mariam yavrumyan

Կանգառում կկանգնեք

-Մա՛մ, ա՛յ մամ, ախր ասում էի, չէ՞, էս վարորդի դեմքը շատ ծանոթ է, հաստատ մեր շենքի բակում եմ տեսել,- հերթական անգամ մամայի նյարդային համակարգի վրա ազդելով բացականչեցի ես:

-Դե չգիտեմ, իսկ ընդհանրապես ինձ չի հետաքրքրում, թե նա ով է, միայն գիտեմ, որ շատ դանդաղ է վարում մեքենան:

Երևի հասկացաք, որ մաման կողմ է միայն գրական հայերենին ու դա է օգտագործում:

Ուֆ, էս մեծերին էլ ոչ մի բան չի հետաքրքրում: Հիմա, որ պարզվի` իրոք մեր շենքից ա, մամայի դուրը տեսնես կգա՞… Դեհ, չգիտեմ, էլ բարձր չեմ խոսի, մեկ է, ոչ ոք «բանի տեղ» չի դնում: Ավելի լավ կլինի, որ հարմար տեղավորվեմ նստարանիս ու «պատուհանից դուրս գամ` երևակայեմ»:

Սկզբում մտքերս սովորական էին, ասենք, գուցե էս մարդը երկու կերպարանք ունի (դա դեռ սովորական էր): Ըըը, իսկ ի՞նչ, եթե բանդիտ… Չէ, ուֆ…

Երևի Գոգոլի «Մեռած հոգիներից է»: Ա~, լավ հասկացա, հա, հաստատ Չիչիկովն է:

Հըմ, բայց էդ դեպքում ովքե՞ր են մեռած հոգիները, մե՞նք: Սկսեցի անհանգստանալ: Չեղավ, չեղավ, դիմեմ էս անզգույշ քայլին.

-Մամ, կարո՞ղ է մենք մեռած ենք, էդ էլ քիչ է` հոգի…

-Անիմաստ խոսելու համար մի հատ ես, գիտե՞ս:

Դե իրականում գիտեի, բայց հո չէի՞ խոստովանելու, գաղտնիք է… Լավ, «մեգաբայթեր» ունեմ հեռախոսիս մեջ, սպասեք` գուգլեմ: Մի րոպե, բայց ի՞նչը գուգլեմ, գրեմ. «Արդյո՞ք մենք մեռած հոգինե՞ր ենք», հա՞ որ:

Ընդհանրապես, էդ դասը վատ էր ազդել վրաս, անընդհատ անկապ խոսում էի, չնայած մաման ասում էր, որ մինչև կարդալն էլ էի էդպես: Ես չեմ հավատում նրան:

Մի վարկած էլ կա, հենց նոր եմ, է, վերջացրել «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիրքը, դեռ գրքի ազդեցության տակ եմ, ասում եմ` գուցե գրքի հերոս Չարլին է… Քանի դեռ չգիտեք, պատմեմ:

Ուրեմն Չարլին մտավոր հետամնաց տղա էր, սակայն բժիշկները որոշում են նրա IQ-ն եռապատկել: Ասեմ՝ ստացվում է, տղան դառնում է հանճար: Բայց միայն մի քանի օր: Հետո նրա IQ-ն վերադառնում է նախկինին: Նա հուսահատ ու ամոթով գնում է մի քաղաք, որտեղ իրեն չեն ճանաչում… Հիմա հասկացաք, չէ՞, ասում եմ` գուցե հենց այդ տղան է, եկել էստեղ վարորդ է դարձել…

Մեկ էլ հա, կանգառում կկանգնեք, Չիչիկով, Չարլի, մեր շենքի բնակիչ, ուղղակի վարորդ կամ իմ երևակայության զոհ…