Aspram Parsadanyan

Կամքի հաղթանակ

Երբեմն պատահում է, երբ մի փոքրիկ դիպված փոխում է մեր կյանքը: Չափազանցությո՞ւն համարեցիք: Ուրեմն, այսպես կձևակերպեմ, երբ փոխվում է մտածելակերպդ, ապրելաոճդ, երազանքներդ:

Ես սիրում էի ու սիրում եմ սպորտը: Չէ՜, չմտածեք, թե ես այն աղջիկներից եմ, ովքեր  չգիտես՝ ինչու,  ձևականությունների հետևից ընկնելով, ասում են, թե սիրում են սպորտը, կամ ավելի ճիշտ, ֆուտբոլը: Այնինչ իրականում ֆուտբոլ նայում են գեղեցիկ ֆուտբոլիստների համար: Ես ֆուտբոլն ավելի քիչ եմ սիրում, քան հանդբոլը, բասկետբելը, վոլեյբոլը (երևի նրանից է, որ դրանք ավելի լավ եմ խաղում):

Ձմռան մի գեղեցիկ  օր մեր` Բերդավանի դպրոցում, հայտնվեց մի կին, ով ներկայացավ մեր նոր ֆիզկուլտուրայի ուսուցչուհի: Ե՛վ ուրախ էի, և՛ տխուր: Կարծում էի՝ նա չի կարողանա կառավարել դասարանի տղաներին, ու դասերը կտապալվեն: Բայց մի շաբաթ չանցած ուսուցչուհիս հակառակն ապացուցեց: Մենք այնքան մտերմացանք, որ նա սկսեց փոխել ինձ ու իմ կարծիքը: Մեր զրույցները հաճախակի դարձան, անհամբեր սպասում էի նրա դասերին: Մենք խաղում էինք այն խաղերը, որոնց մասին ես ուղղակի երազում էի: Նետումներս գնալով ավելի դիպուկ դարձան:

Մի օր ուսուցչուհիս հայտնեց, որ տղաների խմբակ է բացվելու: Աղջիկներն էլ միայն կմարզվեին: Տղաները պետք է ավելի շատ խաղային ու մարզվեին. մրցումները մոտենում էին: Ես կոտրվեցի, իսկ մե՞նք:

Մի քանի շաբաթ շարունակ տղաների հետ գնացինք մարզումների: Չգիտեմ էլ ինչու, բայց ուսուցչուհիս ինձ ամեն անգամ գցում էր տղաների թիմ ու ասում` Խաղա՛, իսկ ինքը խաղում էր հակառակորդ թիմում: Սկզբում ամաչում էի, հետո սկսեցի չնկատել ոչինչ ու ոչ մեկին: Երբ գնդակը հայտնվում էր իմ ձեռքում, ես մոռանում էի ամեն ինչ, նպատակս լինում էր միայն գնդակը զամբյուղի մեջ նետելը: Ուսուցչուհիս գնահատում էր իմ ամեն մի հաջողությունն ու ճիշտ քայլը, ուղղում սխալներս: Իսկ տղաները բողոքում էին, ասում էին, թե կոպիտ եմ խաղում:

Շուտով բացվեց աղջիկների խումբը (դե իհարկե, երկար համոզելուց հետո): Մենք նույնպես մասնակցեցինք մրցումներին: Ես նշանակվեցի թիմի ավագ: Ուսուցչուհիս սովորեցրել էր մեզ լինել վստահ  մեր քայլերում, լինել համառ, ունենալ նպատակ և ցանկացած գնով հասնել դրան. թե՛ կյանքում, ու թե՛ խաղում:

Մրցավարի սուլիչը ճչաց, գնդակը հայտնվեց օդում: Պետք էր ցատկել ու վերցնել այն: Ես հարվածեցի, ու գնդակը հայտնվեց մեր թիմի ձեռքում: Ամեն ինչ կարծես լավ էր, մինչև այն պահը, երբ ես ստացա ծանր վնասվածք՝ արմունկով ուժեղ հարված ծնոտիս (այդ օրը ես հասկացա, որ աղջիկները բնավ էլ թույլ էակներ չեն): Առաջին բուժօգնություն ու հրաման, որ դուրս գամ խաղից: Իրական սարսափ. ես մոռացել էի ցավս ու տառապում էի այն փաստից, որ չեմ խաղալու մի ողջ խաղակես: Տառապանքս երկար չտևեց. մեր թիմը արդարացրեց թե՛ իմ, թե՛ ուսուցչուհուս սպասումները: Գոռում էինք, գրկում իրար, վայելում հաղթանակի բերկրանքը: Չէ որ դպրոցում ոչ ոք չէր հավատում, որ աղջիկները կհաղթեն, ավելին, անիմաստ էին համարում խմբակի բացվելը:

Ձեզ չի՞  հետաքրքրում, թե տղաները ինչ արեցին խաղում: Դե իհարկե պարտվեցին, միայն այն պատճառով, որ գերագնահատում էին իրենց, կամ էլ մեր <<նավսն>> էր (ինչպես իրենք էին ասում):

Ցավալին միայն այն է, որ սպորտը խլեց ինձնից աղջկական նրբությունս ու պարգևեց ծնոտի ցավ: Չնայած, ամեն անգամ, երբ այն ժանգոտած դռան նման սկսում է ճռճռալ, ես հիշում եմ իմ սպորտային օրերը, հաղթանակները ու կրկին վերապրում եմ կատարելության տանող հաղթանակի բերկրանքը: