anush margaryan

Կանաչ-կանաչ կակտուսիկներ

-Ա՛ն, գիտե՞ս՝ չեմ կարծում, որ մամադ ուրախությունդ կկիսի, արդեն բուսաբանական այգի ես դարձնում…

-Է՜, Արփին, չէ՛, էլ ո՞ւր մնաց հարմարվողականությունը: Հետո էլ ես Սուկուլենտների թագուհին եմ, մոռացե՞լ ես: Ես եմ ընտրյալը. հասարակ աղջիկ, ով կփրկի մի ողջ դինաստիա…

Իմաստալից զրույցը շարունակելով՝ ես ու Արփինեն ուրախ-ուրախ մոտեցանք կակտուսներ վաճառող բարի պապիկին:

-Ախր, էնքա՜ն լավն են, որ չգիտեմ, թե որը ընտրել։

-Այ աղջիկ ջան, արդեն տասը րոպե է՝ հերթով բոլորին ուսումնասիրեցիր, կարո՞ղ է գաղտնի առաքելություն ունես… Կամ էլ երևի տիեզերքից ես եկել:

-Վա՜յ, չէ, ի՞նչ եք ասում, ուղղակի Սուկուլենտների աշխարհից…

-Չէ՜, չգիտեմ իրենց աշխարհի տեղը, բայց վստահ եմ՝ էլի ամեն ինչում Եվրոպան է մեղավոր, ի՞նչ են ուզում, չես հասկանում։

-Ներեցեք, բայց սխալվեցիք, Ամերիկայի ու Հարավային Աֆրիկայի անապատներին մեղադրեք, Եվրոպան ոչինչ չի արել։

-Է, փոքր ես, դեռ չես հասկանում… Լավ, ասա՝ տեսնեմ, ո՞րն ես ընտրում: Մի գաղտնիք ասեմ, որն էլ ընտրես, մեկ է, երկու շաբաթից արդեն կմոռանաս իր մասին, դեռ մի բան էլ վրայի փոշին էլ չես սրբի, ջրելն էլ… Հա՜, չնայած, հիմա գիտնականները պարապ նստած ամեն օր մի նոր սարք են հնարում։ Ոնց էլ չլինի, ջրելու սարքի բանաձևն էլ գտած կլինեն։

-Ես հաստատ չեմ մոռանա խնամել, անկեղծ եմ ասում (տեսնես այս մարդը մամայիս հետ տիեզերքի մեյլով կա՞պ է պահպանում. ոնց իմացավ, որ փոշիները չեմ սրբում… Է՜, մամ, քո մաքրասերների դինաստիան գնալով հզորանում է)։

-Ասացի չէ՝ դեռ փոքր ես… 75 տարեկան եմ, ու հենց աչքերս խոնարհում եմ այս փոքրիկ էակների վրա, կամ էլ բոված հացի վերջին կտորն եմ ծամում, կամ էլ թե` լուսաբացին եմ հետևում, այնքա՜ն հիշողություններ են գալիս, որ գլուխդ վերցրու ու փախիր ինչքան կարող ես հեռու… Այնքա՜ն դեմքեր, ձայներ, շշուկներ ու մտքեր կան, որոնց սպասում եմ, սպասում, որ կգան, որ ինձ մենակ չեն թողնի, որ չեն թողնի հիշողությունների ծովում՝ առանց փրկարար բաճկոնի… Միայնակ մնալը սարսափելի է, ամենասարսափելին։

Բայց ինչ արած, մարդիկ գալիս են, գնում, մոռանում նրանց, որոնց համար իրենց ներկայությունն ամենաթանկն է աշխարհում։ Գիտե՞ս, չեմ ցանկանա, որ իմ կակտուսներն էլ իրենց երբևէ մենակ զգան։

-Ես՝ որպես Սուկուլենտների արքայադուստր, խոստանում եմ, որ երբեք-երբեք նրանց ջրել չեմ մոռանա, միշտ կխոսեմ նրանց հետ, միայնակ չեմ թողնի, ու…

-Ու, ու վստահ եղիր, որ վերջում, դե՜, լավագույն դեպքում կակտուսներիս հետ միայնակ ես մնալու, հիշողություններից զատ ոչինչ չի մնալու… Հա՜, մեկ էլ թաքուն մի հույս, որ ինչ-որ տեղ ինչ-որ մեկի կամ ինչ-որ մարդկանց սրտի կամ մտքերի մութ, կամ էլ թե էլեկտրական լամպով լուսավորված անկյուններում պտտվում են այդ նույն հիշողությունները, որոնք ծնվում են քո հոգում։ Ու նրանք մտածում են քո մասին այնպես, ինչպես դու ես կարոտում նրանց։

-Մի տխրեք, Դուք միայնակ չեք։

-Չէ, մի լսի՛ր ինձ, մոռացիր ասածներս, ծերունիները ամեն ինչը չափից շատ են իրենց սրտին մոտ ընդունում: Երբ լինես իմ տարիքին, կհասկանաս ինձ… Իսկ հիմա, ահա, վերցրու ամենասիրուն կակտուսն ու դարձիր այդ քո նոր աշխարհի արքայադուստրը։