marieta baghdasaryan

Ծրագրավորողի օրագիր․ Ո՞վ ենք մենք

Եթե դու ուսանող ես ու ինքնամեկուսացած ես, տանը քեզ փրկում են ֆեյսբուքը, երբ հավես չունես, կամ Netflix-ը, երբ նույնիսկ տարեգրքի վարուվերի հավես չունես։ Մեկուսացումը բան չի փոխել քո կյանքում առանձնապես, որովհետև դասերը կան՝ առցանց, բայց կան։ Սրանից հարյուր տարի առաջ, եթե մեկին ասեին, որ համաճարակի ժամանակ կամ առանց դրա, մարդիկ տնից էլ դասի ու աշխատանքի են լինելու, Ռեյ Բրեդբերի կդառնային։ Ուղիղ հարյուր տարի (Google-ել եմ, հավատացեք)։

Ու մինչ կյանքը տանը կանգ չի առնում՝ առցանց կյանքի փոխարինվելով, ես մտածում եմ, թե ինչ է փոխվել, ու ոնց ենք հասել այսչափ անելիքով լի ինքնամեկուսացման։ Ինչքան նոր ծրագրեր են ստեղծվում մեր ժամանցը ապահովելու համար, ու ինչքան են թարմանում դրանք ամեն օր։ Մարդկային ուղեղի տեխնիկական արդյունքներն են մեր առօրյան դարձրել այսքան «գաջեթառատ» ու ավելի հեշտ։ Էդվարդ Ֆորսթերի՝ 1800-ականներին գրված գրքերում գուշակված Facebook-ն  ու Twitter-ը այսօր մեր գրպանում են՝ շնորհիվ մարդկանց, ովքեր օրվա մեջ 27 ժամ են ծախսում համակարգչի էկրանի առաջ ու լիտրերով սուրճ խմում։ Վերջին ոչ պաշտոնական սահմանմամբ խորանալով՝ հասնում ենք մի մասնագիտության, որը ժամանակակից աշխարհում ծրագրավորող է կոչվում։ Ըստ գուգլի սահմանման՝ ծրագրավորողները գրում և ստուգում են կոդ, որը թույլ է տալիս համակարգիչներին աշխատեցնել ինչ-որ ծրագրեր, այսինքն՝ Facebook-ի աշխատանքի հետևում ընդամենը 62 միլիոն տող կոդ է։ 62 միլիոնից ավելի բաժակ սուրճ, 62 միլիոնից ավելի փորձ ու ձախողում։ Ուշադրության դեպքում կարելի է նկատել, որ վերջին նախադասություններում ծրագրավորողի մասնագիտության մասին խոսելիս չկար ոչինչ արդուկ վերանորոգելու, Instagram-ի գաղտնագրեր կոտրելու (հաքեր՝ ծրագրավորողի քույր մասնագիտություն) կամ համակարգիչներ ֆոռմատ անելու մասին։ Այս մոդայիկ մասնագիտության հետևից գնում են մեր օրերում շատերը, երբեմն նույնիսկ չպատկերացնելով ոլորտի լայնությունն ու դժվարությունները։ Առցանց հարթակներում ամեն օր հայտնվող հայտարարությունները, ըստ որոնց միայն ու միայն իրենց երկու ամիս տևող դասընթացների արդյունքում դու կդառնաս «ուժեղ դեմք», երբեմն ցրում են այս մասնագիտության լրջության ծանրությունն ու նրան ավելորդ փայլ հաղորդում։ Իրականում այն, ինչ կատարվում է մեր համակարգիչների ամենախորքում, իր ամենաիրական բնորոշումը ստացել է Շեքսպիր պապիկից «լինել, թե չլինել» թևավոր խոսքով, քանզի ամենաստորին մակարդակում ամեն ինչ կախված է 1 ու 0 այս ոչինչ չասող ու ամեն ինչ ասող թվերի դասավորություններից։ Ծրագրավորող ուսանող ասելիս մարդիկ երբեմն պատկերացնում են ծանր ուսապարկով, ակնոցով ու հոգնած հայացքներով տղաների, մինչդեռ առաջին ծրագրավորողը կին է եղել (Ադա Լավլեյս), ով մասնագիտությամբ մաթեմատիկոս է եղել։ Մաթեմատիկան իրականում ծրագրավորման հայր գիտությունն է, որը ոչ երկու ամսում սովորելիք է, ոչ էլ «թթու թան ու ամեն մարդու բան»։ Այսպիսով, եթե ուզում ես դառնալ վաղվա Մակ Ցուկերբերգը կամ Իլոն Մասկը, գնա ու սկսիր մաթեմատիկա սովորել։ Իսկ թե ինչու կարելի է դառնալ վաղվա Ցուկերբերգն ու Մասկը, կիմանաք իմ ՝ ինքնամեկուսացածի օրագրի հաջորդ հոդվածներում։