vahan chobanyan

Կապուտաչյա ավտոբուսում

Աշխատանքային պարտքս կատարած՝ իմ երազանքների 44 համարի կապուտաչյա ավտոբուսի շարժիչին կիսանստած-պպզած գնում էի հեռավոր Բանգլադեշ։ Ավտոբուսում հնչում էր «Ձեվըչկա ստոպ» ռուս-հայկական բարեկամության շալախոն։

Մեկ էլ չգիդեմ՝ որդիան որդի, ավտոբուս բարձրացավ «Վիվա1500» փաթեթի նվիրյալ մի կին, նախանձելի հարմարվելով շարժիչի վրա՝ կողքիս, նույն ջերմեռանդությամբ շարունակեց հեռախոսազրույցը։ Բայց դա երկար չտևեց։ Վերոնշյալ փաթեթի ոչ պակաս նվիրյալ վարորդը գերագնահատելով բարձրախոսների հնարավորությունը և փոքր-ինչ վրդովվելով՝ բարձրացրեց երաժշտության ձայնը։ Ուղևորի՝ ձայնն իջեցնելու խնդրանքին, վարորդը, կուլ տալով հուզմունք ու թախիծ, ասաց.

-Թող քիչ խոսան, զահլես տարան։

Այս խոսքի վրա ձեվըչկան, որ վաղուց կին էր, ստոպ տվեց, անջատեց հեռախոսը, դրեց պայուսակի մեջ, 100 դրամանոցը նետեց ու հիասթափված լքեց հասարակական տրանսպորտը։ Լարվածությունը շարունակվեց ևս մի հինգ րոպե, հետո ավտոբուսը խորը շունչ քաշեց, տեմպ տվեց ընթացքին ու «կանգառում կպահեք» օրինաչափությամբ ու առանց բախումների հասավ «կանեց»։