Կանգառ Գագարին ավանի մոտ

Անընդհատ հետևելով Նիկոլ Փաշինյանի կայքէջին՝ տեղեկացա, որ ապրիլի 28-ին՝ սկսած ժամը 11։00-ից, Երևանից սկսվելու է ավտոերթը դեպի Իջևան, իսկ հետո՝ Վանաձոր։ Մեզ համար դա լավ հնարավորություն էր հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ առիթով ավանի բնակչությունը կրկին հավաքվեց մայրուղու մոտ, սակայն այս անգամ ոչ թե այն փակելու, այլ ուրախությամբ ավտոշարասյունը դիմավորելու համար։ Դե, Գագարին ավանի տաղանդավորների շարքը կրկին հավաքվեց զուռնա դհոլով, աղ ու հացով։ Անգամ գառ էին բերել, որոշել էին, որ պետք է մատաղ անեն Նիկոլի ոտքերի առաջ, սակայն նա թույլ չտվեց։ Ժամը 10։30-ին բոլորս արդեն կազմ-պատրաստ սպասում էինք Նիկոլ Փաշինյանին։ Անհամբերությունը մեծ էր ինչպես փոքրերի, այնպես էլ մեծերի մոտ։ Տիկին Վարդը՝ իմ հարցազրույցներից մեկի հերոսը, բանաստեղծություն էր գրել Նիկոլ Փաշինյանի մասին, որը ընթերցեց մեզ համար, սակայն ժամանակի սուղ լինելու պատճառով այն չհասցրեց ընթերցել պարոն Փաշինյանի ներկայությամբ, և այն ծրարով հանձնեց նրան։ Երբ ժամանեց պարոն Փաշինյանը, նրան դիմավորեցին ինչպես բացականչություններով, այնպես էլ կենդանի երաժշտությամբ և աղ ու հացով։ Սկսվեցին աշխույժ խոսակցությունները, ուրախ բացականչությունները։ Հատկապես լավ եմ հիշում ավանի բնակիչներից մեկի ելույթը՝ ուղղված մեր կառավարությանը.

-Հարգելի կառավարություն, մենք Ձեզնից ոչինչ չենք խնդրում, պարզապես ուզում ենք ապրել ազատ, անկախ և արդար երկրում։ Մենք արդեն գտել ենք մեր առաջնորդին և ուզում ենք նրա հետ միասին քայլելով առաջ անցնել։ Մենք ոչինչ չենք ակնկալում Ձեզնից, թողեք մենք մեր առաջնորդի հետ շարժվենք առաջ։

Թեև չէինք ցանկանում բաժանվել պարոն Փաշինյանից, նա շտապում էր, իսկ նրան սպասողները շատ-շատ էին։ Լավ եմ հիշում՝ հրաժեշտի պահին ինչ ասաց պարոն Փաշինյանը.

-Ժողովուրդ ջան, մենք արդեն հաղթել ենք։

Իսկական ղեկավարը նա է, ով վայելում է ոչ թե ժողովրդի ունեցվածքը, այլ ժողովրդի սերն ու հարգանքը։