Կալավանի «Անտառային խոհանոցը»

Լուսանկարը` Էլյանորա Բալյանի

Լուսանկարը` Էլյանորա Բալյանի

Իմ փոքրիկ գյուղը՝ Կալավանը, ոչ միայն աչքի է ընկնում իր գեղեցիկ բնությամբ ու հիասքանչ տեսարաններով, այլ նաև համեղ, օգտակար ու, իհարկե, էկոլոգիապես մաքուր սննդով՝ կանաչիներով, մրգերով, բույսերով, համեմունքներով: Գյուղում կան մոտավորապես 120 տեսակի բույսեր, որոնք օգտագործվում են Կալավանի այցեքարտերից մեկում ՝ «Անտառային խոհանոցում»: «Անտառային խոհանոցի» ուտելիքների մասին ինձ պատմեց Շողիկը՝ խոհանոցի գլխավոր խոհարարը: Նա այնքան սիրով էր պատմում, որ մի պահ ինձ թվաց՝ արդեն զգում եմ տապակած կանաչիների, կոմպոտների, թեյերի ու թթուների համով հոտերը:

Լուսանկարը` Էլյանորա Բալյանի

Լուսանկարը` Էլյանորա Բալյանի

Շողիկն ասաց, որ կանաչիները հավաքում են անտառներից ու պատրաստում տատիկներից սովորած հին ու ավանդական եղանակներով: Օրինակ՝ կարմրաբանջարը, շուշանը, իսկոթը, բանջարը (եղինջ) տապակում են յուղի կամ ձեթի մեջ և մատուցում անարատ մածունի հետ, ապուրներ պատրաստում են փիփերթից, ավելուկից, բանջարից (եղինջ), իսկ թթուները, որոնց համից գրեթե անհնար է կշտանալ, պատրաստվում են գայլիսկոթից, գինազոխից, սանդրուկից:

Շողիկը մեր օտարերկրացի հյուրերին, որոնք քայլարշավից հոգնած վերադառնում են, կազդուրիչ ու շնչառությունը կարգավորող բույսերից՝ զիվանից, խնկածաղկից, դաղձից և ուրցից պատրաստված թեյեր է մատուցում, իսկ այ, տապից զովացնելու համար վայրի տանձի, խնձորի, ազնվամորու և հաղարջի հյութեր է հյուրասիրում:

Այս տարօրինակ անուններով բույսերը, համեմունքները, հատապտուղները կազմում են Կալավանը՝ իր համ ու հոտով, իր նմանը չունեցող «Անտառային խոհանոցով»: Դրանք, իհարկե, ամբողջական չէին լինի առանց Շողիկի, որը մինչև վերջ պատրաստում և պատմում էր նույն եռանդով և աշխատասիրությամբ: