anush hovhannisyan

Կարապետյանից Հովհաննիսյան

Ամեն ընտանիք ունենում է իր անցյալն ու պատմությունը: Ոմանցը կապված է տիեզերական հարստության հետ, որը հիմա չկա, ոմանցը Ցեղասպանությունից է սկսվում, իսկ ոմանցն էլ ստալինյան դաժանությունների հետ է կապված:

Իմ պատմությունը եկել է Ցեղասպանությունից, իսկ հետո բռնադատվածության ծանր տարիների միջով անցել: Մինչ բռնադատվածությունը և աքսորի տարիները, մենք ունեցել ենք Կարապետյան ազգանունը, սակայն վերադառնալուց հետո ստիպված ենք եղել այն փոխել ու դարձնել Հովհաննիսյան: Բայց ինչպես հայրիկս է ասում` մեր արյան մեջ Կարապետյանն է ու կմնա:

Ինձ բախտ չի վիճակվել գիտակից տարիքում հանդիպել պապիկիս: Ես երկու տարեկան էի, երբ նա մահացել է: Երևի հենց դժվար կյանքը դարձավ պատճառը, բայց շատ կուզենայի, որ հենց նրանից լսեի իմ ընտաիքի տխուր անցյալի մասին: Ես այս ամենը լսել եմ հայրիկիցս, տատիկս էլ է շատ պատմել, բայց ամենաարժեքավոր հուշը, որ պահպանվել է, պապիկիս հոր ձեռագիր մատյանն է, որում պատմվում է, թե ինչպես են 1918 թվին կարողացել փախչել և փրկվել: Նա պատմում է, թե ինչպես իրենց վերջին հացահատիկն անգամ տվել են անասուններին, որ թուրքը չկարողանա դա իրենցից խլել: Նրանք փախել են, ու փրկվել է ողջ ընտանիքը, եկել ու հաստատվել են Թալինի շրջանի Արեգ գյուղում: Անցել են տարիներ, ու երբ պապիս հայրը իր սեփական ընտանիքն է կազմել ու մտածել, որ ամեն ինչ մնացել է հետևում, նա անգամ չի էլ պատկերացրել, որ մի դաժան ճակատագիր էլ իր երեխաներին է սպասվում:

1947 թվին վրա է հասել բռնադատվածությունն ու աքսորը: Չդիմանալով սիբիրյան ցրտին՝ պապիկիս երեք եղբայրները և քույրերից մեկը մահացել են: 6-7 տարի դիմանալուց հետո վերջապես նրանց արդարացրել են ու թույլ տվել վերադառնալ հայրենիք: Գալով հայրենիք՝ նրանք փորձել են հարմար հանգրվան գտնել ու սկզբում գնացել են Եղվարդ, հետո՝ Աշտարակ, իսկ վերջում եկել են Արմավիր ու մնացել հենց այստեղ: Պապիկս իր սեփական ուժերով կառուցել է մեր տունը, և երբ առաջին պատը կիսով չափ կանգնեցված է եղել, պապիկս հրաժարվել է ուրիշ տեղ գիշերելուց, ու ասել է, որ հենց այդ կիսատ պատն է իր տունը ու կմնա հենց այդտեղ: Օր օրի շատ դժվարությամբ կառուցել են մեր տունը, որը մինչ օրս կա, ու մենք հենց այդտեղ էլ բնակում ենք ու ամեն անգամ մեծ հպարտությամբ ենք պատմում տան կառուցման պատմությունը:

Պապիկս ինձ շատ է սիրել, քանի որ իր միակ աղջիկ թոռնիկն եմ եղել: Շատ են պատմում պապիկիցս, ու միշտ նույն պատմությունը լսելիս հուզվում եմ: Պատմում են, թե ինչպես եմ հազիվ խոսելով նրանից պաղպաղակի գումար խնդրել: Ասում են՝ բնավորությամբ էլ ենք նման: Դե հա, ես հայրիկիս պատճենն եմ, հայրիկս էլ՝ պապիկիս, ու ինչպես ասում են` պտուղը ծառից հեռու չի ընկնում: Ու քանի հիշում ենք և կարոտում, նրանք բոլորը մեզ հետ կլինեն ու կապրեն մեր մեջ: