khachikyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. կապի մեջ

Մի շաբաթ է, ինչ երևանյան միապաղաղ օրերը փոխարինվել են Դիլիջանի անհանգիստ կենսակերպով, դրան գումարվել է նոր մարդկանց հոսքը, ու ստացվել է ինչ-որ լուսավոր շրջան, որից դեռ կարգին գլուխ չեմ հանում: Հա, այսօր ճամբարի յոթերորդ օրն էր, յոթերորդ կամ էլ՝ վերջին:

-Երանի էսօր իրիկուն գնայինք:

-Ըսիգ գիժ է:

-Չէ,  ուղղակի մի ամիս ա՝ տանը չեմ եղել:

Մի ամիս չէ, բայց ես էլ տանը երկար չեմ եղել, և քանի որ ցանկացած բացակայություն իրենից հետո կարոտ է թելադրում, ես էլ կարոտել եմ և շատ:

Մեր տունը բարձրահարկի վերջին կանգառն է, որտեղից երևում են շենքեր, դրանցից այն կողմ՝ էլի նույնը: Չէ, ես սիրում եմ իմ քաղաքի գունավոր տանիքները, բայց ժամանակ առ ժամանակ պետք են լինում երկինքն ու նրանում կորած սարերը՝ ճիշտ և ճիշտ այստեղի պես, իսկ այստեղ, դե գիտեք, մենք ենք ու մեր 17.am-ը:

-Կլորնե՛ր, պտտվե՛ք:

-Մի՛ ժպտացեք, դուք ջղայնացած եք… Դե, իբր:

Անսովոր բան չկա, անիմացիայի նկարահանումներն են, որին շուտով կարոտելու ենք բոլորս: Ու կարոտելու ենք նաև իրար, ինքներս մեզ:

Մարդիկ կան, չէ՞, իրենց ներսում մեծ էներգիա ունեն, մտնում են սենյակ՝ լուսավորվում է, դուրս են գալիս՝ միանգամից նկատվում է: Կան, չէ՞, որ կան պարզապես, ու դա արդեն հերիք է:

-Մար, ո՞նց ես:

-Ընդիր, – պատասխանում է Մարիամն ու այնպես ժպտում, որ իմ ժպտալն էլ ինձնից անկախ գալիս է, և ես իսկապես զգում եմ այդ ընտիրը: Այ, այդ մարդկանցից է նա: Նա ու մեկ էլ պարոն Արան, որ կարծես «Գտնված երազի» հերոսը լինի՝ համբերատար ու ներող, բարի ու ժպտացող:

Հա, իսկ մոծակների մասին արդեն ասել եմ. հանգիստ չեն տալիս ոչ մեկիս ոչ ցերեկները, ոչ էլ առավել ևս` գիշերը։

-Ան, դու ո՞նց ես դիմանում կծածներին, – հարցնում եմ Անահիտին: Դե հա, համեմատած ինձ` իրեն ուղղակի քամել են։

-Ուրեմն` նայիր. չեմ մտածում իրենց մասին, աշխատում եմ չմտածել։ Էդ կծածները մարդկանց նման են. ժամանակ առ ժամանակ հիշեցնում են իրենց մասին, ցավեցնում, մեկ-մեկ վերքեր թողնում իրենցից հետո, սպիներ… Եսիմ, է։

Ու Անահիտը սա ասում ա ամենայն լրջությամբ, նույն ձև էլ ես եմ ընդունում։ Սկսում եմ հիշել, թե ինչքան մարդ կա, մտածել` քանի անգամ ավել վերքեր, սպիներ… Ու գիտե՞ք  ինչ. մոծակները ու իրենց հետքերը իրականում ամենափոքր ու աննշան բաներն են, որ կարող են պատահել մարդուն… Բայց սա մի կողմ:

-Ո՞ւր ենք գնում:

-Անտառ:

-Չէ հա:

-Հա, չէ՞:

Վերջին երկու տողը շաբաթվա հայտնի արտահայտությունն է, որ իմ ու Լիդուշի կողմից դարձել է ամենաշատ գործածվողը: Իսկ ինչ վերաբերում է անտառին, մենք իսկապես գնում ենք, շրջան ենք կազմում, խաղեր խաղում, խարույկ վառում, երգում, երգում և էլի…

«Լուսամփոփի պես աղջիկ», «Եթե իմանայիր», «Գինի լից», հետո Ադել, Զեմֆիրա, Բիթլզ… Հետո կեսգիշեր, կեսգիշերն անց ու…

-Վաղը քանիսի՞ն ենք շարժվում:

-Վա՞ղը:

…Արդեն այսօր ամեն բան խառնվեց իրար: Մի մասը անհոգ ընդունեց վերջը, մի  մասն էլ՝ լաց ու կոծով, ոնց օրակարգում էր գրված: Մարդուց է, գիտե՞ք, մեկը ամեն բանում սենտիմենտ է ստեղծում, մյուսը չի էլ մտածում՝ ինչ է բաժանումը: Բայց երկուսն էլ պետք են, երկուսն էլ՝ կարևոր:

-Դժվար ա բաժանվելը:

-Մեկ ա՝ էլի հանդիպելու ենք:

Հա, հանդիպելու ենք, եթե հավատում ենք, և եթե հավատում ենք, առավել ևս: Այ, օրինակ ես, երբ մի քանի ամիս առաջ Անահիտին պատմում էի 17.am-ի մասին, առաջարկում էի միանալ այդ նույն հանդիպման հույսով, իսկ այսօր արդեն իրար հրաժեշտ ենք տալիս կարոտի մի նոր շղթայի երկարաձգման սպասումով:

-Կապի մեջ:

-Կապի վերջ: