինը մի պահ դողաց գիշերվա ցրտից: Կինն իսկույն փաթաթեց նրան գլխաշորով ու առավ գրկի մեջ, որ մանուկն իր մարմնի ջերմությամբ տաքանա: Մանկան լացն էր պատճառը, թե անսովոր այդ երեկոն, բայց գառները հրճվագին մայեցին ու մոտ եկան:

Կինը թույլ ժպտաց ու ասես ինքն իրեն շշնջաց.

-Ահա իմ որդին…

Կրակի բոցերն ասես ավելի ուրախ կայծկլտացին և լուսավորեցին քարանձավի պատերը: Միայն թե այս անգամ լույսերն ավելի վառ էին, ասես հազարավոր աստղեր միաժամանակ սկսեցին փայլել ու պար գալ քարանձավում: Կինը որդուն ավելի ամուր գրկեց ու զարմացած նայեց շուրջը: Լույսերն ասես մարմին առան: Պա՞ր էին գալիս, թե՞ իրեն է թվում… Բայց ահա մեղմ ու վճիտ ձայներ էլ խառնվեցին կրակի ճարճատյունին: Հոգնածությունի՞ց է, թե՞ իսկապես զանգակներ են ղողանջում, այս ինչ հրճվագին մեղրածոր ձայներ են, ճիշտ այնպիսիք, ինչպիսիք հնչում էին այն օրը, ինը ամիս առաջ, երբ ինքն իմացավ, որ որդի պիտի ունենա: Հետո նայեց տղամարդուն: Նա էլ կարկամած ծունկի էր եկել մանկան առաջ… Չէ, իրեն չի թվում, քարանձավն ասես երկնային լույսերով ողողված պալատ էր դարձել, այնպիսին, որի մասին ինքն անգամ ամենահամարձակ երազանքներում չէր կարող պատկերացնել:

-Փառք Աստծուն`  բարձունքներում, և երկրի վրա խաղաղություն և հաճություն` մարդկանց մեջ,- հնչում էր երգը:

Նա արդեն հստակ լսեց ու տեսավ երկնային հրեշտակների երջանիկ գնդերը, որոնք թիթեռների պես լողում էին օդում և հիացած նայում նորածին մանկանը:

Կինը նայեց մանկանը և հասկացավ, որ այս աշխարհի ամենաչքնաղ պալատներն ու զգեստներն անգամ գորշ ու գունատ են, աղքատ ու թշվառ, որովհետև մանուկն այնտեղ չծնվեց, այլ այստեղ` գառների մսուրում:

Ահա այսպես ձմեռային այդ խավար գիշերվա մեջ մարդկանցից հեռու, ոչխարների մոռացված մսուրում մեզ համար Փրկիչ ծնվեց: Նրա դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր մութ գիշերին անգամ, ճանապարհից հոգնած ու մոլորված բախելու են Իր դուռը:

-Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

-Մեզ և ձեզ մեծ ավետիս: