ani jilavyan

Ծնողներ և զավակներ

Այն հարցերը, որոնք հուզում են մեզ

«Մտքերդ հավաքի՛ր, գրիչդ վերցրու ու սկսիր գրել նոր նյութդ,- մենախոսում եմ ես,- մի՛ մտածիր, գուցե այս անգամ ստացվի, այս անգամ հավանես գրածդ,- շարունակում եմ, տետրս բացելով»:

Վերջերս, ամեն անգամ նյութ գրելիս պետք է երկար տրամադրվել և փորձել, քանի որ, ինքս էլ չգիտեմ, թե ինչու դժվարությամբ է հիմա ստացվում գրելը, և գրեթե ոչ մի անգամ արդյունքը դուրս չի գալիս: Ու ամենաշատն ինձ հուզում է, թե ի՞նչն է իմ ստեղծագործական ճգնաժամի պատճառը: Ցավոք, չեմ կարողանում հասկանալ: Ինչ թեմա էլ լինում է, միևնույն է, ինձ թվում է, որ այդ հարցի շուրջ գրել ոչինչ չի լինի և անիմաստ կլինի, բոլոր մտքերս մի վայրկյանում դատարկվում են, բացի մեկից` «Միևնույն է չես կարողանալու լավ նյութ գրել»: Այդ մտքին հաջորդում են մյուսները` «Ախր, ինչու՞ չեմ կարող, միշտ էլ կարողացել եմ, կստացվի, հիմա կապացուցեմ, որ կստացվի», բայց թեմայի վերաբերյալ ոչ մի միտք չի գալիս, և երկար նստում եմ տետրս բաց, գրիչս ձեռքս, մտքերում` խառնաշփոթ: Երկար դադարից հետո երբեմն ստացվում է լավ խորհել թեմայի շուրջ և ինչ որ նյութ գրել, երբեմն էլ` ոչ: Անգամ, երբ մտածում եմ ինչ-որ ազատ թեմայով նյութ գրելու մասին, բոլոր թեմաները և մտքերը միանգամից դատարկվում են կամ էլ անհետաքրքիր թվում:

«Ամեն ինչ անցողիկ է»,- հանգստացնելով ինքս ինձ, փակում եմ տետրս, որի թերթի մաքրությանը խանգարում է միայն չգրված նյութի վերնագիրը:

Այն հարցերը, որոնք հուզում են ծնողներին

-Չգիտեմ, թե այսօր ինչ եմ եփելու,- լսեցի մայրիկիս ձայնը` մտնելով խոհանոց:

-Մի բան եփիր,- ասաց պապիկս:

-Հեշտ ես ասում, մեզ ի՞նչ կա, ամեն ինչ էլ ուտում ենք, երեխաներն են հարցը` ամեն ինչ չի, որ ուտում են: Մեկը մի բանը սիրում ա, մյուսը` չէ: Լավ եկար,- շարունակեց մայրիկս նայելով ինձ, -ի՞նչ կուզեք եփեմ:

-Եսիմ,- կարճ պատասխանեցի ես:

-Այսի՞նքն` եսիմ:

-Դե գոնե որոշ տարբերակներ ասա, որոշեմ:

-Օրինակ, հավի միսը ջեռոցում, եփած, ճաշի մեջ, թե՞ տապակած: Հետն էլ փլավ:

-Ինձ` մեկ ա:

-Եղբորդ հետ խորհրդակցիր, արի, ասա:

-Լավ,- ասացի ես ու քայլեցի դեպի սենյակ, որպեսզի այդ կարևոր հարցին լուծում գտնենք: Ճանապարհին մտածում էի, թե ինչքան դժվար է ամեն օր մտածել, թե ինչ եփել, երբ ուտողները իմ և եղբորս նման ամեն ինչ չէ, որ ուտում են: Ինչքան դժվար է ամեն անգամ մի նոր ճաշատեսակ գտնել կամ մտածել, որպեսզի չհոգնենք ուտելիքից: Ինչքան դժվար է, երբ ես ու եղբայրս ի վերջո նույն հայտարարի չենք գալիս, և ամեն մեկիս համար մայրիկն առանձին բան է պատրաստում: Մտնելով սենյակ և նայելով եղբորս` ուղղեցի նրան այդ ճակատագրական հարցս:

-Երևի հավի մսով ճաշ,- պատասխանեց նա:

-Է~, իսկ եթե տապակա՞ծ հավ,- առաջարկեցի ես, չհավանելով նրա պատասխանը:

Մի քանի րոպե ամեն մեկն առաջարկում էր իր տարբերակը և համոզում, թե ինչու հենց այն: Ի վերջո գալիս ենք մի հայտարարի, և ես վերադառնում եմ խոհանոց, որ ասեմ մայրիկին, թե ինչ է եփելու: Մեր որոշումն ասելուց հետո մայրիկը կրկին դիմում է ինձ.

-Դե, դա ճաշի համար, բա հիմա ի՞նչ կուտեք:

-Հիմա՞,- զարմանում եմ ես,- եսիմ: Դժվար բան ես ասում: Մի մտածիր, մի բան կուտենք, հիմա սոված չենք,- ասում եմ ես արագ ու դուրս գալիս խոհանոցից, մտածելով, որ տատիկիս հայրը ինչ-որ տեղ ճիշտ էր ասում, որ լավ կլիներ, եթե մարդիկ ստեղծեին այնպիսի հաբեր, որ խմեինք կամ ծամեինք և կշտանայինք: Այդպես իսկապես, իմ կարծիքով, և՛ մեզ ավելի հեշտ կլիներ, և՛ մայրիկներին: